
ՌԴ, Թուրքիա, Իրան ու Հյաաստան, Վրաստան, Ադրբեջան․ այս երկրները տարբեր շահեր և տարբեր ռազմավարական նպատակներ ունեն և հնարավոր չէ տարածաշրջանային էական հարցեր լուծել 3+3 հարթակում, համոզված են փորձագետները, թեև Իրանի արտգործնախարարի օգնականն ու Իրանում Ռուսաստանի դեսպանը խոսում են «3+3 խորհրդատվական հարթակում» առաջիկա հանդիպման մասին։
Իրանի արտգործնախարարի օգնական, Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուի ու Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հանդիպման ժամանակ կարևորվել է «3+3 խորհրդատվական ձևաչափով» հարթակում առաջիկա հանդիպումը։
Դեդովը ընդգծել է տարածաշրջանի երկրների հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը՝ խնդիրները լուծելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման և տնտեսական ծրագրերի իրականացման համար՝ նկատի ունենալով բոլոր կողմերի շահերը։
Ռուսաստանն ու Իրանը տարածաշրջանային «3+3 ձևաչափով հարթակի» նկատմամբ հետաքրքրություններ ունեն, ինչը որոշակի մտավախություններով է պայմանավորված, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արա Պողոսյանը։
«ՌԴ և Իրանը «3+3»–ի նկատմամբ ունեն ընդհանուր հետաքրքրություն, և այդ հետաքրքրությունն այն մտավախությամբ է պայմանավորված է, որ Արևմուտքն իր ձեռքն է վերցնում նախաձեռնությունը տարածաշրջանում, և ՌԴ ու Իրանը կարող են դուրս մնալ տարածաշրջանային գործընթացներից, հետևաբար ՌԴ ու Իրանը ստեղծված իրավիճակում կարող են ունենալ ընդհանուր կոնսենսուս՝ տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանային պլատֆորմով լուծելու համար»։
Քաղաքագետ Պողոսյանը, սակայն նկատում է, որ պետք է հաշվի առնել, որ այսօր ավելի նկատելի է Արևմուտքի ազդեցությունը Հայաստանի ու Ադրբեջանի վրա, ու սրան զուգահեռ նաև որոշակի ջերմացում է նկատվում թուրք-արևմտյան ու թուրք-ամերիկյան հարաբերություններում, ինչը նշանակում է, որ տարածաշրջանային «3+3 հարթակը» երկար կյանք չի կարող ունենալ ․
«Եթե նման հանդիպում տեղի ունենա դա պայմանավորված կլինի Ադրբեջանի ցանկությամբ, և եթե Ադրբեջանը պնդի, որ այդ հանդիպումը տեղի ունենա, կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները կհամաձայնեն։ Բայց անկախ նրանից, այդ հանդիպումը տեղի կունենա թե ոչ, այս հարթակում ես չափազանց քիչ հավանական եմ համարում որևէ էական հարցի լուծում։ Այս հարթակը կարող է մնալ խորհրդակցական հարթակ, կարող է ժամանակ առ ժամանակ հանդիպումներ կազմակերպել՝ լավագույն դեպքում, բայց այս պահին այն ի զորու չէ տարածաշրջանում կոնսենսուսային լուծում գտնելու, նախ այն պատճառով, որ «3+3» հարթակի ներսում երկրները ունեն տարբեր շահեր և տարբեր ռազմավարական նպատակներ, հետևաբար այս նպատակների մերձեցումը չափազանց քիչ հավանական է»։
Նա Վրաստանի մասնակցությունը «3+3» հարթակում հանդիպմանը քիչ հավանական է համարում։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, սակայն միանգամայն հնարավոր է համարում Վրաստանի մասնակցությունը հանդիպմանը, քանի որ կարծում է, որ Թբիլիսին կարող է հոկտեմբերին փոխել դիրքորոշումը և միանալ հարթակին։ Ժամանակին, երբ Թուրքիայի առաջարկով ստեղծվեց «3+3» հարթակը, որը ներառում է հարավկովկասյան երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, ու նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, Թբիլիսին հրաժարվեց դրան մասնակցելուց, սակայն Վրաստանի արտաքին քաղաքական ուղղության փոփոխության պայմաններում փորձագետներից ոմանք հնարավոր են համարում այդ երկրի մասնակցությունը «3+3»-ի հանդիպումներին։ Միքայելյանը, սակայն, նկատում է, որ այսօր նախադրյալներ չկան «3+3 հարթակի» գործարկման համար։ Այդ հարթակի գոյության հարցում շահագրգռված են Ռուսաստանն ու Իրանը, բայց պետք է մի կարևոր նկատառում ևս հաշվի առնել ․
«Եթե մինչև 2020 թ ՌԴ դիրքերը ամուր էին տարածաշրջանում, և ՌԴ որևէ հետաքրքրվածություն չուներ կիսելու այս տարածաշրջանը Թուրքիայի ու Իրանի հետ, ապա այժմ, երբ Թուրքիան դե ֆակտո հաղթել է ՌԴ-ին այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական պայքարի ընթացքում, ապա ՌԴ պատրաստ է այդ գործընթացին, սակայն Թուրքիայի կողմից հիմա այդքան հետաքրքրվածություն չկա։ Տեղերով փոխվել են, և հիմա ՌԴ–ն խնդրում է Թուրքիային, որ իր դերը ֆիքսվի։ Նախադրյալներ չկան, որ դա (3+3) իրագործվի, սակայն եթե խոշոր տերություններն են դա ուզում, ապա հնարավորությունների սահմաններում դա իրագործելու են»։
«3+3» խորհրդատվական ձևաչափի առաջիկա հանդիպման մասին խոսելով հստակեցնենք, որ այն միտված է տարածաշրջանի անվտանգությանը, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող հարցերի լուծմանը։ Սակայն կարևոր է, ըստ քաղաքագետի, նկատել, որ այս ձևաչափով արդեն կայացած հանդիպումներից Հայաստանը դժգոհ էր, քանի որ հանդիպումներին չէր մասնակցում Արևմուտքը։ Բացի այդ, Թուրքիայի դերը այս ֆորմատով հանդիպումներով ֆորմալացվում է, ինչը ՀՀ վրա չի կարող է ռիսկային ազդեցություն չունենալ։




