
Հայաստանում այս տարի 16 տարեկան 2 երեխա է ամուսնացել։ Միտումը, ըստ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանի, դրական է. 2021-ին 16 տարեկանների 5 ամուսնություն է եղել, 2022 -ին` 4, 2023-ին` 3։ Սակայն օրենքը սա պետք է առհասարակ արգելի՝ կարծում են ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, որոնց քննարկման առարկան այսօր Ռուստամ Բաքոյանի առաջարկած օրենքի փոփոխություններն էին․ դրանցով ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանվում է 18 տարեկանը:
«Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով դեռ նախորդ գումարման ԱԺ-ում մի շարք քննարկումներ ենք կազմակերպել, հանդիպել ենք մասնագետների, այս տարի գարնանն արդեն նաև խորհրդարանական լսումներ ենք կազմակերպել, լսել ոլորտի պատասխանատուներին, ինչպես նաև հրավիրել ենք ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, որոնց համայնքներում ռիսկերը բավականին մեծ էին, լսել նաև նրանց»։
Եզրակացությունն այն է, որ անհրաժեշտ է բարձրացնել ամուսնությունների տարիքային շեմը՝ այդպիսով ցույց տալով պետության հստակ դիրքորոշումը՝ երեխաները չպիտի ամուսնան, առավել ևս՝ երեխա ունենան։ Գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: 16 տարեկանում ամուսնությունները ևս թույլատրելի են, եթե առկա է ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձն առնվազն 18 տարեկան է: Առաջարկվում է բացառել այս բացառությունները։
«Սակայն դրանց բացառումը միայն սույն իրավական ակտերի ընդունմամբ չի կարող իրագործվել, և պահանջվելու է նաև հետևողական աշխատանք իրավակիրառ մարմինների կողմից։ Այնուամենայնիվ, օրենքով սահմանելով ավելի բարձր տարիքային շեմ, էականորեն սահմանափակում ենք երեխաների օրինական կերպով ամուսնանալու հնարավորությունը»։
Վիճակագրական տվյալներով՝ 2021-ին 17 տարեկանների՝ 49, 2022 -ին` 26, 2023 -ին` 24, 2024 թ. 9 ամուսնություն է գրանցվել։ 18 տարեկանների դեպքում այդ թվերը համապատասխանաբար 135, 155, 55, իսկ այս տարի՝ արդեն 84 են։ Սակայն հանձնաժողովի անդամներն ավելի մտահոգիչ են համարում այն, որ այս ամուսնություններից հետո անմիջապես երեխաներ են ծնվում։ 17-ամյա դեռահասների շրջանում արձանագրված 23 ամուսնությունից 23 երեխա է ծնվել, 18 տարեկանների 56 ամուսնությունից` 56 երեխա, իսկ 16 տարեկանների ամուսնությունից արդեն երկու երեխա։ Ասում են՝ մեծ է հավանականությունը, որ ոչ թե հղիությունն ամուսնության հետևանքն է, այլ ամուսնությունը՝ հղիության։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանին հետաքրքրում է՝ եթե ամեն դեպքում փաստացի ամուսնություն լինի, երեխա ծնվի, ի՞նչ է տեղի ունենալու։
«Երեխայի ծնունդը գրանցվում է, բայց ամուսնությունը՝ ոչ, էս դեպքում մեր համապատասխան մարմինները պետք է շատ ավելի խիստ վերաբերվեն, որ խնդիրը կարողանանք լուծել։ Այդ մարդիկ պայմանական պատիժ են կրում, հետևելու ենք, որ ավելի խիստ լինեն համապատասխան մարմիները այս հարցում»։
Պատասխանը, սակայն, Գեղամ Նազարյանին չի բավարարում։ Վստահ է՝ օրենքն անարդյունք է, եթե մեղմ է և մանևրելու հնարավորություն տվող։
«Եթե մենք ասում ենք՝ սիրելի հայրենակիցներ, դուք կարող եք էլի ամուսնանալ մինչև չափահաս դառնալը, երեխա ունենալ ու դուք խնդիր չեք ունենալու, գրանցելու ենք ձեր երեխային, ձեր երեխան ձեր մոտ է մնալու, ոչ մի ազդեցություն չի ունենալու։ Ինչ-որ մարդ որոշելու է, որ իր աղջկան 15 տարեկանում ամուսնացնելու է, առողջական հետևանքների մասին չի էլ մտածում, որովհետև ասում է՝ դե իմ տատն էլ է 14-ում ամուսնացել, իմ տատի տատը 12-ում է ամուսնացել, ի՞նչ է եղել որ։ Եթե մենք գործնականում որևէ հետևանք էդ ընտանիքի համար չենք թողնում, շարունակելու են ամուսնանալ։ Ես չեմ ասում՝ հասնենք նրան, որ էդ երեխային վերցնենք մինչև չափահաս դառնան նոր տանք իրենց, բայց գոնե մի հսկայական տուգանք չսահմանե՞նք, որ հասկանա՝ ծանր բանի տակ են մտնում»։
Հանձնաժողովի անդամներն, ամեն դեպքում, հավանություն տվեցին առաջարկված փոփոխություններին, ընդունելով՝ սրանք անհրաժեշտ են, բայց ոչ բավարար։ Նախագիծը կներկայացվի ԱԺ լիագումար նիստի քննարկմանը։




