
Մեծ Բրիտանիան անհապաղ կկասեցնի Իսրայելի հետ զենքի արտահանման իր 350 լիցենզիաներից 30-ը, քանի որ վտանգ է տենում, որ նման զինատեսակները կարող են օգտագործվել միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների համար, հայտարարել է արտգործնախարար Դեյվիդ Լամմին, հայտնում է Reuters-ը։
Լամմին ասել է, որ լիցենզիաները կասեցնելու որոշումը չի նշանակում սպառազինությունների ընդհանուր արգելք կամ էմբարգո, այլ վերաբերում է միայն այն զինատեսակներին որոնք կարող են Գազայում օգտագործվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող հակամարտության մեջ:
«Մենք, իհարկե, գիտակցում ենք, որ Իսրայելը պետք է պաշտպանվի անվտանգային սպառնալիքներից, սակայն մեզ խորապես անհանգստացնում են Իսրայելի կիրառած մեթոդները,
նաև քաղաքացիական զոհերի և հատկապես քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման մասին հաղորդումները», — ասել է Լամմին խորհրդարանում:
Հուլիսին կայացած ընտրություններում Լեյբորիստական կուսակցության հաղթանակից անմիջապես հետո Լամմին հայտարարել էր, որ կթարմացնի Բրիտանիայի դաշնակից Իսրայելին զենք վաճառելու մասին պայմանագրերը, որպեսզի համոզվի, որ դրանք համապատասխանում են միջազգային իրավունքին:




