ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կորուստ, անորոշություն ու մեծ մարտահրավերներ. Արցախի անկախության հռչակումից 33 տարի անց

Սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրն է։ 33 տարի առաջ այս օրը՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում Արցախի մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի պատգամավորներն ընդունեցին Արցախի անկախության հռչակման և պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին փաստաթուղթը՝ փաստացի հռչակելով Արցախի անկախությունը Խորհրդային Միությունից։ Երկու ամիս անց տեղի ունեցավ հանրաքվե, որտեղ Արցախի բնակչության 99,89%-ը քվեարկեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին։ 2020-ի 44-օրյա պատերազմից, 9–ամսյա շրջափակումից ու 2023–ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո Արցախը հայաթափվեց։ Օրվա կապակցությամբ այսօր Արցախի նախկին ղեկավարությունն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել նաև Արցախի մշտական ներկայացուցչությունում։

Կորսված Արցախ, մեծ մարտահրավերներ ու անորոշություն՝ այս ամենով է առանձնանում Արցախի անկախության օրը՝ դրա հռչակումից 33 տարի անց, բայց արցախցիները շարունակում են պայքարել իրենց իրավունքի և ապագայի համար՝ փայփայելով հույսը, որ մի օր նորից կապրեն իրենց հայրենիքում։

Արցախ վերադարձի հարցը մշտապես օրակարգում է, դրա համար բազմաթիվ տարբերակներ ու առաջարկներ կան, արցախցիներն էլ ցանկանում են վերադառնալ իրենց հայրենիք՝ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։  

«Պարբերաբար շփվում ենք և քննարկում ենք հնարավոր վերադարձի հետ կապված հարցերը։ Բազմաթիվ են տարբերակները, առաջարկները։ Ուզում եմ  նշել, որ արցախցիները մեծ ցանկություն ունեն վերադառնալ, շենացնել իրենց հայրենիքը, հայկական դարձնել Արցախը, սակայն մենք պետք է պատրաստ լինենք և մեր վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքներով, արժանապատիվ, արդարացի և ամենակարևորը՝ մենք պիտի ապահով զգանք մեզ մեր հայրենիքում, եթե այդ չափանիշները ապահովեն, մենք պատրաստ ենք նաև բանակցել էդ հարցերի շուտափույթ լուծման համար»։  

Վերադարձն այն տեսլականով, որն այսօր ներկայացվում է, անիրատեսական և Հայաստանի պետական շահերին հակասող է համարում Հայաստանի վարչապետը։  Նիկոլ Փաշինյանն այս դիտարկումն արել է  սեպտեմբերի 31-ի  ասուլիսում։

Փաշինյանի հետ Արցախի հայաթափումից հետո Շահրամանյանը  չի հանդիպել, որևէ առաջարկ չի ներկայացրել Հայաստանի կառավարությանը։ Վերադարձն արցախցիների իրավունքն է՝ համոզմունք է հայտնում նախկին նախագահը։ Արձագանքելով  դիտարկմանը, որ հենց ինքն է ստորագրել Արցախի լուծարման փաստաթուղթը. Շահրամանյանը նշում է՝ որդեգրել են այն քաղաքականությունը, որ առաջնահերթություն է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։

«Ուզում եմ տեղեկացնել մեր հանրությանը, որ հենց սկզբից մենք տեղյակ էինք, որ այդ փաստաթուղթը հակասահմանադրական է, հակաօրինական է։ Այդ փաստաթուղթը չի ստացել իրավական ուժ, այն պաշտոնապես չի հրապարակվել, չի տեղադրվել իրավական համակարգում , որից հետո կարել էր այդ փաստաթուղթը միայն նոր համարել նորմատիվ ակտ»։

Թե ինչպես է պատկերացնում Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելը, Շահրամանյանը պատասխանում է.

«Արցախի ժողովրդի անունից առնվազն վերջին տասնամյակների ընթացքում մշտապես բանակցել են ՀՀ իշխանությունները, և մենք համարում ենք, որ Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելը ևս ՀՀ իշխանությունների խնդիրն է։ Մենք պատրաստ ենք այդ հարցում համագործակցել բոլոր շահագրգիռ կառույցների հետ»։

Արցախահայերի վերադարձի իրավունքն ամրագրված է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ՝ նկատում է Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Վերադարձի իրավունքն առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման կամ դրա հետ փոխկապակցման, ուղղակի, անհնար է։ Հակառակ պարագայում՝ 5-6 օրվա ընթացքում չէինք ունենա դատարկված Արցախ»։  

Քանի դեռ հարցը չկա բանակցությունների օրակարգում, թեմայի շուրջ կոնկրետ մեխանիզմների մասին խոսելն անիմաստ է՝ հավելում է Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ այս փուլում գուցե անիրատեսական է վերադարձի մասին խոսելը, բայց ինքն անձամբ, հազարավոր արցախցիների նման  չի պատրաստվում հրաժարվել այն իրավունքից, որն արձանագրվել է միջազգային դատական ատյանի կողմից։

Կարդացեք նաև

Back to top button