ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Ընտրությունների ցածր մասնակցությունը Ալիևի ռեժիմի նկատմամբ անտարբերության, անհանդուրժողականության դրսևորում է․ փորձագետ

Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ինչպես և կանխատեսվում էր, ձայների մեծամասնությունը հավաքել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը, իրական ընդդիմությունը խորհրդարանում տեղ չունի, իսկ ընտրությունները բոյկոտած ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդը կոչ է անում միջազգային հանրությանը չընդունել արդյունքները, քանի որ դրանք ընթացել են բազմաթիվ կոպիտ խախտումներով։ Ադրբեջանի խորհրդարանն ունի 125 պատգամավոր, որոնք ընտրվում են մեծամասնական ընտրակարգով։ Ընտրողների մասնակցության շեմ չկա, հետևաբար, ընտրությունները բոլոր դեպքերում կհամարվեն կայացած:

Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, միջազգային հանրությունը աչք կփակի Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընդդիմության կողմից արձանագրված ընտրախախտումների վրա, համոզված է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։ Բանն այն է, որ մինչ Ադրբեջանի ԿԸՀ հայտարարում է, որ Իլհամ Ալիևի «Ենի Ադրբեջան» կուսակցությունը ձայների նախնական հաշվարկներով խորհրդարանի 125 մանդատներից կզբաղեցնի 68-ը, ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատը», որը բոյկոտել էր ընտրությունները, հայտարարում է բազմաթիվ ընտրակեղծիքների մասին՝ միջազգային հանրությանը կոչ անելով չճանաչել ընտրությունների արդյունքները։

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյան․ «Այս պահի դրությամբ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, նաև լարվածությունը, որևէ լուրջ միջազգային կառույց ականջալուր չի ադրբեջանցի ընդդիմադրի կոչին, առավել ևս, որ Ալիևի 2020 թվականի պատերազմից հետո վարած արտաքին քաղաքականությունը Կովկասում պսակվում է հաջողությամբ և ի շահ Ադրբեջանի»։

Սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում է, որ ընտրատեղամասերից մեկում քաշքշոց ու ծեծկռտուք է, լարված մթնոլորտ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է վստահված անձը հեռախոսով հարվածում ընտրողի դեմքին։

«Ադրբեջանի ժողովրդական ճակատի» առաջնորդ Ալի Քարիմլին հայտարարում է, որ Ալիևն ամբողջությամբ ավերել է ընտրական ինստիտուտն Ադրբեջանում։

«Իրականում երկրում կա միայն մեկ ընտրող և կարող են «ընտրյալներ» դառնալ միայն նրանք, որոնք արժանացել են Ալիևի հավանությանը»,- նշում է նա։ Ընդդիմության մի մասը հրաժարվել է մասնակցել ընտրություններին, հստակ իմանալով դրանց արդյունքը։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը համոզված է, որ միջազգային հանրությունը կանտեսի ընդդիմության կոչերն ու պահանջները․

«Միջազգային հանրությունը ձեռնպահ կմնա նման հորդորներից, և ես կարծում եմ, որ շատ դեպքերում աչքերը փակ կընդունի ընտրությունների արդյունքները, քանի որ կա ընկալում, որ գործող իշխանությունների հանդեպ չկա որևէ խնդրահարույց իրավիճակ, որով կփորձի միջազգային հանրությունը կամ որևէ երկրի ղեկավար անհամաձայնություն հայտնել, եթե անգամ գիտակցի, որ ընտրախախտումներ տեղի են ունեցել»։

Փորձագետը շեշտում է, որ Ադրբեջանում իրական ընդդիմության անդամները վաղուց ձերբակալված են, իսկ ընտրություններին մասնակցած այսպես կոչված ընդդիմադիրները գրպանային ընդդիմադիրներ են և կատարում են Ալիևի կամքը։ 125-ից մնացած 57 մանդատները կտրամադրվեն կառավարությանն աջակցող թեկնածուներին, համոզված են փորձագետները։

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը 15 տարվա մեջ առաջին անգամ է մասնակցել ընտրություններին, և ըստ նախնական տվյալների, խորհրդարանում ներկայացված չի լինի։ Այդ կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին արդեն հայտարարել է, որ չի հավատում ընտրությունների արդարությանը, քանի որ դրանք ժողովրդավարական պայմաններում չեն անցել և արձանագրվել են բազմաթիվ խախտումներ։

Առանձին ուշադրության է արժանի ընտրողների սակավ մասնակցությունը։ 10 միլիոնանոց երկրի 6.5 մլն ընտրողից քվեարկությանը մասնակցել է մոտ 2 մլն –ը կամ ընտրողների մոտ 37 տոկոսը, ինչը խոսում է ընտրությունների նկատմամբ բնակչության անտարբերության մասին, ասում է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը․

«Ակնկալել, որ Ադրբեջանում կլինի հավասար պայքար, կամ հավասարին մոտ պայքար՝ հեքիաթների շարքից է։ 37 տոկոսը բավականին ցածր է, գրեթե համահավասար է ՏԻՄ ընտրությունների մասնակցության տոկոսային չափին, ինչը խոսում է այն մասին, որ բնակչության մոտ վստահություն չկա, թե կարող են քաղաքական օրակարգի վրա ազդել իրենց քվեով»։

Դավիթ Կարապետյանի գնահատմամբ՝ ընտրություններին բնակչության քիչ մասնակցությունն արդեն գնահատական է․ «Չմասնակցությունն ընկալում եմ նաև ժողովրդի կողմից անհանդուրժողականության դրսևորման ձև։ Եթե քաղաքացին կամքը չի արտահայտում, դա ևս դիրքորոշում է։ Եթե չի մասնակցում, նշանակում է, որ արհամարհական կամ ապատիկ ֆոն է նրա համար»։

Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն ընթացել են առանց ԵԽԽՎ դիտորդների ու երկրում մամուլի և իշխանության քննադատների աննախադեպ հետապնդումների պայմաններում։ Սակայն տեղում ընտրություններին հետևող ԱՊՀ դիտորդներն արձանագրում են, որ առաջին անգամ Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարական սկզբունքներին, ընտրական օրենսդրությանը և երկրի Սահմանադրությանը։

ԵԽԽՎ պատգամավոր Ֆրանկ Շվաբեն ադրբեջանական Meydan.TV տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը խարխլում է Եվրոպայի Խորհրդի հեղինակությունը, երբ չի հրավիրում ընտրություններին իրենց դիտորդական առաքելությանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձել է ընտրություններին հրավիրել միայն հավատարիմ դիտորդների ու լրագրողների։

BBC-ն էլ հիշեցնում է, որ դեռ երկու տարի առաջ վերլուծաբանները զգուշացնում էին, որ եթե Եվրոպան Ադրբեջանում ռուսական գազին այլընտրանք չգտնի, դա կարող է այդ երկրի իշխանություններին ազատություն տալ նոր ռեպրեսիաների համար:

Կարդացեք նաև

Back to top button