
Անցած ուսումնական տարում միասնական քննություններին Արմավիրի մարզից մասնակցած դիմորդների 73 տոկոսն է ընդունել բուհ, որից 12,9 տոկոսը՝ անվճար: Միասնական քննությունների արդյունքների վերլուծությամբ հիմնական առարկաների՝ «Հայոց լեզվի», «Մաթեմատիկայի» և «Հայոց պատմության» միջին միավորը տատանվում է 10-12-ի միջև, իսկ բնագիտական առարկաներինն ավելի ցածր է: Այս մասին Արմավիրի մարզի դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ ասել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:
Նորավան գյուղի դպրոցում առաջին դասարանցիները 12-րդցիների ձեռքն ամուր բռնած կանաչ գորգի վրայով անվստահ քայլերով մտան դպրոց: Կանաչ գորգը նրանց նոր կյանքի ուղենիշն է: Դասարանները կահավորված են, աշակերտական նստարաններին գրաճանաչության առաջին դասագիրքն է: Անցած տարվա համեմատ այս տարի 5 աշակերտով պակասել է Նորավանի առաջին դասարանցիների թիվը՝ ասում է դպրոցի տնօրեն Հովհաննես Ստեփանյանը:

«Այս տարի առաջին դասարան է հաճախում 17 աշակերտ: Բոլոր դասագրքերով ապահովված են, աշակերտներին տրվել են դասագրքերը և նորմալ, իր հունով դասընթացը սկսվել է: Նախորդ տարվա համեմատ առաջին դասարանցիները քիչ են, բայց երեխաները նաև Արմավիր քաղաքից են, միայն Նորավանից չեն»:
Նորավանի դպրոցը մոտ է Արմավիր քաղաքի ծայրամասային թաղամասերին: Արմավիրի մարզում առաջին դասարանցիների ընդհանուր թիվը պարզ կլինի 10 օրից։ Անցած ուսումնական տարում առաջին դասարան էր ընդունվել 3611 աշակերտ: Դպրոցականների մի մասն այս տարի նոր դասագրքեր կունենա, մի քանի առարկաններ կդասավանդվեն հին գրքերով՝ դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
«Բոլոր դասագրքերը, որոնք երաշխավորվել են, տպագրվել ու բաշխվել են դպրոցներին, բայց որոշ առարկաների մասով դասագրքեր կրկին չունենք: Դրանք հիմնականում օտար լեզվի առարկաներն են, որոնցով չեն ներկայացվել դասագրքեր կամ, եթե ներկայացվել են, ապա շատ թույլ են եղել, նույնիսկ լրամշակումից հետո չեն հաստատվել»:

Հին դասագրքերով են ուսանելու ռուսաց լեզվի 2-րդ, 8-րդ և 10-րդ դասարանները, ֆրանսերենի 5-ից 8-րդ և 10-րդ դասարանները: 10-րդցիները չունեն նաև քիմիայի ու կենսաբանության դասագրքեր:
«Չունենք 7-8 դասարանների «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի գրքերը: Նույն հեղինակն էր մի գիրք ներկայացրել, բայց նույնիսկ լրամշակումից հետո չի հաստատվել, որովհետև գիրքը չէր համապատասխանում մեր ստանդարտներին: Բայց հաշվի առնելով, որ այս առարկայի չափորոշիչի ծրագիրն ամբողջությամբ փոխվել է, չենք կարող հին դասագրքերը բաժանել: Դրա համար էլեկտրոնային շտեմարանում տեղադրված են Տավուշում կիրառված ուսումնական նյութերը, որոնք կկցվեն էլեկրոնային մատյաններին»:
Անցած ուումնական տարում Արմավիրի մարզի միջնակարգ դպրոցներն ունեցել են 1268 շրջանավարտ, որոնց մի մասը ընդունվել է բուհ: Նորավանի դպրոցի 12 շրջանավարտներից վեցն են ընդունվել բուհ, 3-ը՝ անվճար:

Դպրոցի տնօրեն Հովհաննես Ստեփանյան. «Մեկ աշակերտ ընդունվել է Պոլիտեխնիկական համալսարան, 3-ը՝ ԵՊՀ, և երկուսը՝ Վ. Բրյուսովի անվան համալսարան»:
Արմավիրի մարզում միասնական քննություններին մասնակցել է 1052 դիմորդ, որից առաջին փուլով ընդունվել է 678 դիմորդ, 2-րդ փուլով՝ 90: Ընդհանուր առմամբ դիմորդների 73 տոկոսն է բուհ ընդունվել: Վերլուծելով միասնական և ավարտական քննությունների արդյունքները, ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվարջյանը դիտարկում է՝ հիմնական առարկաների՝ «Հայոց լեզվի», «Մաթեմատիկայի» ու «Հայոց պատմության» գնահատականներն ավելի ցածր են: Ամենաբարձր միավորները ստացել են վարժարանների, հետո ավագ ու միջնակարգ դպրոցների շրջանավարտները:
«Այս տարի չափորոշիչը ներդրվում է նաև ավագ դպրոցի 10-րդ դասարանում, որը նաև հնարավորություն է տալու միջնակարգ դպրոցների երեխաներին արդեն խմբային ուսուցում կազմակերպել ու խորացված տարբեր առարկաներ ուսումնասիրել: Հուսով ենք, որ այս հնարավորությունը փոխելու է ընդհանուր պատկերը և մենք ունենալու ենք նաև միջնակարգ դպրոցներում գրանցված լավ արդյունքներ»:

Նոր չափորոշիչներն առաջինը կիրառվել են Տավուշի մարզի դպրոցներում, քննությունները հանձնել են նախագծային աշխատանքի կամ թեստի միջոցով: Փորձնական ձևաչափ է կիրառվել՝ «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաների քննությունը միացվել է ու հանձնվել էսսեների միջոցով, որտեղ գնահատվել է միայն միտքը:
Նորավանի դպրոցի տնօրեն Հովհաննես Ստեփանյան. «Էսսեն ունի հստակ ձևաչափ, պիտի ունենա նախաբան, այսինքն՝ ներածություն, որտեղ ֆիքսվում է, թե ինչի մասին է դա, այնուհետև պետք է ունենա իր հիմնական բովանդակային մասը և վերջաբանը, որտեղ էլ ամբողջ միտքդ պետք է ավարտես: Վերջաբանում ներկայացնում ես քո կարծիքն ու տեսակետը»:
Հովհաննես Ստեփանյանի խոսքով՝ նոր չափորոշիչները հեշտացնում են ուսումնական գործընթացն ու հետաքրիր դարձնում առարկայի ուսումնասիրությունը, աշակերտին հնարավորություն տալիս խորացված ուսումնասիրելու նախընտրած առարկան:
«Մենք նախկինում չենք ունեցել նախագծեր, խմբակները գումարի հետ կապված են եղել: Այսինքն՝ այն բոլոր հմտություններն ու կարողությունները, որոնք պիտի կարողանայինք ապահովել, երբեմն ֆինանսի, կամ երբեմն չունենալու պատճառով չէինք կարողանում անել, իսկ այսօր այդ հնարավորությունը տրված է»:
Արմավիրի մարզի մի շարք գյուղերում ուսուցիչների թափուր հաստիքներ կան, որոնք պետք է համալրել մրցույթով: Անցած ուսումնական տարում բացառություն է արվել Արցախից տեղահանված ուսուցիչների համար՝ ասում է Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը:
«Լեռնային Ղարաբաղից, երբ մեր հայրենակիցները եկան, նրանց թվում շատ էին ուսուցիչները, և մենք շատ ենք իրենց աջակցել: Կառավարության կողմից մշակվել էր գործուղման ձևը, նրանք գործուղվեցին դպրոցներ: Այսինքն՝ մենք ընդհանուր շատ թափուր հաստիքներ ունենք: Օրինակ՝ Արգինակում ունենք հոգեբանի, ուսուցչի օգնականի կարիք, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի ուսուցչի, ֆիզիկայի լաբորանտի»:
Թափուր տեղերը համալրվելու են մրցութով, որի մասին հայտարարությունները տեղադրվում են մարզպետարանի կայքում և դպրոցների էջերում:




