
Մենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հարցը համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը և դա ներքին օրակարգի մաս է՝ պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին՝ ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի Սահմանադրության հետ կապված հարցը կրքեր է առաջացրել թե՛ երկրից դուրս, թե՛ երկրի ներսում։ Սահմանադրության փոփոխության հետ կապված հարցին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում շեշտել է․
«Մենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հարցը համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը, և դա ներքին օրակարգի մաս է»։
Ինչ վերաբերում է Սահմանադրության առաջացած կրքերին, ավելի հստակ՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին. Փաշինյանը հակադարձում է.
«Ասենք, մեզ մեղադրել Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ ունենալու մեջ՝ քողարկելու համար իրենց Սահմանադրության մեջ տարածքային պահանջներիչ փաստը»։
Ի տարբերություն Հայաստանի Սահմանադրության՝ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, սակայն հայկական կողմը Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի դնում այս փուլում, քանի որ Խաղաղության պայմանագրի նախագծի՝ արդեն իսկ համաձայնեցված հոդվածներն այդ հարցն ամբողջությամբ լուծում են՝ հայտարարում է վարչապետը։
Խոսքը պայմանագրի համաձայնեցված այն կետի մասին է, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ այդ պայմանագրի դրույթները չկատարելու համար:
Որպես ներքին օրակարգի հարց՝ Սահմանադրության համար վարչապետը երկու խնդիր է կարևորում։
«Ինձ համար կարևոր է, որ Սահմանադրությունը լինի քաղաքացիների միջև ձեռք բերված պայմանավորվածության, պետության բնույթի և էության մասին։ Սա է սկզբունքային հայեցակարգը։ Եվ երկրորդը, որ Սահմանադրությունը ազատ, արդար, թափանցիկ քվեարկությամբ պետք է ընդունված լինի քաղաքացիների կողմից»։
Ըստ Փաշինյանի՝ միանգամայն հստակ են այդ երկու սկզբունքները, որպես իր և իր քաղաքական թիմի կողմից հստակ որոշում։ Մնացածը, վարչապետի բնորոշմամբ, բազմաշերտ պրոցես է՝ նրբություններով ու տարբեր քննարկելի հարցերով։

«Հայեցակարգեր կան, իրավունքի տեսություններ կան, մենք այդ բոլորը քննարկելու արդյունքում պետք է կայացնենք որևէ որոշում։ Բայց էլի եմ ասում մղումը և ցանկությունը՝ մենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հարցը համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը և դա ներքին օրակարգի մաս է։ Այն, ինչի մասին հիմա ես խոսում եմ։ Մեր մղումներն այդ առումով երկուսն են. առաջինը, որ ժողովուրդը պետք է համարի, քաղաքացիները պետք է համարեն դա իրենց պայմանավորվածությունը պետության բնույթի, բովանդակության մասին, և երկրորդը՝ Սահմանադրությունը պետք է ընդունվի ազատ, արդար, թափանցիկ քվեարկության արդյունքում»։
Ավելի վաղ վարչապետը կառավարության նիստերից մեկում հանձնարարել էր նոր Սահմանադրություն գրել, որը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թ.-ը։ Ե՞րբ է նախատեսվում սահմանադրական հանրաքվեն։
«Ես հիշում եմ քաղաքացիական հանրության հետ ունեցած մի քննարկում էս թեմայով, երբ որ խոսք էր գնում, թե ինչպես պետք է տեղի ունենա հանրաքվե, ինչ ժամկետներում, ինչ տրամաբանությամբ, և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները «կրքոտ», բառիս լավ իմաստով, պաշտպանում էին այն տեսակետը, որ չի կարելի սահմանադրական հանրաքվեն, որևէ հանրաքվե համատեղել ընտրությունների հետ, որովհետև պրոցեսը բովանդակային խորքի մեջ ամբողջությամբ ձևախեղվում է։ Կա այսպիսի տեսակետ, և այդ տեսակետը բավականին ծանրակշիռ է, և դա պետք է հաշվի առնել և նկատի ունենալ։ Այսինքն, ինքը՝ պրոցեսը ավելի քաղաքական է, Սահմանադրությունը՝ հասկանալիորեն, բայց դրա գեր-հիպերքաղաքականացումը, դրա համադրումը ընտրությունների հետ, կարող է ուղղակի մեզ շեղել մեր նպատակից»։
Համենայնդեպս, ասում է Փաշինյանը, դա տեսակետ է, որը գերիշխող է և գերիշխող կլինի այնքան, մինչև ծանրակշիռ փաստարկ, հակափաստարկ դրան չի հնչել։ Այսինքն՝ ավելի շուտ Սահմանադրական հանրաքվեի անցկացում, կամ՝ հանրաքվեի անցկացում որևէ ընտրության հետ համադրմամբ, որևէ կերպ պլանավորված չէ։
Վաղվանից աշուն է և Փաշինյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպիսի քաղաքական աշուն է սպասում վարչապետը։
«Սպասում եմ հին հայկական քաղաքական աշուն, ինչպես նախկին բոլոր քաղաքական աշունները, որովհետև որևէ այլ բան սպասելու անհրաժեշտություն և պատեհություն չեմ տեսնում»։




