
Երևանն ու Բաքուն ստորագրել են այն փաստաթուղթը, որով պետք է առաջնորդվեն սահմանազատման գործընթացում։ Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է՝ սկզբունքներն ամրագրող փաստաթուղթը ստորագրվել է հենց այսօր և արդեն սկսվել է ներպետական համաձայնեցման գործընթացը: Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը կանոնակարգող փաստաթուղթը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ներկայացվի Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը։ Մինչ այդ փաստաթուղթը պետք է ստանա նաև Սահմանադրական դատարանի եզրակացությունը՝ ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանության վերաբերյալ:
Պաշտոնական Երևանն ու Բաքուն առաջիկա երկուշաբթի՝ սեպտեմբերի 2–ին են պատրաստվում հրապարակել այն տեքստը, որը ստորագրել են օգոստոսի 30–ին։ Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը այս փաստաթղթով ամրագրել են պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ հետագա գործունեության սկզբունքները։ Փաստաթղթի ստորագրման համար, փաստացի, հանդիպում կազմակերպելու անհրաժեշտություն չի առաջացել։ Վարչապետի աշխատակազմից «Արմենպրեսին» պարզաբանել են, որ Կանոնակարգը ստորագրվել է բնօրինակ փաստաթղթերը դիվանագիտական խողովակներով փոխանակելու միջոցով։ Իսկ թե ինչո՞ւ է որոշվել փաստաթուղթը հրապարակել ավելի ուշ, կառավարությունից պարզաբանել են․
«Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության մեջ, ըստ էության, կանխապես բացահայտվել է փաստաթղթի առանցքային քաղաքական բովանդակությունը։ Փաստաթղթի ավելի ուշ հրապարակումը կապված է երկու երկրներում գործընթացները հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ»։
Ի դեպ, սա այն փաստաթուղթն է, որի ստորագրման նախնական ժամկետ էր հայտարարվել հուլիսի 1–ը։ Նախորոշված ժամկետում փաստաթուղթը չստորագրվեց , կողմերը հայտարարեցին, որ հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ:
Կարևոր քաղաքական դրույթը, որն ամրագրում է փաստաթուղթը, այն է, որ սահմանազատման գործընթացի հիմքում կդրվի 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրը։ Այս համաձայնությունը ձեռք էր բերվել այս տարվա ապրիլի 19-ի հանդիպման ժամանակ։ Դեռևս չհրապարակված փաստաթղթին հղում չանելով՝ վարչապետի աշխատակազմը վկայակոչում է նույն ապրիլի 19–ի հանդիպման համաձայնությունները՝ մանրամասնելով, որ Կանոնակարգի հաստատումից հետո պետք է համաձայնեցվի գործողությունների հերթականությունը և շարունակվի սահմանի մյուս հատվածների սահմանազատման գործընթացը:
Հայաստանի փոխվարչապետ, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հայկական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը դեռևս 4 ամիս առաջ չէր հաստատում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հաջորդ փուլի համար հստակ որոշված տեղանք կա։ Աշխատանքները կշարունակվեն Տավուշո՞ւմ, Սյունիքո՞ւմ, թե՞ այլ մարզում, ըստ Գրիգորյանի, կախված է կոնկրետ մի քանի հարցերից․
«Սահմանազատման հատվածները, կարևորագույն սկզբունքները՝ անվտանգություն, սոցիալ–կենցաղային, իրավական մինչև վերջնական որոշումներ չլինեն այդ հարցերի շուրջ, վերջնական որոշում սահմանազատման մեկնարկի բանակցություններ սկսելու մասին չենք կարող»։
Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը կանոնակարգող փաստաթուղթը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով դեռ պետք է կներկայացվի Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը։ Այդ նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:
Ուշագրավ է, որ Ադրբեջանը այս պահին խորհրդարանական ընտրությունների փուլում է։ Միլի Մեջլիսի արտահերթ ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 1–ին։ Ադրբեջանի օրեսդրությամբ նախատեսված ընթացակարգով ընտրության արդյունքները կարող են հաստատվել սեպտեմբերի վերջին։ Դրան կհետևեն խոսնակի, փոխխոսնակի, մշտական կոմիտեների նախագահների ընտրությունները։ Սա նշանակում է, որ ստորագրված կանոնակարգը լավագույն դեպքում Մելի Մեջլիսի վավերացմանը կարող է ներկայացվել հոկտեմբերի կեսերին։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատված միակ հատվածը Տավուշ–Ղազախ սահմանի 12 կմ–ոց տեղանքն է։ Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Աշխատանքները թեև ուղեկցվեցին բողոքի ակցիաներով, բայց 12 կիլոմետրանոց հայ–ադրբեջանական սահմանը արդեն իրականություն է։ Այդ հատվածում զինվորականների փոխարեն արդեն ծառայում են սահմանապահները։




