Աճ գրեթե բոլոր ոլորտներում, անկում՝ որոշ ենթաոլորտներում․ ամփոփվել են տնտեսական կիսամյակային ցուցանիշները
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշները։ Գրեթե բոլոր ոլորտներում երկնիշ աճ է արձանագրվել, որոշ ենթաոլորտներում զարգացման դինամիկան բացասական է։ Կիսամյակային տվյալներով ամենաշատն ապրանք ներմուծվել է ՌԴ-ից, աճը մոտ 5 անգամ է, Չինաստանից ներմուծումը կրճատվել է 1, Վրաստանից՝ 31,4․ Իրանից մոտ 7 տոկոսով։
Շինարարություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, ծառայություններ, արտահանում, ներմուծում. Հայաստանի տնտեսությունը գրեթե բոլոր ոլորտներում կիսամյակային տվյալներով աճ է գրանցել։ Արդյունաբերության աճը՝ 2024թ․ հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կազմել է 18 տոկոս։ Աճին նպաստել է մշակող արդյունաբերությունը, խանգարել՝ հանքարդյունաբերությունը։ Վերջինի ծավալները կիսամյակային տվյալներով կրճատվել են մոտ 9 տոկոսով։
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարինե Պետրոսյանն ընդգծում է՝ հանքարդյունաբերության ոլորտի անկումը նոր միտում չէ։ Ոլորտը կրում է Սոթքի, Թեղուտի հանքավայրերի չաշխատելու ազդեցությունը։ Գումարվել են նաև Ամուլսարի հանքավայրի խնդիրները։
«Սոթքի հանքի մասով խոսակցություններ կան, որ տարեվերջին աշխատանքները կվերսկսվեն։ Սա կկասեցնի ոլորտի հետագա անկումը, իսկ Ամուլսարի շահագործումը կնպաստի հանքարդյունաբերության գոնե ցածր, բայց աճի ապահովմանը»։
Առաջին կիսամյակի տվյալներով երկնիշ՝ 22 տոկոսանոց աճ է գրանցվել ներքին առևտրի շրջանառության ոլորտում։ Արտահանումն ավելացել է 2,3 անգամ։ Հատկանշական է, որ ոսկու արտահանումն ավելացել է ոչ թե տոկոսներով, այլ անգամներով՝ մոտ 18 անգամ։ Հեռախոսային սարքերի արտահանումն աճել է մոտ 55 տոկսով, գրեթե նույնքան էլ ադամանդե քարերինը։
Արտահանումն ավելացել է 2․3 անգամ, բայց, ըստ վիճակագրության, աճը միայն «Այլ երկրներ»-ի գծով է։ Կիսամյակային տվյալներով Հայաստանի հիմնական գործընկեր երկրներից են՝ ԱՄԷ-ն՝ աճը 7․8 անգամ, Հոնկոնգը՝ աճը 17․7 անգամ, Չինաստանը՝ 3․4 անգամ։ Այսպես ասենք ավանդական գործընկեր երկրների գծով անկում է արձանագրվել․ ԱՊՀ երկրներ արտահանումը կրճատվել է 19․5, ԵԱՏՄ՝ 19․7, ԵՄ երկրներ՝ 25 տոկոսով։ Թեև ՌԴ արտահանումը նվազել է մոտ 21 տոկոսով, բայց այս երկիրը հիմնական գործընկերների քառյակում շարունակում է երկրորդը մնալ՝ զիջելով միայն Արաբական Միացյալ Էմիրություններին։ Արտահանման կառուցվածքում ոսկու արտահանումն ունեցել է իր դերը՝ արձանագրում է տնտեսագետը։
«Ոսկին ՀՀ-ից գնում էր ԱՄԷ, Հոնկոնգ։ Սրանով պայմանավորված՝ ավելացել է ցուցանիշը։ ԱՄԷ-ի ու Հոնկոգի արտահանման կառուցվածքում բարձր կշիռ ունենալը պայմանավորված է թանկարժեք քարերի մետաղների վերարատհանամամբ։ 2024 առաջին եռամսյակում արտահնամն շուրջ 75 տոկոսն է կազմել ՀՀ-ից ՌԴ-ով դեպի ԱՄԷ ու Հոնկոնգ, Չինաստան թնակարժեք քարերի, մետաղների վերաարտահանումը»։
Առաջին կիսամյակում ներմուծումն ավելացել է 86․5 տոկոսով․ մոտ 2 տոկոսով կրճատվել է բնական ու հեղուկ գազի, 8 տոկոսով նավթի ու նվաթամթերքի, 2․9 անգամ էլ մարդատար ավտոմեքենաների ներմուծումը։ Կիսամյակային տվյալներով ամենաշատը ապրանք ներմուծվել է ՌԴ-ից՝ աճը մոտ 5 անգամ, Չինաստանից կրճատվել է 1 տոկոսով, Վրաստանից՝ 31,4․ Իրանից ներմուծումը կրճատվել է մոտ 7 տոկոսով։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ շուկաների դիվերսիֆիկացիան անհրաժեշտություն է։ Տնտեսագետ Արմեն Քթոյանի դիտարկմամբ, շուկայի դիվերսիֆիակցիան ոչ թե վարչական որոշմամբ է ապահովվում, այլ՝ տնտեսության մրցունակության գործնական դրսևորմամբ։ Եթե արտադրանքը մրցունակ է և կարողանում է շուկաներ գրավել, սա արդեն մրցունակ ու դիվերսիֆիկացիա տնտեսության ցուցիչ է՝ ասում է տնտեսագետը։
«ԵԱՏՄ շուկայից ու ռուսական շուկայից կախվածության թուլացումը օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջին հերթին տնտեսական ասպեկտով, քանի որ ՌԴ շուկան, այսպես թե այնպես, սեղմվում է և տարբեր պատճառներով մեր բիզնեսի համար դառնում պակաս գրավիչ»։
Զբոսաշրջության ոլորտում անկումը մոտ 6 տոկոս է։ 2024-ին ՌԴ-ին բաժին է ընկել ընդհանուր զբոսաշրջիկների թվի մոտ 42 տոկոսը, 2023-ի առաջին կիսամյակի համեմատությամբ ցուցանիշը նվազել է 10 տոկոսով։ Ոլորտի անկումը նաև ռուս ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկած այցելուների հոսքի նավզմամբ է պայմանավորված՝ կարծում են փորձագետները։ Կիսամյակային տվյալներով դրամային փոխանցումները կրճատվել են մոտ 14 տոկոսով, Դրամային ամենաշատ փոխանցումները ՌԴ-ից են ու ԱՄՆ-ից, բայց ՌԴ-ից եկող գումարը կրճատվել է 23 տոկոսով, ԱՄՆ-ից եկողը՝ ավելացել մոտ 5 տոկոսով։
«2022-2023թթ ռուսների մի մասը ՀՀ-ում էր՝ և որպես ռելոկանտ, և որպես զբոսաշրջիկ։ Տրամաբանական է, որ եկամուտների մի մասը հոսելու էր հիմնական եկամուտների վայր»։
ՌԴ-ից հոսքերը նվազում են, քանի որ նվազում է նաև աշխատանքային միգրանտների թիվը, ռուբլին շարունակում է անկում գրանցել։ «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Էլիզա Մաթևոսյանն ընդգծում է՝ կիսամյակային արդյունքները ցույց են տալիս, որ ներքին պարտքը գերազանցում է արտաքին պարտքին։
«Ներքին պարտքի ավելացումը դրական երևույթ է, քանի որ արտարժույթով պարտքի չափաբաժնի նվազեցումը նպաստում է փոխարժեքային ռիսկերի նկատմամբ պարտքի ավելի դիմակայուն լինելուն։ Բնականաբար արտարժույթի տատանումները հիմնականում խնդրահարույց են պետական պարտքի ներգրավման տեսանկյունից, հատկապես դրամի արժեզրկման պարագայում։ Եվ տվյալ ժամանակահատվածում վերցված պարտքի մարումը մյուս տարիներին պետական բյուջեի վրա ավելի է ծանրանում»։
2024-ի առաջին կիսամյակում Հայաստանում ինֆլյացիան շարունակել է ցածր մնալ՝ կազմելով 0․8 տոկոս։