ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Քաղաքապետը խնդիրներ է խոստանում նորմերը չպահպանող կառուցապատողներին

Շինարարական օբյեկտները պետք է ծածկված լինեն փոշեպաշտպանիչ ցանցերով, ավազը, գաջը և մյուս նյութերը պետք է պահեստավորվեն փակ տարածքներում, կառուցապատողները պետք է ունենան օդի որակի մշտադիտարկման սարքեր։ Երևանի ավագանին դեռ նախորդ սեպտեմբերից խստացրել է կառուցապատողներին առաջադրվող պահանջները։ Չնայած դրան՝  խախտումները շարունակվում են։ Քաղաքային իշխանությունները կարծում են, որ դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցը տուգանքների չափն ավելացնելն է։

«Երազ» բանկելի թաղամասում շինարարական ակտիվ եռուզեռ է։ Սակայն կառուցվող շենքերից ոչ բոլորն են պատված հատուկ փոշեպաշտպանիչ ցանցերով։ «Երազ» բնակելի թաղամասն այս առումով միակը չէ, պատկերը նույնն է գրեթե բոլոր շինհրապարակներում, որտեղ բնակելի շենքեր են կառուցվում։

Մեկ տարի առաջ Երևանի ավագանու ընդունած որոշմամբ խստացվել էին շինարարական կազմակերպություններին առաջադրվող պահանջները։ Սահմանվել էր, որ նրանք պետք է ուենան օդի որակի մշտադիտարկման սարքեր, պետք է կազմակերպեն ավազի, գաջի, խճի, հողային զանգվածների փակ տարածքներում պահեստավորումը կամ անթափանց թաղանթներով ծածկումը, ինչպես նաև շենքերի և շինությունների կառուցման աշխատանքների ընթացքում համապատասխան խտությամբ ցանցերով դրանց ծածկումը:

Վերջին երկու ամսվա ընթացքում շինհրապարակների համար սահմանված պայմանների խախտման 100 արձանագրություն է կազմվել, կառուցապատողներին ժամանակ է տրվել խախտումները վերացնելու համար։

«37-ը կազմվել են աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից, 47-ը՝ հասարակական կարգի պահպանության ծառայության, 17-ը՝ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից»:

Եթե շինարարական կազմակերպությունները չեն կատարում այս պահանջները, ապա տունգանվում են 70-100 հազար դրամի չափով։ 

Քաղաքապետ Տիգրան Ավինյան․ «Եթե մարդիկ որոշել են տուգանքներ չվճարել, չիրականացնել այն աշխատանքները, որը քաղաքապետրանը պահանջում է, դա կառուցապատողի ընտրությունն է։ Բայց հետագայում նմանատիպ վարվելակերպի պատճառով կառուցման տարբեր փուլերում կսկսեն խնդիրներ առաջանալ քաղաքապետարանի հետ։ Այսինքն՝ նոր նորմատիվ ակտեր կլինեն, ու ավագանու որոշումները կազդեն իրենց հետագա ճակատագրի վրա։ Բոլոր կառուցապատողներին ուզում եմ հորդորել, որ կահավորումն իրականացնեն  պատշաճ կերպով։ Եվս մեկ անգամ կարող եմ ասել՝ վստահաբար խնդիր կունենա՛ք, կառուցապատողնե՛ր»։

Ավինյանը դեռ գործակարագավարական նիստերից մեկի  ժամանակ էր առաջարկել վերանայել տուգանքների չափերը։

«Քաղաքապետարանն արդեն ունի տուգանքի հետ կապված օրենսդրական նախաձեռնություն, որն ուղարկվել է ԱԺ»։

Ի դեպ, Հայաստանում օդի որակը չափող Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ նախորդ երկու շաբաթներին փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելիի չափը: Պատճառներից մեկը նաև փոշոտ շինհրապարակներն ու հարակից տարածքներն են: Իսկ Երևանում այս պահին 359 բազմաբնակարան շենք է կառուցվում։ Ավինյանը վստահեցնում է, որ կառուցապատման նկատմամբ հսկողությունը էականորեն աճել է։

«Այո, պետք է հաշվի առնենք, որ ինտեսնիվ կառուցապատում է տեղի ունենում Երևան քաղաքում, բայց թույլտվությունները վերջին մեկ տարվա ընթացքում չեն տրվել, 3-4-5 տարի առաջ են տրվել։ Քաղաքապետարանի ֆունկցիան այստեղ այն է, որ բոլոր կառուցապատվող օբյեկտներին հնարավորինս պարտադրել իրենց ժամկետներում ավարտել շինարարությունը, որը ամենամեծ խնդիրներից մեկն է։ Մենք նոր տուրքեր ենք ներմուծել այդ պարտադրանքն իրականացնելու համար։

Կառուցվել են նաև շենքեր, որոնց կառուցապատողներն առանձին անցուղիներ չեն նախատեսում հետիոտնի համար։ Դրանցից մեկն էլ «Վերածնունդ» թաղամասն է, որի բնակիչները հաճախ ստիպված են փողոցի երթևեկելի հատվածը կտրել-անցնել հանրային տրանսպորտից օգտվելու համար։

Քաղաքապետ Ավինյանը տեղյակ է խնդրից․ «Միանշանակ հասկանում ենք խնդիրը, ու հետիոտնային անցումը հիմա նախագծման մրցույթի փուլում է։ Շատ վատ է, հիմա մենք որևէ թաղամասի կառուցման համար պարտադրում ենք ճարտարապետական լուծումներ ներկայացնել։ Եթե հսկայական թաղամաս ես կառուցում, հասկացանք՝ գումար աշխատել էլ կա, բայց հետագայում պետք է մտածել այն մարդկանց մասին էլ, որոնք ձեզանից տուն են գնել»։

Ավինյանի խոսքով՝ այլևս նման նախագծեր քաղաքապետարանում չեն հաստատվում։

Կարդացեք նաև

Back to top button