Հոգ տանել մարդկանց հիշողության մասին․ սիրտը ջերմացնող, միտքը թարմացնող «Հիշողության սրճարան»
— Կխնդրեմ ասեք՝ սա ի՞նչ գույն է։
— Կանաչ։
— Ուշադիր մի փոքր։
— Կանաչ։
— Սա է կանաչ, իսկ սա՞։
— Սա էլ կանաչ, մենակ մի քիչ քիչ կանաչ ա։
— Լավ, այդ քիչ կանաչը մեր մոտ կապույտ գույնն է։
Այսպես «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հոգեբաններն ու ֆիզիոթերապևտները այցելում են հիշողության խնդիր ունեցողների տուն՝ պարզ ու հաճելի վարժություններով նրանց ուղեղի ակտիվությանը նպաստելու։
Դեմենցիա կամ Ալցհայմեր ունեցողները նաև կարող են այցելել հիշողության սրճարան՝ հասակակիցների հետ ժամանակ անցկացնելու։ Մասնագետները վստահ են՝ սա հիվանդության զարգացումը դանդաղեցնելու արդյունավետ ճանապարհ է։
Այժմ Հայաստանում «Հովնանյան ընտանիք» հիմնադրամի աջակցությամբ 3 հիշողության սրճարան է գործում։ Մեկը Գյումրիում է, մյուսը՝ մայրաքաղաքում՝ «Լոֆթ»-ում, իսկ վերջերս Պարոնյան 30/2 հասցեում բացվել է հերթական հիշողության սրճարանը՝ 45-65 տարեկան այցելուների համար։
***
2023 թվականի դրությամբ աշխարհում մոտ 55 միլիոն մարդ է ապրում դեմենցիայով: Ամեն տարի գրանցվում է մոտ 10 միլիոն նոր դեպք: Կանխատեսվում է, որ 2050 թվականին այս թիվը կարող է հասնել 139 միլիոնի, հատկապես ծերացող բնակչության պատճառով։
Ալցհեյմերի հիվանդությունը դեմենցիայի ամենատարածված տեսակն է, որն առաջացնում է հիշողության կորուստ, կոգնիտիվ գործառույթների անկում և վարքագծային փոփոխություններ։ Այն հաճախ սկսվում է հիշողության թեթև կորուստով և կարող է աստիճանաբար զարգանալ՝ առաջացնելով լիարժեք դեմենցիա։ Ուղեղի աշխատանքի խանգարումների հետ կապված այս հիվանդությունն անբուժելի է և սովորաբար զարգանում է տարիքի հետ։