
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Կառավարության նիստի մեկնարկն այսօր բավականին թեժ է եղել: Կառավարության շենքի առջև միաժամանակ մի քանի բողոքի ակցիաներ են անցկացվել: Ակցիայի մասնակիցներին մոտեցել, նրանց խնդիրները մեկ անգամ ևս լսել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բարձրացված բոլոր հարցերին լուծումներ են խոստացվել, ավելին՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողենրի ծնողներին շաբաթ օրը կեսօրին կառավարության ղեկավարը խոստացել է ընդունել։ Գործադիրը հաջորդ շաբաթ կանդրադառնա նաև Շիրակի մարզի հարյուր տոկոսով կարկտահարված համայնքներին: Նրանց պետությունը կաջակցի, սակայն, հնարավորության սահմաններում։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի տարբեր մարզերում պարբերաբար տեղացած կարկուտը ոչնչացնում է գյուղացիների բերքը: Վերջին կարկտահարված մարզը Շիրակն էր, որտեղ երեկ այցելել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այսօր արդեն կառավարության նիստում վարչապետը հայտարարեց, որ Շիրակի մարզի 21 համայնքում գյուղացիների բերքը կարկտահարվել է հարյուր տոկոսով: Կառավարությունը գյուղացիներին կաջակցի, սակայն, հնարավորության սահմաններում: Համապատասխան գերատեսչությունները հաշվարկները պետք է հաշվարկները ներկայացնի մինչև հաջորդ հինգշաբթի։
Կառավարության հաջորդ նիստին սպասում են նաև արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները: Նրանք այսօր կառավարության նիստից առաջ զրուցեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: «Զինվոր» հկ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը կառավարության ղեկավարին ներկայացրեց իրենց խնդիրներն ու պահանջները։ «Եթե էլեկտրաէներգիան, ջուրը թանկանում են, ապա զոհվածների, ազատամարտիկների, անհետ կորածների ընտանիքների թոաշկներն էլ հինգ հազար դրամով ավելացրեք»,- ասում է։ Վարչապետն խոստացավ, որ հաջորդ հինգշաբթի որոշումը կընդունվի։
Երկու օր կսպասեն ու վարչապետի հետ կհանդիպեն նաև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Հիշեցնենք, շուրջ վեց տարի է, ինչ նրանք պայքարում են հանուն արդարարության: Իհարկե քրեական գործերը տարբեր են, սակայն պահաջն է նույնը՝ բացահայտել, թե ովքեր են իրականում մեղավոր իրենց որդիների սպանության համար։ «Արդեն երկու ամիս է անցել, ժամանակն անցել է, հիմա մենք ուզում ենք ձեր հետ հանդիպել, մի 15 րոպեով մեզ ընդունեք»։ Զոհվածներին ծնողներին էլ վարչապետը խոստացավ ընդունել շաբաթ օրը։
ՀՀ կառավարության նիստի օրակարգից, գործադիրը 2014թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ և լրացումներ կատարեց, որոնցով սահմանվեց, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության և Նիդերլանդների Թագավորության անվտանգության և արդարադատության նախարարության հայրենադարձության և մեկնման ծառայության միջև կնքված համաձայնագրով տրամադրվող դրամաշնորհն օգտագործվելու է Նիդերլանդներից հարկադիր վերադարձող 100 ՀՀ քաղաքացիներին վերաինտեգրման նպատակով։
«Փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու աջակցության, ուսումնական կամ մասնագիտական վերապատրաստման, սոցիալական, իրավական, բժշկական աջակցության, ժամանակավոր կացարանի տրամադրման, օդանավակայանում դիմավորման և անհատական այլ կարիքների համար գումար կտրամադրվի: Նիդերլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու տրամադրելու է առավելագույնը 1000 եվրոյի աջակցություն»,- ասում է Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը։
2014թ. Միգրացիոն պետական ծառայության արտաբյուջետային հաշվին փոխանցվելու է ավելի քան 31 մլն, իսկ 2015թ.՝ մոտ 37 մլն դրամ։




