
Ադրբեջանը և Թուրքիան բարձրաձայնել են Հայաստանի հետ հաշտության գալու վերջին նախապայմանը։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Անկարայում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ Ադրբեջանը կարծում է, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու պատմական հնարավորություն կա։ Բայց դրան հասնելու համար Ադրբեջանը Հայաստանից շարունակում է պահանջել փոխել Սահմանադրությունը։
Այս ուղիղ պահանջին պաշտոնական Երևանը մշտապես տվել է նույնքան ուղիղ պատասխան, որ այդ հարցը Հայաստանի ներքին գործն է։ Բայց ամեն դեպքում, Հայաստանի նոր Սահմանադրության մշակման մեկնարկը արդեն տրված է։ Ըստ սահմանված ժամկետների՝ Հայաստանը չի կարող նոր Սահմանադրություն ունենալ 2027 թվականից ավելի շուտ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի կնքմանը մնացել է մեկ քայլ։ Ադրբեջանական կողմից այդ քայլի մասին խոսել են արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Անկարայում և Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ հարավկորեական Korea Times թերթին տված հարցազրույցում։ Գործընթացի հետագա զարգացումը ադրբեջանցի պաշտոնյաները կապում են ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ։
Մինչդեռ Հայաստանը տարբեր պաշտոնյաների մակարդակով մշտապես հայտարարել է՝ հարցը չի կարող դառնալ բանակցությունների առարկա, ՀՀ Սահմանադրության փոփոխությունը պետության ներքին գործն է։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում օրերս հերթական անգամ բարձրաձայնել է իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը։
«ՀՀ-ն իր Սահմանադրությունը կարող է փոխել այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիները, սահմանադիրները այդպես կորոշեն։ Որևէ երկրի պահանջով ՀՀ-ն իր Սահմանադրությունը չի փոխում։ ՀՀ կփոխի կամ չի փոխի իր սահմանադրությունը, դա ՀՀ ներքին գործն է և ՀՀ ժողովրդի, սահմանադիրի որոշելիքն է»։
Խաղաղություն կքնելուց առաջ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը Ադրբեջանը շարունակում է պնդել, քանի որ համոզված է, թե «Հայաստանի Սահմանադրության և մի շարք այլ իրավական ակտերում Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները դեռ պահպանվում են»։
Մինչդեռ ադրբեջանական կողմի մտահոգությունները փարատելու համար հայկական կողմն ավելի վաղ հանդես էր եկել մեկ այլ առաջարկով, որը հիշեցնում է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը․
«Հայաստանն ասում է, որ մենք այդ Խաղաղության պայմանագրի մեջ պատրաստ ենք գրել, որ այս պայմանագիրը ավելի բարձր ստատուս ունի, քան Ադրբեջանի ու Հայաստանի տեղական կանոնադրությունը, ինչը նշանակում է, որ այդ պրետենզիաները լեգալ կիրառելու ոչ մի հնարավորություն չի լինի։ Եթե պատկերացնենք, որ Հայաստանը փոխում է Սահմանադրությունը, կարելի է ասել, անհնարին է դա լեգալ ձևով անել, որովհետև դա պետք է լինի հանրաքվեով։ Ես շատ դժվարությամբ եմ պատկերացնում որ 51% ձայն հավաքի այդպիսի ձևաչափով հանրաքվեն»։
Բացի նրանից, որ կողմերը համաձայնել են Խաղաղության պայմանագրում ամրագրել, որ որևէ մեկը չի կարող հղում անել ներքին օրենսդրությանը՝ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար, փաստաթղթի նախագծում մեկ այլ դրույթով էլ կողմերը հաստատում են, որ տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Երևանում սա բավարար են համարում, Բաքվում՝ ոչ։
Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կամ բարեփոխելու մասին իշխանությունները խոսել են գրեթե մշտապես 2018-ից հետո, իսկ Ադրբեջանը դրա մասին սկսել է խոսել 2020-ի պատերազմից հետո։ Մինչև վարչապետ ընտրվելը և դրանից հետո տարբեր առիթներով վարչապետ Փաշինյանը խոսել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին։ Որպես կանոն՝ այդ անհրաժեշտությունը կապվում էր ներքաղաքական խնդիրների հետ։
«Նախագահի ինստիտուտից, ըստ էության, վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները և նրան վերապահել օֆիսային աշխատողի կարգավիճակ։ Դա ուղղակի խփում է ՀՀ պետության հեղինակությանը»։
Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին այս տարեսկզբին Փաշինյանը անդրադարձավ այլ շեշտարդումներով։
«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը ՀՀ-ն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»։
Իրատեսական հաշվարկներով Հայաստանը նոր Սահմանադրություն 2027 թվականից շուտ չի կարող ունենալ։ Մեկ ամիս առաջ է Հայաստանի վարչապետը հանձնարարել նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատել այն: Իսկ մինչ այդ մասնագիտական հանձնաժողովը աշխատել էր ոչ թե նոր Սահմանադրության, այլ սահմանադրական բարեփոխումների վրա։ Այդ աշխատանքները կիսատ մնացին հայեցակարգի ներկայացման փուլում։




