ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Փարաջանովի մասին պատմող փորձարարական դոկուդրաման՝ Վենետիկի կինոփառատոնում

Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով — Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է Վենիտիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում՝ VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում։ Փարաջանովին նվիրված ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու սեպտեմբերի 6-ին Վենետիկում, որից հետո նույն ամսին ֆիլմը կցուցադրվի նաև Հայաստանի կինոթատրոններում։ Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է, որին մասնակցել է նաև Մեծ Բրիտանիան: Նախագծին աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ԿԳՄՍ նախարարությունը, ինչպես նաև ֆիլմի համաարտադրող՝ Ֆրանսիական CNC և Cine+ կազմակերպությունները։

Սերգեյ Փարաջանովի մասին պատմող փորձարարական դոկուդրաման Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում է։ Ֆիլմը սկսվում է ռեժիսորի որոշումից` լքել այն երկիրը, որտեղ ապրում է և վերադառնալ Հայաստան։ Սյուժեն հիմնված է իրական իրադարձությունների վրա։ Հեղինակը փորձում է Փարաջանովի միջոցով իր հարցերին պատասխաներ գտնել։

Ֆիլմի ռեժիսոր Զառա Ջյան․ «Այս ֆիլմի ամենամեծ ուղերձներից մեկն այն է, որ պատմությունների ընթացքում չեն փոխվում ժամանակները և ժամանակի խնդիրները, բայց շատ կարևոր է մեր վերաբերմունքը դրան։ Տարբեր ժամանակներում կան աշխարհաքաղաքական խնդիրներ, իրադարձություններ, բայց արվեստի մարդիկ պետք է փորձեն անել իրենց գործը, ինչպես դա անում էր Փարաջանովը, նույնիսկ բանտում նստած»։

Ֆիլմն իրականությունից տանում է դեպի աբստրակցիա և հակառակը։ Այն սկսվում է տագնապալի տրամադրություններով, սակայն հանգուցալուծվում է հանգստությամբ։ Հեղինակի խոսքով՝ ֆիլմում անցյալը հանդիպում է ներկային։ Ներկան, որ մարմնավորում է հեղինակը, անցյալը, որ կերպավորում է Վարպետը, իրական իրադարձությունները և փարաջանովյան երևակայական աշխարհը ֆիլմի տարածությունում հանդիպելու հնարավորություն են ստանում։ Զառա Ջյանի խոսքով՝ իրեն ոգեշնչել է Կոեն եղբայրների «Սա ծերերի տեղը չէ» ( No Country for Old Men) ֆիլմը, որտեղ ևս կարող ես ներկայում տեսնել անցյալը։

«Ես մոտ 20 րոպե կանգնած էի Փարաջանովի ինքնանկարի առջև, երբ արդեն վերադարձել էի հայրենիք, որտեղ նա իրեն անվանում է երեք ազգերի զավակ, գիտենք, որ նա կոսմոպոլիտ է միշտ եղել։ Ես հակացա, որ ցանկանում եմ ստեղծել անցյալ-ներկա հարաբերությունը, որտեղ ներկան ներկայացնում է հեղինակն իր ճանապարհով, որը ես եմ, քանի որ իրական իրադարձությունների վրա է հիմնված ֆիլմը և փարաջանովական իլուզիոն աշխարհը՝ ռեալիզմի հետ։ Եվ միայն ֆինալում կարող ենք տեսնել, որ այդ երկու աշխարհները՝ ռեալիզմը և իլուզիոնը, հանդիպում են»։

Թանգարանային այցելությունից տպավորված հեղինակը գիշերվա ժամը երկուսին սկսում է սցենար գրել։  Դա էլ մի միստիկ պատմություն է իր համար, քանի որ նա իրեն սցենարիստ չի համարում։ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով — Ս. Փարաջանով» ֆիլմի նկարահանման ոճը և՛ակադեմիական է, և՛ հեղինակային։

Ֆիլմում Արտավազդ Փելեշյանին ներգրավելու հարցում աջակցել է Շուշանիկ Միրզախանյանը։ Էմիր Կուստուրիցայի դեպքում՝ Խաչատուր Ալմազյանը, իսկ Ատոմ Էգոյանի հարցում աջակցել է ֆիլմի օպերատորը՝ Նորայր Կասպերը։ Ֆիլմի պրոդյուսերներն են Անի Որսկանյանը, Զառա Ջյանը, ֆրանսիացի համապրոդյուսերն է Ստեֆան Ժյուրդենը:

Պրոդյուսեր Անի Որսկանյան․ «Զառան գնաց Մոսկվա Էմիրի համերգին։ Համերգից հետո ասաց՝ կարելի՞ է ես Ձեզ հետ հինգ րոպե զրուցեմ, ընդամենը 5 րոպե ինձ տվեք։ Էմիրը ասաց՝ նստիր։ Զառան իր խարիզմայով, իր շատ մեծ հավատով պրոյեկտի հանդեպ, շատ լավ, կարճ, հստակ ներկայացնում է, թե ինչ է ուզում այս կամ այն հերոսից։ Նույնը եղավ Ատոմ Էգոյանի հետ, որի հարցում մեզ օգնեց Նորայր Կասպերը, որովհետև նրա օպերատորն էր եղել»։

Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Սերբիայում, Լատվիայում և Գերմանիայում։ Ֆիլմում ներգրավվել են նաև Չուլպան Խամատովան, Լորա Գուերան, Ժոել Շապրոնը, Ալի Համրաևը և Լևոն Աբրահամյանը։ 2024-ի հունվարին ֆիլմում նկարահանվելու համար Երևան է եկել Տարսեմ Սինգխը։ Երևանում են նկարահանվել նաև ֆիլմի խաղարկային դրվագները։ Անկախ պրոդյուսեր Շուշանիկ Միրզախանյանը մտաբերում է հայ-ֆրանսիական «Водка Лимон» խաղարկային ֆիլմը, որը 20 տարի առաջ էր Վենետիկի փառատոնին մասնակցել։ Այդ ընդմիջումից հետո այս անգամ արդեն վավերագրական ֆիլմ է փառատոնին ներկայացվում․

«Այդ ֆիլմն անցավ Վենետիկի միջազգային փառատոնի մրցութային ծրագիր, և դա մոտ 20 տարի առաջ էր։ Խաղարկային ֆիլմ էր, հիմա արդեն ունեցանք վավերագրական ֆիլմ։ Բոլորիս համար շատ կարևոր է, որ Փարաջանովի 100-ամյակին նվիրված լինելով, այս ֆիլմը հաջողություն ունեցավ։ Հավատացեք, եթե ֆիլմն արժանի չլիներ, սակայն նվիրված լիներ Փարաջանովին, դա ոչինչ չի նշանակում Վենետիկի միջազգային կինոփառատոնի համար»։

Հատկանշական է, որ Վենետիկի միջազգային կինոփառատոնը տարեկան ստանում է ամենաքիչը 15 000 ֆիլմ, որից պետք է ընտրություն կատարվի։ Հետևաբար, ֆիլմերը պետք է ոչ միայն մրցունակ լինեն ստեղծագործական առումով, այլև գրագետ՝ լոբբինգի։ Զառա Ջյանի խոսքով՝ այս բաղադրիչների առկայության դեպքում ոչ մի արգելք չկա միջազգային կինոհարթակներում ցուցադրվելու համար։

Կարդացեք նաև

Back to top button