
Բաքուն հերթական անգամ ընդունել է մի որոշում, որը նոր լարվածություն է առաջացրել Եվրոպայի Խորհրդի և Ադրբեջանի հարաբերություններում։ Ադրբեջանը արգելել է ԵԽԽՎ մի քանի տասնյակ պատգամավորների մուտքը երկիր՝ պատասխանելով նրանց քվեարկությանը, որը սահմանափակում է ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վեհաժողովում։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ԵԽԽՎ-ի և Բաքվի միջև այս «հեռավար փոխհրաձգությունը» և ինչպես են Բաքվի արգելքին արձագանքում Եվրոպայում։
Ադրբեջանը, պատրաստվելով COP29 կլիմայական գագաթնաժողովին, արգելել է մի քանի տասնյակ ԵԽԽՎ պատգամավորների մուտքն իր տարածք, պատճառաբանելով, որ նրանք կողմ են քվեարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները սահմանափակելու որոշմանը։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը նկատում է՝ Բաքվի այդ քայլն ուղղակի Ադրբեջանի բավականին հանդուգն, լկտի պահվածքի հերթական դրսևորումն է։
«Ադրբեջանը վաղուց բավականին դեստրուկտիվ ու ապակառուցողական դիրքորոշում է որդեգրել ԵԽԽՎ-ի նկատմամբ, որովհետև ԵԽԽՎ-ն միակ կառույցն է եղել, որը քաղաքական գնահատականներ և որոշումներ է կայացրել Ադրբեջանի բռնապետական վարչակարգի, ինչպես նաև Արցախում տեղի ունեցած բռնի տեղահանման և ագրեսիվ գործողությունների հետ կապված»։
Հայրապետյանը նաև նկատում է, որ ԵԽԽՎ-ն միակ կառույցն է, որը որոշում է կայացրել՝ կասեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները մեկ տարով։ Այս համատեքստում, ըստ նրա, Ադրբեջանը ԵԽԽՎ-ին մեղադրել է իսլամաֆոբիայի, թուրքաֆոբիայի և բազմաթիվ այլ ֆոբիաների մեջ։
«Այդ փոխհրաձգությունը եկել է այդ որոշումից հետո»։
Ադրբեջանագետը կարծում է, որ այդ պատժամիջոցի ֆոնին Ադրբեջանը որոշել է թիրախավորել այն պատգամավորներին, որոնք հանդես են եկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների կասեցման որոշման օգտին։
Ադրբեջանի որոշումը ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն է քննադատել. «Սա ավելի քան ցավալի ազդանշան է, որը միայն ավելի է բարդացնում Ադրբեջանի ներկայիս վիճակը Եվրոպայի խորհրդում։ «Սև ցուցակում» ներառել նրանց, ովքեր քվեարկել են իրենց խղճի համաձայն, կարող է միայն հակադարձ արդյունքի հանգեցնել»։
Իր հերթին Շվեդիայի պատվիրակության նախագահ Մարկուս Վիհելը նշել է, որ անակնկալի չի եկել Ադրբեջանի որոշումից.
«Սա միանգամայն սպասելի էր և անխուսափելի։ Ես վաղուց եմ քննադատում Ադրբեջանի բռնապետությունը և նրա գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ուրախ եմ, որ բոլոր ներկա շվեդները կողմ են քվեարկել, և բացարձակապես չեմ զղջում դրա համար»։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն իր հերթին նշել է, որ ԵԽԽՎ պատգամավորների մուտքն Ադրբեջան արգելված կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կառույցում չեն վերականգնվել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ընդգծում է Ադրբեջանին միջազգային հանրության կողմից համարժեք պատասխաններ տալու և նրան իր տեղը դնելու կարևորությունը.
«Եթե խոսվում է միջազգային մեկուսացման հնարավորության մասին, ապա դրա համար աշխատանք պետք է տարվի։ Ադրբեջանը իրականում բազմաթիվ երկրների համար խնդիրներ է ստեղծում։ Եթե այդ երկրների հետ ճիշտ աշխատանք տարվի, ապա, բնականաբար, Ադրբեջանի այդ պահվածքը կլինի պատժելի, բայց քանի որ գլխավոր շահառու կողմը՝ Հայաստանի Հանրապետությունը, իրական ոչ մի քայլ չի անում այդ ուղղությամբ, դրա համար Ադրբեջանի այդ քայլը մարսվում է, որովհետև այդ պետությունները և ընդհանուր աշխարհաքաղաքական տուրբուլենտ շրջանն այնպիսինն է, որ, կարծես, ավելի կարևոր հարցեր կան, քան Ադրբեջանին ինչ-որ առումով իր տեղը ցույց տալն է»։
Եթե համապատասխան ակտիվ աշխատանք տարվեր, ապա՝ COP29-ի անցկացումն Ադրբեջանում ուղղակի կդրվեր կասկածի տակ, եզրափակում է Հայրապետյանը։




