
Ինչո՞ւ են Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներում, մասնավորապես Երևանում, մեծ հերթեր առաջանում։ Ծառայության պետ Արմեն Ղազայանը չի կիսում այն կարծիքը, որ հերթերն աննախադեպ են։ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝ հերթեր կան, բայց դրանք ունեն բազմաթիվ նախադեպեր։ Ղազարյանի խոսքով՝ վերջին 5 –6 տարիներին նմանատիպ հերթեր էլի են եղել։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետն արձանագրում է՝ ուսումնասիրելով վերջին տասը տարիների գործարքների դինամիկան, անձնագրային բոլոր գործառույթների պահանջարկի աճն ակնհայտ է։ Արմեն Ղազարյանը շեշտում է՝ տասը տարվա ընթացքում էականորեն ենթակառուցվածքը չի փոխվել։ Բացատրում է՝ ենթակառուցվածք ասելով, նկատի ունի և՛ ֆիզիկական, և՛ մարդկային ենթակառուցվածքը։
Ծառայության պետը հիշեցնում է՝ թվային գործիքակազմի զարգացմանը զուգահեռ, 2021 թվականից ներդրվել էին հերթերի կառավարման որոշակի էլեկտրոնային համակարգեր։ Դժգոհությունների մի մասը պայմանավորված է այդ համակարգի հետ։ Անձագրային ոլորտում այն միայն Երևանում է գործում, մարզերում գործում է կենդանի հերթերի սկզբունքը։
Առաջիկայում նախատեսվում է ներդրնել հերթերի կառավարման խառը մոդել՝ օնլայն գործիքակազմի ու ֆիզիակական հերթի որոշակի համադրում։ Արմեն Ղազարյանը պարզաբանում է՝ քաղաքացիներին կտրվի օնլայն հերթագրման հնարավորություն, բայց միևնույն ժամանակ օնլայն հերթագրումներն ուսումնասիրելով, պարզել են, որ հերթագրվածների մոտ 30 տոկոսը չի ներկայանում։ Կա մի իրավիճակ, երբ հերթագրվածների մի մասը չի գալիս ու չի սպասարկվում։ Նոր համակարգով կներդրվի համադրում ֆիզիակական հերթի հետ։ Անձը, որը օնլայն հերթագրվել է, կարող է մոտենալ ու սպասակվել, եթե չի մոտենա, նրա փոխարեն կմոտենա ու կսպասարկվի նա, որը հերթում սպասում է։ Սա է հերթագրման նոր համակարգի տրամաբանությունը։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը տեղյակ է՝ քաղաքացիները Երևանից մարզեր են գնում ՝ սպասարկվելու համար։ Ավելին, մինչև հոկտեմբեր ամիսը Երևանում հնարավոր էլ չէ հերթագրվել։ Արմեն Ղազարյանի խոսքով՝ մատնանշած հարցերը հենց այդ խնդիրներն են, քանի որ դեռևս չկա ունիվերսալ օնլայն նույնականացման համակարգ ամբողջ հանրապետությունում, մարդիկ կան, որ հերթագրվում են, տեսնում են, որ օնլայն հերթը ուշ է հասնում, գնում են, սպասարկվում են մարզերում, բայց հերթը մնում է համակարգում։ Ստացվում է, որ արհեստական օնլայն հերթ է առաջանում։ Ֆիզիկական հերթը չկա, բայց օնլայնը՝ կա։ Խնդիրն այն է, որ չկա օնլայն նույնականացման համակարգ։ Համադրումներ են անում՝ տեսնելով՝ մարզում մարդը սպասարկվել է, չեղարկման նամակներ են ուղարկում։ Մի էական հանգամանք կա, որը ազդում է բոլոր հանրային ծառայությունների վրա․ դա բնակչության գերկենտրոնացումն է Երևանում։
Հերթերի կրճատմանը նպաստել է նաև կլոր կնիքի վերացումը։ Տարեկան շուրջ 600 հազար գործարք է կրճատվել կլոր կնիքից հրաժարվելով։
Վիճակագրություն, որը հուշում է՝ անձնագրային դիմողների թիվն է ավելացել
Վերջին տասը տարվա կտրվածքով՝ 2014 թվականին անձնագրերի փոխանակման դիմումների ընդհանուր քանակն ու իրականացվող գործարքների քանակը տարեկան մոտ 230 000 էր։ 2023–ին կատարվել է 481 000 գործարք, 2021–ին՝ 409 000, 2022–ին՝ 507 000 գործարք։ 2020–ին՝ մոտավորապես 250 000։ Այստեղ նկատելի է նաև մի կարևոր դինամիկա՝ փոխկապակցված ավիացիոն շուկայում տեղի ունեցող փոփոխությունների հետ։ Հայկական ավիացիոն շուկայում նաև լոուքոսթերներ կան, որոնք ավելի հասանելի են դարձել, ու ճամփորդելու հնարավորությունները մեծացել են։ Բնականաբար, դա փոխկապակցված է անձնագրային համակարգի հետ։ Գործարքների քանակի ավելացման վրա իր ազդեցությունն է ունենում նաև նույնականացման քարտերի կիրառությունը։ Դրանք բազմաթիվ գործարքների ժամանակ կիրառելի են դարձել։ Եթե 2023–ին ընդհանուր առմամբ, շուրջ 65 000 նույնականացման քարտ է տրամադրվել, ապա այս տարվա առաջին կիսամյակում արդեն 71 000։ Սա կապված է նաև ՊԵԿ–ի հայտարարագրման համակարգի ներդրման հետ։ Ղազարյանն ամփոփում է՝ տարբեր ոլորտներում տեղի ունեցող փոփոխություններն իրենց ծառայությունների պահանջարկի վրա էականորեն ազդում են։
Համակարգը վերջին շրջանում նաև օպտիմալացվել է, արդյո՞ ք կուտակումները դրա հետ են կապված
Արմեն Ղազարյանը վստահեցում է՝ այդ երկու երևույթները իրար հետ կապված չեն։ Բացատրում է՝ օպտիմալացումը տեղի է ունեցել կոնկրետ տարածքային մարմինների հետ կապված, իսկ հաստիքակազմը չի փոփոխվել, մնացել է նույնը, փոխադրվել են այլ տարածքային ստորաբաժանումներ։ Երբ համակարգը ոստիկանության կազմում էր՝ որպես անձնագրերի ու վիզաների վարչություն, հնարավորություն կար ունենալու այսպես կոչված անձնագրային խմբեր կամ բաժանմունքներ, բայց քաղաքացիության ծառայության համակարգում, որին անցում է կատարվել, յուրաքանչյուր տարածքային բաժին, պետք է ունենա առնվազն չորս աշխատակից, որպեսզի ապահովվի այդ բաժնի կազմը քաղաքացիական ծառայության տրամաբանությամբ։




