
Ջերմուկ խոշորացված համայնքում անցկացվել է ֆորում-մեդիարշավ՝ նվիրված Ջերմուկի այլընտրանքային զարգացմանը։ Նախաձեռնողը «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն է եղել։ Ֆորումին մասնակցել են համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչներ, գյուղատնտեսներ, ֆերմերներ, զբոսաշրջության ոլորտի աշխատողներ, փորձագետներ և ԶԼՄ ներկայացուցիչներ։ Կարծիքներ են հնչել, որ կարևոր է ունենալ Ջերմուկի այլընտրանքային զարգացման ռազմավարություն: Ձևավորվել է Այլընտրանքային աշխատանքային խումբ, որը հարթակ է լինելու համայնքի բնակիչների ու իշխանությունների միջև՝ ճիշտ ու արդյունավետ օգտագործելու Ջերմուկի հնարավորություններն ու նպաստելու համայնքի զարգացմանը։
Ջերմուկի այլընտրանքային զարգացման ֆորումը մեկտեղել է ջերմուկցիներին ու Ջերմուկի ճակատագրով մտահոգ մարդկանց՝ կարծիքներ փոխանակելու ու մատնանշելու այն ուղղությունները, որոնք Ջերմուկի զարգացման այլընտրանքը կարող են դառնալ։ Ֆորումի նախաձեռնող «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ կարևոր է հաղորդակցությունը՝ ինչպես ու ինչ ենք մենք պատմում արտաքին աշխարհին՝ Ջերմուկի վերաբերյալ․

«Հաղորդակցությունը շատ կարևոր է, թե ինչ մեսիջներ ենք մենք հղում արտաքին աշխարհին Ջերմուկի վերաբերյալ։ Պետք է կոտրել այն միֆերը և կարծրատիպերը, որոնք առկա են, որպեսզի պարարտ ներդրումային դաշտ կարողանանք ձևավորել Ջերմուկի շուրջ»։
Ֆորում-մեդիարշավի նպատակն էր տեղացիների հետ քննարկել համայնքի կայուն, կանաչ տնտեսությունների և զբոսաշրջության զարգացմանն անհրաժեշտ նախադրյալները, Ջերմուկի հնարավորություններն ու մարտահրավերները։ Ֆորումի մասնակիցները կիսվեցին Ջերմուկի զարգացման իրենց պատկերացումներով, քարտեզագրեցին համայնքի կարիքներն ու իրենց տեսլականները, թե ինչպիսի Ջերմուկում են ուզում ապրել։
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանի ավագ մատենավար Քրիստինե Իվանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում խոսում է, օրինակ, լեռնադահուկային մարզաձևերի մասսայականացումից, որը լավագույնս կարող է բրենդավորել Ջերմուկը՝ առողջարանային ծառայություններին զուգահեռ. «Ջերմուկը լինելու է գրավչություն ներկայացնող քաղաք։ Եթե հաշվի ենք առնում մեր քաղաքի ունեցած պոտենցիալը տարբեր ասպարեզներում, սկսած առողջարանային տուրիզմից վերջացրած ձմեռային սպորտաձևերի զարգացմամբ, մենք հսկայական ծավալի ու բազմազանության քաղաք կարող ենք դառնալ, ծառայությունների մատուցման խնդիր չկա, կա Ջերմուկի մասին ճիշտ ու ընկալելի տեղեկություններ ներկայացնելու խնդիր։ Ես կարծում եմ, որ մենք ունենք պոտենցիալ կոսմետոլոգիական տուրիզմը նաև զարգացնելու»։

Դավիթ Ստեփանյանին՝ նույն ինքը մեղր Դավիթին, գիտեն ողջ Ջերմուկում։ 25 տարուց ավելի, ասում է, մեղու եմ պահում։ Գնորդների պակասից չի դժգոհում, ապրուստից էլ։ Բավարարում է արժանապատիվ ապրել ու աշխատել հարազատ քաղաքում։ Սեզոնին, ասում է, առողջարան եկողներն առանց ինձնից մեղր գնելու չեն հեռանում այստեղից։ Լավ կլիներ, ասում է, կառավարությունը Ջերմուկում մեղվաբուծության զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացներ. «Մեղվապահությունը շատ մեծ եկամուտ ա բերում, եթե Հայաստանում կառավարությունը ջանքեր դնի, փորձի մեզ օգնել, մեղվապահությամբ կարելի է Հայաստանը զարգացնել, որովհետև մեր մեղրը բրենդային մեղր է, կարելի է շատ արտադրել, արտահանել, աշխատատեղեր կարելի է բացել»։

Ֆորումի մասնակիցներից ձևավորվեց 7 հոգանոց այլընտրանքային աշխատանքային խումբ։ Խմբի համակարգող, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանն ասում է՝ փորձելու են ակտիվ ջանքեր գործադրել, որ կյանքի կոչվեն ֆորումին քննարկված տեսլականները՝ Ջերմուկի առողջարանային ու զբոսաշրջային համբավը վերականգնելու համար։
«Այստեղ կարիք կա լուրջ ներդրումների զբոսաշրջության ոլորտում, զբոսաշրջիկի համար ավելի ակտիվ միջավայր ստեղծելու։ Պետք է շեշտը դրվի Ջերմուկի մոտ գտնվող 2 գյուղերում տուրիզմի զարգացման ուղղությամբ։ Ջերմուկցիները պետք է մասնակից լինեն միջազգային ծրագրերին, որպեսզի իրենց անձնական բիզնեսով նպաստեն համայնքի զարգացմանը»։

Նախաձեռնությունը եզրափակվեց մեդիաարշավով։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային ոլորտի աշխատողների, Կեչուտ, Գնդեվազ գյուղական բնակավայրերի գյուղատնտեսների, վերամշակողտնտեսություններիներկայացուցիչների հետ` լսելու այն խնդիրների մասին, որոնք այսօր կան Ջերմուկում, ապահովելու օբյեկտիվ ու հավասարակշված լուսաբանում համայնքի զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Գյուղատնտեսներն ու ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների մեծ մասը համայնքի ապագան կապում է կանաչ, օրգանական գյուղատնտեսության ու որակյալ զբոսաշրջային ծառայությունների ու ենթակառուցվածքները զարգացնելու հետ։

Գագիկ Մարգարյանը ընտանիքի անդամների հետ Ամուլսարի լանջերին 6000 քմ տարածքը քարերից մաքրել՝ ուշահաս ծիրանի այգի է հիմնել, որ բավական թանկարժեք է։ Համոզված է՝ կանաչ գյուղատնտեսությունն է Ջերմուկի զարգացման այլընտրանքը հանքարդյունաբերության փոխարեն։ 62 -ամյա այգեգործը երազանք ունի՝ գալիք սերունդներին մաքուր բնություն ու միջավայր թողնել.«Ես հարգում եմ յուրաքանչյուրի կարծիքը․, բայց ես հանքի դեմ հարգել եմ այս կանաչը, գյուղատնտեսությունը, ծառը, ուզել եմ էս ուղով մենք զարգանանք, բնությունը սիրում եմ։ Բնությունը ինչ տվել է, դրանով պիտի ապրես, պիտի չքանդես: Կուզեմ նոր սերունդն էլ վայելի էս բնությունը, մաքուր օդը։ Հույս ունեմ, մյուս անգամ, որ գաք, մի բան ավելացրած կլինեմ»։

Միավորելով համայնքի, փորձագետների և լրատվամիջոցների ուժերը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն նպատակ ունի Ջերմուկի Այլընտրանքային աշխատանքային խմբի օրինակով ստեղծել երկխոսության հարթակ՝ համայնքների բնակիչների ու տեղական իշխանությունների միջև՝ միտված նորարարական գաղափարների կյանքի կոչմանն ու համայնքների կայուն, այլընտրանքային զարգացմանը։




