
ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը, թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշ անդամների մուտքն Ադրբեջան արգելվում է։
«Սա ցավալի ազդակ է, որը միայն ավելի է բարդացնում Ադրբեջանի վիճակը Եվրոպայի խորհրդում։ Անդամ երկրները պարտավորվել են հարգել ժողովրդավարության չափանիշները. իրենց խղճի համաձայն քվեարկողներին սև ցուցակում ներառելը կարող է միայն հակառակ արդյունքն ունենալ», — ասել է Թեոդորոս Ռուսոպուլոսը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ արգելել է եվրոպական 26 երկրների 76 քաղաքական գործիչների մուտքը երկիր՝ նշելով, որ կվերացնի արգելքը միայն այն դեպքում, եթե վերականգնվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) իր պատվիրակության մանդատը։
Հունվարին ձայների 76 կողմ, 10 դեմ, 4 ձեռնպահ հարաբերակցությամբ ԵԽԽՎ լիագումար նիստում որոշում էր ընդունվել Ադրբեջանի պատվիրակության մանդատները չվավերացնել: ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից ադրբեջանական պատվիրակությունը զրկվել է մինչև 2025թ.-ի հունվար:




