ԼուրերԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Անկախ, գաղտնի, ազատ․ անպատժելի ու սանձարձակ Տելեգրամի դատաստանի օրը եկե՞լ է

Անկախություն, գաղտնիություն, ազատություն` միջազգային մամուլն ամենաշատն այս երեք բառերով է պատմում Տելեգրամի սեփականատեր Պավել Դուրովի ձերբակալության և հաջորդող իրադարձությունների մասին։ Ծնունդով պետերբուրգցի 39-ամյա գործարարը 4 երկրների քաղաքացիություն ունի։ Վերջինը 2021-ին ստացել է Ֆրանսիայում։ Շաբաթ երեկոյան Դուրովը Բաքվից անձնական ինքնաթիռով Փարիզ էր գնում, Ֆրանս պրեսի փոխանցմամբ՝ գործարարի մտքով անցել էր ֆրանսիական ընթրիք պատվիրել մայրաքաղաքի ռեստորաններից մեկում, բայց Ֆրանսիայի իշխանությունները երեկոյի համար այլ պլաններ ունեին․

«Անչափահասների նկատմամբ բռնությունը կանխարգելող ֆրանսիական OFMIN գրասենյակը Դուրովին ձերբակալելու օրդեր է տվել՝ ենթադրյալ հանցագործությունների, այդ թվում՝ խարդախության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության , կիբերհարձակման, կազմակերպված հանցավորության և ահաբեկչության խթանման համար»,-գրում է Ֆրանսպրեսը։

Տելեգրամի անպատժելիությունը հատել է սահմանները՝  գործով քննիչի խոսքերն ուղիղ մեջբերում են ֆրանսիական առաջատար լրատվամիջոցները, հավելում՝ իրավապահները զարմացած են, որ Դուրովը եկել է Փարիզ՝ իմանալով, որ Եվրամիության երկրներում հետախուզման մեջ է ։ Տելեգրամն ի պատասխան հայտարերել է՝ Դուրովը թաքցնելու ոչինչ չունի, և հաճախակի է ճամփորդում Եվրոպայում․

«Telegram-ը ենթարկվում է ԵՄ օրենքներին՝ ներառյալ թվային ծառայությունների մասին օրենքին։ Դրա չափավորությունը համապատասխանում է ոլորտի չափանիշներին։ Անհեթեթ է պնդել, որ հարթակը կամ դրա սեփականատերը պատասխանատու են այդ հարթակի չարաշահման համար»։

Այս պահին  Ֆրանսիայի բանտախցերից մեկում աշխարհի 120-րդ ամենահարուստ մարդն է՝ 15,5 միլիարդ դոլար կարողությամբ։ Նա 2006-ին ստեղծել էր Vkontakte սոցիալական ցանցը։ 2011-ին Դուրովն առաջին անգամ Ռուսաստանի կառավարությունից հրաման ստացավ՝ ցանցից հեռացնելու ընդդիմադիր գործիչների էջերը։ Ի պատասխան այս պահանջի  Դուրովը լեզուն դուրս հանած շան նկար հրապարակեց։ Այս փուլից  սկսվեց իշխանությունների հետ հակամարտությունը, որի վերջին կաթիլը Ալեքսեյ Նավալնիի և Վիկտոր Յանուկովիչի էջերի արգելափակման պահանջն էր։ 2014-ին Դուրովն ազատվեց Vkontaktе-ի գլխավոր տնօրենի պաշտոնից ու հեռացավ Ռուսաստանից․

«Հետ գնալու պլաններ չունեմ։ Այդ երկիրն այս պահին անհամատեղելի է ինտերնետ բիզնեսի հետ»։

Դուրովը սկզբում Բեռլինից, հետո Դուբայից գործարկեց Տելեգրամը։ 4 տարում սոցիալական ցանցն այնքան պահանջված դարձավ, որ սեփականատերը որոշեց գործարկել նաև կրպիտոարժույթներով զբաղվող  Telegram Open Network հարթակը, սակայն այն շուտով փակվեց, քանի որ  ԱՄՆ արժեթղթերի և բոսաների հանձնաժողովը դատարանում ապացուցեց, որ հարթակը շրջանցել է ամերիկյան ֆինանսական  օրենքները և պետք է գումարը վերադարձնի ներդրողներին։ Ավելի ուշ Տելեգրամի անօրինական գործունեությունից սկսեցին դժգոհել ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Եվրոպան։ Ի վերջո՝ Տելեգրամը հաղորդակցվո՞ւմ է իրավապահների, կառավարությունների հետ՝հարցի  պատասխանը ոչ ոք չունի՝ ասում է տեղեկատվության անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը․

«Ռուսաստանում փորձում էին Տելեգրամը արգելափակել, բայց ինչ-որ ժամանակ անց նույնիսկ Ռուսաստանի քննչական կոմիտեն, ոստիկանությունը, բոլոր ռուսական պետական մարմինները, իրենք ալիքներ բացեցին Տելեգրամում և այդ գործընթացին զուգընթաց նաև ինչ-որ պնդումներ սկսեցին շրջանառվել, որ ամեն դեպքում Տելեգրամը սկսել է ինչ-որ տեղերում համագործակցել ռուսաստանյան իշխանությունների հետ։ Արդյո՞ք իսկապես Տելեգրամը համագործակցում է, թե՞ ոչ, մենք հստակ փաստեր չենք տեսել»։

Պապյանն իր փորձով է հիմնավորում՝ բազմիցս նամակներ է գրել Տելեգրամին՝ ատելության խոսքի, հեղինակային իրավունքի ու իրավունքի այլ խախտումների մասին, բայց արձագանք չի ստացել։ Տելեգրամի մոտեցումն է՝ հրաժարվել մոդերացիայից՝ վկայակոչելով խոսքի ազատության հիմնարարությունը, ի դեպ այդ ճանապարհով գնացել է նաև Իլոն Մասկը՝ Թվիթերը գնելուց հետո․

«Իլոն Մասկը, պատճառաբանեց, որ դրանով կտրուկ կրճատում է ծախսերը և աշխատակազմի մոտ 2/3–ը կրճատեց։ Սա մեզ թույլ է տալիս ենթադրել, որ Տելեգրամն էլ ինչ-որ առումով մտածում է, որ եթե փորձի լիարժեք մոդերացիա անել, պիտի իր աշխատողների քանակը առնվազն կրկնապատկի, իսկ դա զգալի ծախսեր է ենթադրում»։

Այն, որ Տելեգրամն ամենաանվտանգ հարթակն է՝ միֆ է, տեխնոլոգիապես անվտանգ շատ ուրիշ ցանցեր կան՝ ասում է տեղեկատվության անվտանգության մասնագետը։ Մեծ ցանկության  դեպքում հնարավոր է ոչ միայն դուրս գալ հանցագործի հետքի վրա, այլև՝ ունենալ ապացույցներ։

«Տելեգրամը սովորական չատային ռեժիմում, ինքը շատ սովորական վեբ գաղտնագրման ֆորմատով է, որը հնարավոր է կոտրել, բացի այդ, Տելեգրամը շատ մեծ ծավալի քեշ է հավաքում  հեռախոսի մեջ, և համակարգչում, այսինքն եթե իրավապահները բռնեն, բռնագրավեն սարքը, կարող են տելեգրամի քեշերի միջոցով մեծ ծավալի ինֆորմացիա էտեղից դուրս հանել»։

Բայց իր ձևի ու բովանդակության մեջ տելեգրամն այսօր ամենատարածվածն է, հեշտ հասանելի ու չկառավարվող, ինչն էլ գրավիչ է դարձնում հարթակն օրինակ թմրավաճառների, կեղծ ահաբեկիչների, մանկապիղծների համար՝ բացատրում է Պապյանը։ Դուրովի ձերբակալությունը որևէ ազդեցություն չի ունենա տելեգրամյան օգտատերերի վրա, փոխարենը՝ փորձ կարվի առնվազն Եվրամիության տարածքում ազատ խոսքի ու մարդու իրավունքների խախտման միջև հավասարության նշան չդնել․

«Այսինքն՝ փորձ է արվում հարկադրել, որպեսզի բոլոր հարթակները, ամեն դեպքում, գոնե Եվրամիության տարածքում անհրաժեշտ  մինիմալ նվազագույն պայմանների բավարարեն, և դա, կարծում եմ՝ լավ է»։

Թեև  Դուրովի ու Ռուսաստանի հարաբերությունները ամենալավ կետում չեն, բայց  Մոսկվան  չի հրաժարվել իր քաղաքացուց։ Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատունը պահանջել է ապահովել Դուրովի արդար դատաքննության իրավունքը։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան X-ում հիշեցրել է՝ ինչու էր Արևմուտքը լուռ 2018-ին, երբ Ռուսաստանն արգելում էր Տելեգրամը։ Նույն հարթակում Իլոն Մասկը ևս սատարել է Դուրովին՝  ֆրանսերենով 3 անգամ գրելով ազատություն բառը։ Դատարանն այսօր 48 ժամով երկարաձգել է կալանքը, այն կարող է տևել առավելագույնը 96 ժամ, որից հետո դատավորը պետք է կա՛մ ազատի նրան, կա՛մ մեղադրանք առաջադրի։

Կարդացեք նաև

Back to top button