
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հերթական անգամ տեսակցել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Մանրամասներ այն մասին, թե երբ է տեղի ունեցել հանդիպումը, և ինչ է արձանագրել կազմակերպությունը, չեն հաղորդվում՝ պահպանելով ընթացակարգերը։ Ուղիղ երկու ամիս առաջ Բաքվում հայտարարեցին, թե ավարտվել է 15 անձի նկատմամբ հետաքննությունը և գործերը շուտով կուղարկվեն դատարան։ Դրանից հետո, սակայն, նոր զարգացումներ չկան։ Այս ֆոնին Ադրբեջանը պատրաստվում է միջազգային մեծ համաժողով հյուրընկալել, որի անցկացման իրավունքի համար աջակցություն է ստացել Հայաստանից։ Դեկտեմբերին Երևանը հրաժարվեց միջոցառումն անցկացնելու հայտից, ինչի դիմաց Բաքուն ազատ արձակեց 32 հայ ռազմագերի։ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին մնացել է երեք ամիս։ Հայաստանում հույսեր կան, որ այդ ընթացքում կհաջողվի հասնել նաև պահվող մյուս գերիների վերադարձին։
Ամիսը մեկ անգամ տեսակցություն և հեռախոսազանգի միջոցով հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն․ սա Բաքվում պահվող հայ գերիների միակ իրավունքն է, որն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով։ Միջազգային կազմակերպությունը հաստատում է՝ հայ գերիների օգոստոսի տեսակցությունը կատարել է, ինչպես հունիսին և հուլիսին։ Գնահատվել են պահման պայմանները, առողջական վիճակը, նրանց հանդեպ վերաբերմունքը։ «Ըստ ընթացակարգերի՝ առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ հարցերը քննարկվում են միայն պահող իշխանությունների հետ»,- պարզաբանում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեից։
Այս պահի դրությամբ հաստատված տվյալներով ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն են։ Հունիսին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ Ուղիղ 2 ամիս առաջ Բաքվուն հաստատեց, որ Արցախի նախկին ղեկավարների շինծու գործերը շուտով կուղարկեն դատարան։ Այս ուղղությամբ զարգացում դեռ չկա։
Փոխարենն Ադրբեջանը լրջորեն նախապատրաստվում է միջազգային համաժողովի, որը թեև թեմատիկ առումով բնապահպանական է, բայց, Բաքվի ներկայացմամբ, նաև մարդասիրական համատեքստ ունի։ Այս պնդումն առաջին պլան է բերում Բաքվում պահվող գերիների հարցը, որը Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ առաջիկա ամիսներին պետք է դառնա Հայաստանի աշխատանքի գլխավոր ուղղությունը։
«Գերիների խնդիրը հատկապես հիմա՝ Բաքվում միջազգային վեհաժողովի շեմին պետք է դառնա հայկական դիվանագիտության և քաղաքականության առաջնահերթությունը։ Ոչ մի բանակցություն մինչև գերիների վերադարձ»։
COP29` ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովն Ադրբեջանում անցկացնելու որոշումը կայացվեց անցած դեկտեմբերին՝ Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց: Որոշումն ընդունվեց նաև պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն ազատ արձակեց 32 հայ ռազմագերիների։
Թեև Հայաստանում հույսեր են կապում, որ մինչև նոյեմբեր Ադրբեջանը կփորձի աշխարհին ցուցադրեն իր մարդասիրությունը, բայց Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը վստահ է, որ այդ քայլը չի վերաբերվի Արցախի նախկին ղեկավարությանը, ենթադրում է, որ նրանց Բաքվում սպասելու է ցուցադրական դատավարություն, նաև որպես օրինակ Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների համար։
«Ադրբեջանը իրեն հարմար ինչ–որ իրավիճակում գերիների հարցը որպես քաղաքական առևտրի առարկա է օգտագործում, ոչ թե ճնշման արդյունքում է նրանց բաց թողնում։ Ադրբեջանը ինչպես նախորդ անգամները նորից փորձելու է ինչ–որ մի բան ստանալու դիմաց դա «վաճառել»։ Եթե COP29–ից առաջ Ադրբեջանը ցանկանա իր միջազգային հեղինակություն կամ ինչ–որ բան ստանալ, թեկուզ ռեպուտացիոն իմաստով, հնարավոր է, որ գնա այդ քայլի»։
Մինչդեռ հենց ադրբեջանցիների շարքում կան մարդիկ, ովքեր բարձրաձայնում են իրենց երկրում առկա խնդիրների մասին։ Միջազգային իրավապաշտպան կառույցները, Ալիևի վարչակազմի ընդդիմախոսները քննադատել են հեղինակավոր միջոցառումը Բաքվում անցկացնելու որոշումը՝ կոչ անելով հավաքի մասնակիցներին հասնել Ադրբեջանի բանտերում պահվող ավելի քան 300 քաղբանտարկյալների ազատ արձակմանը և սահմանափակումների թուլացմանը։
Թերևս նաև սա է պատճառը, որ Բաքվի COP29-ի շուրջ ցածր մասնակցություն է նկատվում։ Խնդրին անդրադարձել է ամերիկյան Politico պարբերականը։ Ամերիկյան լրատվամիջոցների ուսումնասիրությունները փաստում են, որ բազմաթիվ ընկերություններ նախընտրում են Բաքու մեկնելու փոխարեն մասնակցել, օրինակ, սեպտեմբերին՝ «Նյու Յորքի Կլիմայական շաբաթ»-ին կամ հոկտեմբերին` Կոլումբիայում կազմակերպվելիք COP16-ին։
Climate Group-ը, որը կազմակերպում է նյույորքյան հավաքը, մասնակցության հայտերի, բանախոսների թվի կտրուկ աճ է արձանագրել՝ 1350 հայտ՝ նախորդ տարվա 650-ի դիմաց․ թե ինչով է պայմանավորված այդ մեծ հետաքրքրությունը, կազմակերպիչները դժվարացել են պատասխանել։
Օրերս Բոննի կլիմայական կոնֆերանսում ադրբեջանցի վտարանդի լրագրող Արզու Գեյբուլաևան հարց էր բարձրացրել՝ ովքե՞ր և ինչպե՞ս պետք է Ալիևի վարչակազմին պարտադրեն հաշվետու լինել կլիմայական ներքին քաղաքականության վերաբերյալ և ո՞վ պետք է վեր հանի ադրբեջանական հանածո վառելիքի արդյունաբերության թերությունները, երբ երկրի անկախ ձայները բանտարկված են։
«Խոսելով Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին կարող եմ ասել, որ այն այնքան մտահոգիչ է, որ COP29-ին ընդառաջ երկրում կարող է որևէ անկախ, անկողմնակալ ձայն քաղհասարակությունում չմնալ։ Անցյալ տարվանից ի վեր քաղաքացիական խմբերի դեմ բռնաճնշումները շարունակվում են»։
Կլիմայի հարցով COP29 համաժողովից առաջ հարկ է հիշել, որ Ադրբեջանում ճաղերի հետևում են նաև բնապահպան ակտիվսիտները։ Օրինակ՝ Նազիմ Բեյդամիրլին ձերբակալվել էր Սոյուդլու գյուղում ոսկու հանքի դեմ բռնկված ցույցերի ֆոնին։ Նա հրապարակավ աջակցել էր գյուղացիներին, որոնք պահանջում էին դադարեցնել հանքի շահագործումը՝ պնդելով, որ արտանետումները թունավորում են ընդերքն ու գետերը՝ գրեթե անհնարին դարձնելով անասնապահությունը։




