
Հռոմի Ֆրանցիսկոս պապը սուրբ Պետրոս հրապարակ ժամանած ուխտավորներին ուղղված իր խոսքում դատապարտել է Ուկրաինայում ռուսական եկեղեցու դեմ ընդունված նոր օրենքը, հայտնում է Vatikannews-ը։
«Եկեղեցուն չպետք է դիպչել»,- ասել է Հռոմի պապը՝ մտահոգություն հայտնելով եկեղեցու հետևորդների ազատության համար։
«Թող յուրաքանչյուրն աղոթի այն եկեղեցում, որն իրենն է համարում։ Խնդրում եմ ուղղակի կամ անուղղակի չվերացնել որևէ քրիստոնեական եկեղեցի»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։
Օգոստոսի 24-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարևորել է օրինագծի ընդունումը՝ ընդգծելով ուկրաինացի ժողովրդի հոգևոր անկախությունը։
Ուկրաինական ուղղափառ եկեղեցին հայտարարել է, որ խզել է բոլոր կապերը Մոսկվայի պատրիարքարանի հետ 2023 թվականին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման պատճառով: Այնուամենայնիվ, ուկրաինական իշխանությունները նրան մեղադրում են կապեր պահպանելու մեջ:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն կոչ էր արել Ուկրաինայի իշխանություններին չխախտել ուղղափառ համայնքի պատմականորեն հաստատված միասնությունը։
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի Գերագույն Ռադայի օգոստոսի 20-ի որոշումը, ասել է․
«Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր դիրքորոշումն է հայտնել Ուկրաինայի կրոնական կյանքի հետ կապված այս տագնապալի խնդրի առնչությամբ, երբ կրոնական կազմակերպությունների գործունեության ոլորտում սահմանադրական կարգի պաշտպանության մասին օրենքը դեռ մշակման փուլում էր։ Ցավոք, այս օրինագծի վավերացման հնարավոր անցանկալի հետևանքների և ուղղափառների վրա դրա բացասական ազդեցության վերաբերյալ Հայ Եկեղեցու և մյուս եկեղեցիների կողմից արտահայտված արդարացի մտահոգությունները արձագանք չգտան, որոշումներն ընդունվեցին ստեղծված քաղաքական իրավիճակի ազդեցությամբ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմում է Ուկրաինայի բարեկամ ժողովրդի զավակներին՝ իշխանություններին և օրենսդիրներին՝ կոչ անելով չխախտել ուղղափառ համայնքի պատմականորեն հաստատված միասնությունը, պաշտպանել գոյություն ունեցող կրոնական համայնքների, հավատացյալների և հոգևւորականների իրավունքները, հարգել սրբավայրերի անձեռնմխելիությունը»,- նշել է քահանա Արթենյանը։
Նա նաև հավելել է, որ Հայ առաքելական եկեղեցու և բարեպաշտ ժողովրդի ցանկությունն է, որ Աստծո ողորմածությամբ շուտափույթ լուծվի ռուս-ուկրաինական հակամարտությունը, բացառվեն եկեղեցական կյանքը խաթարող անընդունելի երևույթները և վերականգնվեն եղբայրական ժողովուրդների՝ դարերով փորձված բարեկամության հարուստ ավանդույթները։




