
Փոխանակումն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է փոխանակման մասին տեղեկությունը։ Ռուսաստան է վերադարձել Կուրսկի շրջանում գերեվարված 115 զինծառայող,
փոխարենը նույնքան զինծառալող վերադարձել է Ուկրաինա, հաղորդել է պաշտպանության գերատեսչությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես հաստատել է ռուսական գերությունից 115 ուկրաինացի զինվորների վերադարձը։
«115 հայրենիքի պաշտպաններ այսօր վերադարձան տուն։ Նրանք ազգային գվարդիայի, զինված ուժերի, նավատորմի, պետական սահմանային ծառայության զինվորներ են»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի համակարգող խորհրդին, որը զբաղվում է փոխանակմամբ, և Արաբական Միացյալ Էմիրություններին, որոնք հանդես են եկել որպես միջնորդ։
Ըստ ուկրաինական իշխանությունների՝ հայրենիք վերադարձածները բոլորը ժամկետային զինծառայողներ են, որոնցից մի քանիսը ռուսական գերության մեջ են եղել 2022 թվականի ռուսական ներխուժման առաջին ամիսներից։
Ազատ արձակվածների թվում կան ռազմական նավաստիներ, սահմանապահներ, ինչպես նաև Մարիուպոլի 82 պաշտպան, որոնցից 50-ը պաշտպանել են Ազովստալը։
ԱՄԷ ներկայացուցիչներն ընդգծում են, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր սա 55-րդ ռազմագերիների փոխանակումն է, որոնց մեծ մասը տեղի է ունեցել Աբու Դաբիի միջնորդությամբ։
ԱՄԷ պաշտոնյաների տվյալներով՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից Աբու Դաբիի միջնորդությամբ կողմերի միջև փոխանակվել է 1788 մարդ։




