ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Բաքուն պատրանք է ստեղծում, թե նախընտրում է ռուսական հարթակը․ փորձագետ

Չնայած ռուս-ադրբեջանական բարձր մակարդակով հանդիպումներին ու դրանց ֆոնին հնչող հայտարարություններին՝ փորձագետները կասկածում են Բաքվի և Մոսկվայի հարաբերությունների անկեղծությանը։ Նրանց համոզմամբ՝ Ադրբեջանը նպատակ չունի իրականում խաղաղության պայմանագրի կնքման Հայաստանի հետ, ընդհակառակը, հանում է փաստաթղթից կարևոր դրույթները, քանի որ կարծում է, որ հարցերը կարող է լուծել ռազմական ճանապարհով։ 

Բաքուն պատրանք է ստեղծում,  թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նախընտրում է բանակցությունների ռուսական հարթակը՝ համոզված է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Վերլուծելով օրերս  Բաքու կատարած ՌԴ նախագահի  այցն ու դրան հաջորդած  հայտարարությունները, ինչպես նաև ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ Պուտինի հեռախոսազրույցը, փորձագետը եզրահանգում է՝ Մոսկվան տարածաշրջանային հարցերում ոչ թե փաստերով, ցանկություններով է առաջնորդվում։

«Այստեղ մենք գործ ունենք Ռուսաստանի կողմից տոտալ կոմպետենտության կորստի հետ՝ այս տարածաշրջանի հետ աշխատանքում, և սա լուրջ խնդիր է նաև մեզ համար։ Բայց մյուս կողմից էլ անլուրջ են արևմտյան հարթակում լուծումներ գտնելու փորձերը, քանի որ արևմտյան երկրները չեն կարող այս տարածաշրջանի հարցերը լուծել միակողմանիորեն և նման նպատակ էլ չունեն։ Այսպիսով, մենք չենք կարող անտեսել ռուսական կողմը, բայց  այստեղ էլ գործ ունենք կոմպետենտության կորստի և անհասկանալի քաղաքականության հետ, որը հիմնվում է ոչ թե փաստերի, այլ ցանկությունների վրա»։

Փաշինյանի հետ հետախոսազրույցի ընթացքում, ըստ հայկական կողմի, Պուտինը ներկայացրել է Ադրբեջան կատարած այցի տպավորությունները։ Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։

Ռուսական կողմը  նշում է, որ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցեր՝ հաշվի առնելով Բաքվում Ալիևի հետ Պուտինի բանակցությունները։ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Պուտինը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների սահմանագծման և սահմանազատման գործընթացի խթանման, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում Մոսկվայի աջակացության պատրաստակամությունը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահն ասել էր, որ Մոսկվան ուրախ կլիներ, եթե կարողանար ինչ-որ բան անել խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ թյուր է այն տպավորությունը, թե Բաքուն նախընտրում է ռուսական հարթակը։

«Ադրբեջանը պատրանք է ստեղծում, թե իբր նախընտրում է ռուսական հարթակը, բայց մենք Ալիևից չենք լսել, որ նախընտրում է ռուսական հարթակը, այսպիսով սա իրողություն չէ։ Եվ մենք պետք է շատ ինտենսիվ պատրաստվենք պատերազմի և ոչ խաղաղության, որովհետև լինելու է պատերազմ և ոչ խաղաղություն։ Եթե մենք լուրջ մտածում ենք պետության ապագայի մասին, ապա մտածել խաղաղության մասին, որի նպատակն այս տարածաշրջանում ոչ ոք չունի, անլուրջ է։ Օրեցօր աճում է պատերազմի հավանականությունը և այս այցով նույնպես աճել է։ Այնպես որ խաղաղության մասին խոսակցությունները ոչ միայն անիրատեսական են այլև Հայաստանի շահերից չեն բխում»։

Վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ կարծում է, որ Մոսկվան չի ուզում լինել հայ-ադրբեջանական միջնորդ: Նա հորդորում է իրավիճակը միայն ցանկություններ արտահայտող հայտարարություններով չգնահատել:

«Լինել հայ-ադրբեջանական միջնորդ, նշանակում է կապել սեփական ձեռքերն ու ոտքերը, որովհետեւ թե Ադրբեջանը, թե անգամ Հայաստանը խոնարհաբար չեն ընդունելու ամեն ինչ:

Եվ սա վերաբերում է ոչ միայն Մոսկվային: Սա վերաբերում է Կովկասի բոլոր աշխարհաքաղաքական շահառուներին»:

Նրանք բոլորը, ըստ Բադալյանի, խաղի մասնակից են և խաղի վրա փորձում են ունենալ հնարավորինս մեծ ազդեցություն, բայց այդ մեծ ազդեցության ճանապարհը այսօր ոչ թե միջնորդ դառնալն է, այլ հակառակը՝ միջնորդի կարգավիճակի բեռի տակ չմնալը:

Բադալյանը կարծում է, որ նաև այդ պատճառով է Վաշինգտոնը պարբերաբար մատնացույց անում երկու կողմեր՝ի միմյանց հետ խոսելու հանգամանքը՝ հաշվի առնելով նաև նախորդ տարվա մայիսին եւ հունիսին վաշինգտոնյան երկու ռաունդ բանակցությունների արդյունքները։

Կարդացեք նաև

Back to top button