
Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, ինքնիրավչության, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելու մեջ։ Դատական ակտը մտել է ուժի մեջ, բայց Առուշանյանը չի կատարում կետերից մեկը՝ հրաժարվել համայնքապետի պաշտոնից։ Ըստ դատավճռի՝ նա չի կարող 5 տարի պաշտոն զբաղեցնել։ Գորիս համայնքի ավագանին պնդում է՝ կա օրենսդրական բաց, իսկ Պրոբացիայի ծառայությունը դիմել է դատարան՝ պատիժը ազատազրկմամբ փոխարինելու։
«Հարգելի ավագանու անդամներ, համաձայն ՏԻՄ օրենքի 65-րդ հոդվածի և Գորիսի ավագանու կանոնակարգի 90-րդ հոդվածի այսօր հրավիրվում է ավագանու արտահերթ նիստ։ Օգոստոսի 21-ի նիստի օրակարգում 6 հարց է»։
Խոսափողները միացված են, և մինչ արդարադատություն իրականացնող ու վերահսկող մարմինները փորձում են Առուշ Առուշանյանին համոզել, որ օրենքի պահանջով պիտի վայր դնի լիազորությունները, վերջինը ավագանու արտահերթ նիստ է հրավիրում։ Այս պահին նա շարունակում է պաշտոնավարել։
Ըստ արդարադատության նախարարության հաղորդագրության՝ Առուշ Առուշանյանը հրավիրվել է պրոբացիայի ծառայություն։ Արդարդատության նախարարի մամուլի խոսնակ Նորայր Շողիկյան․
«Առուշ Առուշանյանը հրավիրվել է պրոբացիայի ծառայություն, ներկայացվել է 3 պահանջ՝ ակտ 700.000 դրամ տուգանքի մասին, 2-րդով՝ 1 տարի 6 ամիս փորձաշրջան ու երրորդը՝ 5 տարով պաշտոնավարման արգելք»։
Օգոսոտսի 19-ին՝ մինչև Առուշ Առուշանանի պրոբացիայի ծառայություն ներկայանալը, Գորիսի համայնքի ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելու պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի գրությունը, որում նշվում էր, որ համայնքի ղեկավարը պետք է պաշտոնանկ արվի։ Ավագանու նիստի մասնակից 14 անդամները միաձայն արձանագրել են, որ գրության պահանջն ավագանու գործառույթներից դուրս է, առկա է այդ գործընթացը ավագանու կողմից կազմակերպելու անհնարինության վիճակ։
Ըստ ավագանու՝ ՏԻՄ պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով պատժի դատապարտվելը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով ներառված չէ համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերում։ Որպես քրեաիրավական իրավահարաբերությունից բխող հիմք դրանում ներառված է բացառապես ազատազրկման դատապարտվելը և այդ պատիժը կրելը, որ տվյալ պարագայում բացակայում է։ Առուշ Առուշանյանի փաստաբանական խումբը գտնում է, որ օրենսդրի պահանջը՝ պաշտոն չզբաղեցնելու հիմքով կապ չունի ընտրովի պաշտոնների հետ։
«Կարծում եմ, որ հենց օրենսդիրը ընտրովի պաշտոնները չի ներառել լրացուցիչ պատիժների մեջ՝ նկատի առնելով, որ այդ պաշտոններն ընտրովի են», – ասում է Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Առուշ Առուշանյանը կատարել է դատարանի պահանջներից մեկը՝ վճարել է 700 հազար տուգանքը և կտրոնը ներկայացրել պրոբացիայի ծառայություն։ Սակայն ծառայությունը կազմել է պատժից խուսափելու մասին արձանագրություն և միջնորդություն է ներկայացվել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Առուշ Առուշանյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու ուղարկելու վերաբերյալ: Փաստաբան Արմեն Մելքոնյանն այս որոշումը ոչ իրավաչափ է համարում։
«Իրավաչափ չէ։ Էդ դեպքում պիտի ավագանուն մեղադրանք առաջադրե՞ն։ Պրոբացիան դիմել է համայնքի ավագանուն՝ Առուշանյանին պաշտոնանկ անելու։ Ավագանին չի կատարել։ Ընդ որում, ավագանին ասում է՝ ես ՀՀ Սահմանադրությամբ նման իրավունք չունեմ, ցույց տվեք էդ նորմը, դե թող ավագանուն մեղադրանք առաջադրեն»։
Առուշ Առուշանյանը «Ռադիոլուրի» հետ հեռախոսազրույցում ասաց, որ չի մեղադրում պրոբացիայի ծառայությանը։ «Իրենք իրենց գործն են արել, ավագանին՝ իրենը։ Դատարանը կտա այս հարցի լուծումը»,-ասաց Առուշանյանը՝ ավելացնելով, որ լինելով պաշտոնյա՝ հարգում է պետական կառույցները։ Իսկ պաշտպանական թիմը իր մարտավարությունն է մշակում՝ չբացառելով Սահմանադրական դատարան դիմելը։




