ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Գնա՞լ, թե՞ չգնալ Բաքու․ Ադրբեջանը COP 29-ի հրավեր է ուղարկել

Ինչո՞ւ գնալ կամ ինչո՞ւ չգնալ Ադրբեջան՝ մասնակցելու COP-29 գագաթնաժողովին։ Ադրբեջանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին պաշտոնապես հրավիրել է Բաքու՝ մասնակցելու COP-29–ին։ Քանի դեռ արտաքին քաղաքական գերատեսչությունը հրավերին պաշտոնապես չի արձագանքել, վերլուծաբանները քննարկում են Բաքու գնալու կամ չգնալու թեր և դեմ կողմերը՝ հիշեցնելով՝ գագաթնաժողովի անցկացումը Բաքվում, այսպես ասենք, հնարավոր եղավ Երևանի թույլտվության պայմաններում։ Նախորդ դեկտեմբերին որպես բարի կամքի արտահայտություն Հայաստանն իր աջակցությունն էր հայտնել Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը։

Ադրբեջանում նոյեմբերի 11-22–ը նախատեսված ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության  COP-29 համաժողովին Հայաստանի հնարավոր մասնակցության միակ իմաստավորված հանգամանքը կարող է լինել հայ գերիների վերադարձի  հարցը՝ կարծում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Դեռևս պարզ չէ՝ պաշտոնական Երևանը կմասնակցի՞ այդ գագաթնաժողովին, թե՞ ոչ, սակայն մասնակցողը պետք է նկատի ունենա, որ Բաքվում հնարավոր է գրոհի ենթարկվի՝ համոզված է զրուցակիցս։

«Ադրբեջանն այնտեղ հայերի դեմ, այսպես կոչված, բնապահպանական գրոհի ալիք է ձևավորելու։ Այսինքն՝ մեր մասնակիցն անընդհատ ստիպված է լինելու առնվազն լսել, որ Հայաստանի հանքարդյունաբերությունն աղտոտում է ռեգիոնը և այլն՝  այդ կերպ նաև քողարկելով իր հակաբնապահպանական նկարագիրը և փորձելով թիրախավորել, հարվածել Հայաստանի տնտեսության առանցքային ուղղություններից մեկին։ Բնական է, որ այս պարագայում մենք պետք է պատրաստ լինենք նաև պատասխանելու այս ամենին շատ հանգամանալից, շատ համոզիչ։ Եվ հարկ եղած դեպքում ոչ միայն պատասխանել՝ պաշտպանվողի տրամաբանությամբ, այլև ներկայացնելու, թե իրականում ինչպիսի հակաբնապահպանական պատկեր է Ադրբեջանում։ Եթե մենք դա չենք անելու, ապա գնալը ուժեղացնելու է մեզ ուղղված հարվածը»։

Ադրբեջանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին արդեն հրավիրել է Բաքու՝ մասնակցելու COP-29 համաժողովին,  ՀՀ արտգործնախարարությունից դեռ  COP-29 մասնակցության հարցում արձագանք չկա, սակայն կա անհանգստություն, որ Ադրբեջանը աշնանը կարող է դիմել սադրանքի, ինչի համար, ըստ շատ փորձագետների, հիմք կարող են լինել COP-29 ընթացքում որոշակի զարգացումները։

Ալիևն արդեն հայտարարել է, թե COP-29 –ի հավելյալ օրակարգը, որն Ադրբեջանը կառաջարկի, խաղաղությունն է։

Նախագահի օգնական Հաջիևն էլ նշել է, թե COP-29 նստաշրջանի ընթացքում  Ադրբեջանը կարող է երկրներին հրավիրել զինադադար կնքելու։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն էլ հայտարարել էր, թե համաժողովը լավ հնարավորություն է Խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։

Հակոբ Բադալյանը, դիտարկելով փաստաթղթի ստորագրման հավանականությունը, համոզմունք է հայտնում, որ դա չպետք է տեղի ունենա Բաքվում։

«Եթե խոսվում է հայ-ադրբեջանական ինչ-որ փաստաթղթի մասին, ապա այդպիսի փաստաթուղթ կարող է ստորագրվել չեզոք՝ երրորդ մի երկրում, այսինքն՝ այդ փաստաթուղթը չի կարող ստորագրվել Ադրբեջանում, քանի որ այդ կերպ տեղեկատվաքարոզչական ու իմիջային բոնուսը գնում է Ադրբեջանին։ Եվ դեռ հարց է՝ արդյո՞ք այդ փաստաթուղթն իր բովանդակությամբ ու շեշտադրումներով համապատասխանելու է Հայաստանի շահերին և ընդհանրապես արժանի է ստորագրման։ Նկատի չունեմ «Խաղաղության պայմանագիրը», քանի որ դրա ստորագրման հավանականությունը զրոյական եմ համարում, այլ «Շրջանակային համաձայնության» տրամաբանությամբ ինչ-որ փաստաթուղթ։ Բայց անգամ այդ պարագայում դա պետք է լինի մինչև COP-29–ը»։

Արցախի Ազգային ժողովի նախկին խմբակցությունները մինչև COP-29-ը հայտարարում են՝ ակնհայտ է, որ Բաքուն համաժողովն օգտագործում է՝ մոլորեցնելու համաշխարհային հանրությանը և շեղելու հանրային կարծիքը իր երկրի էության հետ շաղկապված ոճրագործություններից։ Նրանք կոչ են անում տարածաշրջանի՝ խաղաղությամբ շահագրգիռ երկրներին, կազմակերպություններին ու անհատներին միանալ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի և Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի սկսած արշավին և միջազգային հանրությանը սթափության կոչ հղել, ցույց տալով և բացահայտելով Ադրբեջանի նենգ մտադրությունները։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան․ «Եթե այդ հայտարարությունները միջազգային հանրության կամ որևէ երկրի, անհատի մոտ  որևէ բան փոխի, ապա դա էլ կարող է մեր օգտին ծառայել, հատկապես երբ տեսնում ենք, որ Օկամպոն տարբեր հարթակներում ջանք է ներդնում, որպեսզի մոբիլիզացնի համահայկական ներուժը խնդիրները բարձրաձայնելու և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։ Եթե նա գնում է այդ ճանապարհով, ապա բարոյական տեսանկյունից ճիշտ չի լինի, եթե մենք անտարբեր լինենք կամ չմիանանք այդ արշավներին»։

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան կամ COP-ը համաձայնագիր է, որը ստորագրվել է աշխարհի ավելի քան 180 երկրների կողմից, ներառյալ նախկին ԽՍՀՄ երկրները։ Այն կլիմայի փոփոխության վերաբերյալ երկրների գործողությունների ընդհանուր սկզբունքների մասին է: Կոնվենցիան ընդունվել է 1992 թվականին՝ Ռիո դե Ժանեյրոյում և ուժի մեջ մտել 1994 թվականին։ Նախորդ տարի Դուբայում կայացած COP-28-ին մասնակցել են ավելի քան 140 երկրների առաջնորդներ։ Տեխնիկական աշխատողների հետ միասին մասնակիցների թիվը գերազանցել է 100 հազարը։

2022 թվականին Մինսկում կայացած COP-27-ին մասնակցել է մոտ 50 հազար ներկայացուցիչ։ 

Կարդացեք նաև

Back to top button