ԿարևորՀասարակություն

Հայաստանից և Արցախից ավելի քան 100 երեխա Սևանում մասնակցում է «Համերաշխության աշխարհ» խորագրով ճամբարին

Հայաստանից և Արցախից ավելի քան 100 երեխաներ Սևանում չորս օր շարունակ մասնակցում են  «Համերաշխության աշխարհ» խորագրով ճամբարին։ Այն իրականացնում է Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ հումանիտար հիմնադրամը՝ Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի (НИИРК) աջակցությամբ։

Մանկական ճամբարի բացմանը մասնակցել է ՌԴ Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի (НИИРК) միջազգային գիտական փոխանակման ծրագրերի ղեկավար Սերգեյ Բազավլուկը։ НИИРК-ի աջակցության շնորհիվ Հայաստանից և Արցախից 100 երեխաներ հնարավորություն ունեցան հանգստանալ Սևանա լճի գեղատեսիլ ափին, մասնակցել առաջնորդական որակների և հաղորդակցման հմտությունների զարգացմանն ուղղված ստեղծագործական և սպորտային միջոցառումների, ինչպես նաև բարելավեցին ռուսաց լեզվի գիտելիքները։

«Ճամբարը կոչվում է «Համերաշխության աշխարհ», քանի որ համերաշխության վրա հիմնված աշխարհը միշտ կլինի արդար, բարի և հրաշալի: Ճամբարային ծրագիրն այնպես է նախատեսված, որ այստեղ մասնակիցները զբաղվում են սպորտով, զարգացնում են ստեղծագործական ունակությունները։ Բայց ամենակարևորն այն է, որ մասնակիցներից յուրաքանչյուրը գտնի իր ընկերոջն այստեղ», -իր ողջույնի խոսքում ասել է Բազավլյուկը։

Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի կցորդ Դմիտրի Ռիկովը շնորհակալություն է հայտնել ծրագրի կազմակերպիչներին։ «Այն կազմակերպությունները, որոնք ուշադրություն են դարձնում երիտասարդների հետ աշխատելուն և ռուսաց լեզվի հանրահռչակմանը, շատ կարևոր, պատասխանատու աշխատանք են կատարում։ Ի վերջո, ռուսաց լեզուն, ինչպես ցանկացած օտար լեզու, զարգացնում է մեր մտածողությունը, օգնում է մեզ հասկանալ ուրիշներին, ավելի լավ հասկանալ աշխարհը: Բացի այդ, ռուսաց լեզուն, որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկը, լուրջ առավելություններ է տալիս նրանց, ովքեր տիրապետում են լեզվին։ Հին հույն փիլիսոփա Դիոգենեսն ասում էր, որ ցանկացած պետության հիմքը երիտասարդության կրթությունն է, և դատելով այն ամենից, ինչ մենք այսօր տեսել ենք և նորից կտեսնենք, ապա Հայաստանին իսկապես պայծառ ու լուսավոր ապագա է սպասվում»,-նշել է նա։

Ճամբարի բացման արարողությանը մասնակցել են նաև «Տուր ուժ. Տուր հույս․Տուր լույս», «Նոր գույներ» և «Դիզակ արտ» երիտասարդական մշակութային կենտրոնների մասնակիցները։

Ծրագրի վերաբերյալ իրենց գոհունակությունն են հայտնել Սևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմինե Ղուկասյանը և Արենիի քաղաքապետարանի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Ասատրյանը։

Կարդացեք նաև

Back to top button