
Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություններ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ունեն համապատասխան լիցենզիա, միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։ Այս պարզաբանումն արել է ՊԵԿ-ը՝ մեկ շաբաթից ուժի մեջ մտնող նոր կարգավորումներներին ընդառաջ։ Տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորող օրենսդրական ծավալուն փաթեթն ընդունվել է նախորդ տարեվերջին։ Փորձագիտական դաշտում հարկման հավասար պայմաններին կողմնակից են, բայց և նկատում են, որ տաքսի ծառայությունները կարող են թանկանալ։
Միանալ ծրագրային համակարգին և ոչ թե ձեռք բերել ՀԴՄ սարք․ սեպտեմբերի 1–ից էլեկտրոնային հարթակի միջոցով տաքսի ծառայությունների պատվերներ ընդունող, դրանք փաստացի փոխադրում իրականացնողներին փոխանցող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ սովորական քաղաքացիները կարող են աշխատել միայն այս տարբերակով։ ՊԵԿ ընթացակարգերի բաժնի պետ Անդրանիկ Մուրադյանը պարզաբանում է․
«Որևէ մեկը ՀԴՄ կտրոն չի տրամադրում պատվիրատուին, այլ այդ համակարգի միջոցով գեներացվում է այդ կտրոնը»։
Այն վարորդները, որոնք իրենց անձնական մեքենայով տաքսի ծառայություն են մատուցում, որևէ պարտավորություն չունեն՝ բացի հարկային մարմնում հաշվառվելուց։ ՊԵԿ համակարգին միանալու, էլեկտրոնային ՀԴՄ տրամադրելու և պետական տուրքը վճարելու պարտավորությունները նրանց փոխարեն կատարելու է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունը։
«Այս ամբողջ գործընթացի կազմակերպումը ու պատասխանատվությունը դրված է միայն էլեկտրոնային ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպության վրա։ Ինքն է այդ ամեն ինչը կազմակերպում»։
Իսկ էլեկտրոնային տաքսի ընկերությունները՝ GG–ն, Yandex–ը, Utaxi–ն և մյուսները, պետք է լիազոր մարմնից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ձեռք բերեն այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքը և վճարեն տարեկան պետական տուրք 1 մլն դրամի չափով։ Անհատ տաքսիների վարորդները նույնպես պետք է միանան համակարգին՝ մոբայլ հավելվածի միջոցով։
«Նրանց գործունեությունը ենթակա է լիցենզավորման։ Սովորական տաքսի ծառայությունները, եթե կազմակերպությունը կամ ԱՁ–ն է իրականցնում, պետական տուրք կա սահմանված՝ կախված մեքենաների քանակից, ֆիզիական անձինք նման գործունեությունը կարող են իրականցնել միայն մեկ անձնական ավտոմոբլիով։ Նրանց համար պետական տուրք չկա սահմանված։ Բայց նրանք բոլորն էլ իրենց կողմից իրականացվող ուղևորափոխադրումների մասով արտոնագիր ստանալու համար պետք է վճարեն պետական տուրք՝ կախված ուղևորափոխադրման արժեքից»։
Տաքսի ծառայության մատուցման դիմաց պետբյուջե վճարվող պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքից։ Պետական տուրքի դրույքաչափերը տարբեր են։ Կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի 2 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից, 3․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից, 5 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։ Անկանխիկ դրամով վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի1․5 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից, 2․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից, 4 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։ 1000 դրամ արժեքով պատվերի դեպքում պետական տուրքը 2024 թվականի սեպտեմբերի 1-ից կկազմի 20 դրամ, եթե պատվիրատուն վճարի կանխիկ (1000 դրամի 2 տոկոսի չափով), իսկ անկանխիկ վճարման դեպքում՝ տուրքը կկազմի 15 դրամ (1000 դրամի 1.5 տոկոսի չափով)։ Այս օրինակով ինքնաշխատ հաշվարկվում է ամսվա ընթացքում կատարված բոլոր պատվերների պետական տուրքի հանրագումարը։
Վարորդի ընկեր կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը հավասար հարկման դաշտում աշխատելուն դեմ չէ, բայց և նկատում է՝ սա առաջնային խնդիր չէր․
«Այնպես չէ, որ խնդիրը հրատապությունն է, ավելի շատ հավասարությունն է, եթե մարդը Հայաստանում բիզնես է ծավալում, պետք է մտնեն հարկման դաշտ։ Օնլայն տաքսի ծառայությունը միջնորդավճարի մասով հարկվում էր, բայց ընդհանուր շրջանառությունից հարկեր չէր վճարում»։
Եթե ֆիզիկական անձը 10 կամ 15 տոկոս միջնորդավճար էր տալիս, հարկը հաշվում էր այդ գումարից։ Այժմ ՝նաև պետական տուրք են վճարելու․
«Ցանկացած ծախսի ավելացում ոլորտում, այդ ոլորտում արժեքը բարձրացնում է։ Կարծում եմ, որ կբարձրացնեն։ Հո բարերար չեն տաքսու վարորդները, որ իրենց հաշվին մեզ ծառայություն մատուցեն»։
Քեյանի խոսքով՝ ոլորտը պետք է ոչ թե հարկման դաշտով կանոնակարգել, այլ մի շարք այլ որոշումներով։ Նշում է՝ նախ պետք է լուծել քաղաքացիներին որակյալ ծառայություն մատուցելու հարցը։ Իսկ առաջնայինը անվտանգ ուղևորափոխադրում կազմակերպելն է։




