ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Արևմտյան Նեղոսի» դեմ դեղամիջոց և պատվաստանյութ չկա. վարակված մոծակների թիրախում են Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերը

Համաճարակային իրավիճակն աշխարհում լարվում է: Արձակուրդային սեզոնի ավարտին կարմրուկի, կապույտ հազի, ջրծաղիկի, վարակիչ մյուս հիվանդությունների դեպքերի աճից խուսափելու համար առողջապահական գերատեսչությունը հրահանգել է ուժեղացնել ուսումնական հաստատություններում կանխարգելիչ միջոցառումները և հիշեցրել ծնողներին ժամանակին պատվաստել երեխաներին՝  հետագա բարդություններից խուսափելու համար։ Վարակային հիվանդությունները սովորաբար 4-7 տարին մեկ են ակտիվանում, բայց կան նաև հիվանդություններ, որոնք համեմատաբար նոր են և ոչ պակաս վտանգավոր։ Դրանցից են մոծակից փոխանցվող «Արևմտյան Նեղոսի» տենդը և Կապիկի ծաղիկը։ Առաջինն արդեն անհանգստացնող դրսևորումներ ունի, երկրորդի ռիսկը մեր տարածաշրջանում համեմատաբար ցածր է։

«Արևմտյան Նեղոսի» տենդով հաստատված դեպքերի թիվը Հայաստանում  հասել է 58-ի, հոսպիտալացված 41 հիվանդներից 4-ի վիճակը ծանր է, մյուսներինը` միջին ծանրության՝ հայտնում  է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։  Արևմտյան Նեղոսի տենդը մոծակների միջոցով փոխանցվող հիվանդություն է, դրանք էլ վարակվում են թռչուններից։

«Ունենք մեկ մահվան դեպք։ Այլ մահվան դեպքեր չեն գրանցվել։Մահացածը 1938 թվականին ծնված տղամարդ էր, ուներ մի շարք քրոնիկ հիվանդություններ»։ 

Վարակված մոծակից մարդուն փոխանցվող այս վարակը Հայաստանում առաջին անգամ է արձանագրում։ Եթե առողջ մարդկանց մոտ հիվանդությունը հիմնականում աննկատ է անցնում, ապա ծանր և քրոնիկ հիվանդություն ունեցողները պետք է զգուշանան։ Թիրախում հենց իրենք են։

«Այս հիվանդության համար հատուկ պատվաստանյութ կամ հատուկ դեղամիջոց չկա։ 80 տոկոս դեպքերում գրեթե առանց ախտանիշի է ընթանում ու բուժօգնության դիմելու համար որևէ գանգատ չի լինում։ Ծանր դեպքերում ախտահարվում է մարդկանց նյարդային համակարգը։ Հոսպիտալացված պացիենտների մոտ հիմնականում ինտոքսիկացիոն հիվանդություններին բնորոշ երևույթներ են գրանցվում»։

Արևմտյան Նեղոսի տենդը տարածող մոծակների հետազոտույթուն Հայաստանում առաջին անգամ անցկացվել է 1980-ականներին, սակայն այն ժամանակ ոչինչ չի հայտնաբերվել։ Նախորդ տարվանից այդ հետազոտությունները վերսկսվել են, դարձյալ ոչինչ չէր հայտնաբերվել, բայց այս տարի հուլիսին պարզվել է, որ Արագածոտնի մարզում 5 մոծակ ունի այդ հարուցիչը։ Առաջին նմուշը ստացվել է  օգոստոսի 7-ին։ Կրկնակի հետազոտությունից հետո արդեն պարզ էր, որ այդ հիվանդության հետ գործ ունենք։ Մինչ այժմ արձանագրված դեպքերը Արագածոտնի մարզում են եղել, սակայն թիրախում են նաև Արարատն ու Արմավիրը։ Մասնագետի փոխանցմամբ՝  հարևան երկրներում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքեր չեն հայտնաբերվել, բայց դեպքեր կան Ռուսաստանում, Իսրայելում, ԱՄՆ–ում, Արևելյան Եվրոպայում։ Այս վարակը մարդուց մարդ չի փոխանցվում, միակ աղբյուրը  վարակված մոծակի խայթոցն է։  «Էկզոտիկ» վարակների շարքից նորություն է նաև «Կապիկի ծաղիկը»։ Միայն թե ի տարբերություն նախորդի՝ այս հիվանդությամբ վարակվելու հավանականությունը մեր տարածաշրջանում փոքր է։

«Հիմնական փոխանցման ձևը հիվանդ կենդանու հետ շփումն է՝ մորթը, կամ հիվանդ կենդանուն ուտելը։ Ինչպես նաև սեռական հարաբերության ժամանակ։ Այլ  փոխանցման ուղիներ այս պահի դրությամբ չեն հայտարարվել։ Աֆիրկյան որոշ երկրներ միջին ռիսկայնության մեջ են, իսկ Արևմտյան  և Արևելյան Եվրոպաները, ինչպես նաև մեր տարածաշրջանը ցածր ռիսկայնության գոտի են համարվում»։ 

Համաճարակային իրավիճակն աշխարհում վարակիչ որոշ հիվանդությունների առումով գնալով լարվում է: Արձակուրդային սեզոնի ավարտին կարմրուկի, կապույտ հազի, ջրծաղիկի, վարակիչ մյուս հիվանդությունների դեպքերի աճից խուսափելու համար առողջապահական գերատեսչությունը հրահանգել է ուժեղացնել ուսումնական հաստատություններում կանխարգելիչ միջոցառումները։ Եվ իսկապես՝ հաշվի առնելով աճի միտումները  կանխարգելիչ  միջոցառումները չէին խանգարի։ Թեև, ի տարբերություն մյուս վարակիչ հիվանդությունների՝ այս հիվանդությունները կառավարելի են, վիճակագրությունն այնուամենայնիվ մտահոգիչ է։  Եթե ամբողջ 2023-ին գրանցվել էր կարմրուկի 554 դեպք, այս տարի մինչև օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում արդեն արձանագրվել է 547 դեպք։

«Առհասարակ վարակային հիվանդություններն ունեն համաճարակաբանական որոշակի օրինաչափություն և կախված հիվանդություոնից 4-7 տարին մեկ անգամ լինում են նման բարձրացումներ։ Այս տարի ունենք նաև կապույտ հազի դեպքերի աճ։ Այս հիվանդությունը նույնպես ենթարկվում է օրինաչափությանը. նախորդ բարձրացումը եղել է 2017-2018 թվականին։ Դեպքերի ճնշող մեծամասնությունը գրանցվում է մինչև  18 տարեկանների շրջանում, շատ մեծ բաժին են կազմում նախադպրոցական տարիքի երեխաները»։

Կորոնավիրուսի դեպքերը ևս աճում են։ Միայն  վերջին 14 օրերին Հայաստանում 229  դեպք է արձանագրվել, ինչը նախորդ  տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7 դեպքով ավելի է։ Վերջին 7 օրերին արձանագրվել է կորոնավիրուսի 113 դեպք, որը նույնպես նախորդ տարվա համեմատ ավելի է։  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավարը հայտնեց, որ Հայաստանում այժմ շրջանառվում է կորոնավիրուսի «Օմիկրոնի» JN.1 տարատեսակը, որն իր վարակելիության ու ծանրության աստիճանով ավելի թույլ է, քան նախորդ տարիներին գրանցված շտամերը։ Մահաբերության ցուցանիշը 0,5  է։ Հիմնական ռիսկի խմբերը  տարեց, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ են։ Աթոյանը նաև տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատ, սուր շնչառական վարակների՝ ինչպես սովորական, այնպես էլ ծանր դեպքերը նույնպես ավելացել են։

Կարդացեք նաև

Back to top button