
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Իրանական կողմը պատրաստ է ներդրումներ կատարել մեր երկրում արևային էներգետիկայի զարգացման ուղղությամբ: Ըստ Հայաստան- Իրան գիտական և արդյունաբերական համագործակցության կազմակերպության համանախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանի՝ արդեն ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն երկու գործարանի կառուցման ուղղության՝ մեկը Իրանում, մյուսը՝ Հայաստանում:
Արևային էներգետիկայի զարգացման նախագիծը չունի որևէ քաղաքական ենթատեքստ և ուղղված չէ «Գազպռոմի»դեմ, հավաստիացնում է Հայաստանի հելիոֆիկացիայի նախաձեռնողներից պրոֆեսոր Վահան Համազասպյանը: Ըստ նրա՝ արևային էներգետիկայի զարգացման ծրագիրը հետաքրքրել է նախագահ Սերժ Սարգսյանին, ով այցելել էր գիտնականի փորձադաշտ: Հատուկ մշակված «Ախթամար» համակարգի ֆոնին տարիներ առաջ լուսանկարվել էր էներգետիկայի և բնական պաշարների ներկայիս նախարար Երվանդ Զախարյանը: Ցավոք՝ մինչ օրս Հայաստանում գործնական քայլեր չեն ձեռնարկվում այլընտրանքային այս էներգետիկայի զարգացման համար, ինչը իչր հերթին կարող է խթանել երկրի արդյունաբերությունը: Դեռևս քայլեր են ձեռնարկվում առանձին բնակավայրերի հելիոֆիկացման վերաբերյալ, մասնավորապես, Սպիտակում և Արցախում։
Իրանական կողմից պատրաստակամություն է հայտնվել արևային սարքերի գործարանների կառուցման ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ: Միայն մեկ գործարանի արժեքը կկազմի 8 մլն ԱՄՆ դոլար։ Իրանական կողմը հետաքրքրված է արևային սարքերը օգտագործել գյուղատնտեսական մթերքների վերամշակման ոլորտում, քանի որ այս տեխնոլոգիան շատ բարձր է գնահատվում միջազգային շուկայում, նշեց Համազասպյանը։
Գիտնականը նշեց, որ, ի տարբերություն ջերմային էներգիայի, արեւից էլեկտրականություն ստանալը շատ թանկ հաճույք է: Այս առումով արտադրվելիք սարքերն ավելի հարմար են գյուղարտադրության մեջ, որտեղ կարիք կա հենց ջերմային էներգիայի։ Գիտնականը հավելեց., որ այժմ մշակվում են նաև հելիոֆիկացիայի ծրագրեր Ղրիմի եւ Լատինական Ամերիկայի երկրների համար։




