Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ քառյակի համագործակցության հեռանկարը կորոշվի սեպտեմբերին
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Սահմանադրական փոփոխությունները հերթական պատրանքն են ժողովրդին շեղելու համար, այսօր ասել է «Ժառանգություն» կուսակացության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշել է , որ «Ժառանգությունն» այս փուլում և այս իշխանությունների կողմից նախաձեռնված բարեփոխումները չի պաշտպանում։ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր կրկին խոսել է միացյալ հրապարակի մասին, նաև անդրադարձել «Ժառանգության» վարչության անդամի ու ԱԱԾ-ի միջև տեղի ունեցած միջադեպին: Դրա առիթով, ի դեպ, այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազություն:
Վերջերս տեղի ունեցած համագումարից հետո «Ժառանգության» հնաբնակներ Ստեփան Սաֆարյանի ու Հովսեփ Խուրշուդյանի ՝ վարչության կազմում չընդգրկվելը կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորում է դիտարկել ոչ թե ներկուսակցական խմորումների, այլ բնական ու օրինաչափ կուսակցական հերթափոխի համատեքստում։ «Ժառանգությունը ունեցավ համագումար, այդ համագումարի միջոցով եղավ վարչության կազմի ընդլայնում և երիտասարդացում: Շատ բնական է, որ կուսակցությունում տեղի է ունենում հերթափոխ»։
Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորում է տեղի ունեցածի մեջ դավեր չփնտրել, հիշեցնում է նաև, որ վարչության կազմը լքած ժառանգականներից յուրաքանչյուրն իր պատճառաբանությունն է ունեցել։ «Ստեփանն անցնում է հետազոտական աշխատանքի, Հովսեփը մնում է մեր տեղեկատվական-վերլուծական սյուներից մեկը: Ամեն ինչ օրինչափ է, դավադրության տեսություններ պետք չէ փնտրել»,- ասում է։
Իսկ գրասենյակի տեղափոխությամբ կուսակցությունն ընդամենը ծախսերն օպտիմալացնելու խնդիր է լուծել: «Ժառանգության» առաջնորդի բուն մտահոգություններն այլ դաշտում են և կապվում են կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանի և ԱԱԾ փոխհարաբերությունների հետ։ «Համագումարից հետո Ազգային անվտանգության ծառայությունը փորձ արեց մեր առնվազն երկու երիտասրադ կուսակցականներին հավաքագրել։ Սա շատ վտանգավոր, հակաօրինական քայլ է, որն ուղեկցվեց անձնական, ընտանիքին ու «Ժառանգությանն» ուղղված սպառնալիքներով»։
«Ժառանգությունն» այսօր արդեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, նույն դիմումը հղել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին։ Դիմումում նշվում է, թե ԱԱԾ որ աշխատակցի կողմից է ,«Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյանը համագործակցության առաջարկ ստացել, նշվում է նաև գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանի այն խորհրդականի անունը, ով միջնորդ է դարձել «Ժառանգության» ներկայացուչի և ԱԱԾ աշխատակցի միջև:
Դիմումին կից դատախազություն է ներկայացվել նաև զրույցի ձայնագրությունը, որը, ի դեպ, արդեն հրապարակել են տարբեր լրատվամիջոցներ։ «Ես կարող եմ ասել Հայաստանի իշխանություններին. ձեռքներդ հեռու ՀՀ քաղաքացիներից, «Ժառանգության» անդամներից: Եթե որևէ հարց ունեք մեր կուսակցության վերաբերյալ, հրապարակավ հարցրեք, ես էլ հրապարակայնորեն կպատասխանեմ»։
Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, ապա «Ժառանգության» առաջնորդը շարունակում է այն համոզմունքին մնալ, որ միակ ճանապարհը ոչ իշխանական ուժերի լայն համախմբումն է: Միացյալ հրապարակի առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ։ «Մինչև հիմա կատարյալ հաջողության չեն հասել, բայց մեր կարծիքով միակ ձևը հասնելու սահմանադրական իշխանափոխության, Հայաստանի ինքնիշխանության պահպանման, դա միացյալ հրապարակն է: Հասկացեք սա ուղիղ կամ փոխաբերական իմաստով»։
Խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերի համագործակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանն աննախադեպ է համարում ոչ միայն խորհրդարանի պատմության, այլ նաև քաղաքական մշակույթի մեջ: Նա կարծում է, որ համագործակցությունն ընլայնվելու ու խորանալու ներուժ ունի: Նույն պահանջը կա նաև հասարակության կողմից: Դրան դեմ չեն նաև ոչ իշխանական ուժերը։ Յուրաքանչյուրը, պարզապես, ըստ Հովհաննիսյանի, իր ներքին ժամանակացույցով է առաջնորդվում։ «Ակնհայտ է, որ քաղաքական ուժերի ղեկավարներն անկեղծ են ու հակված են միասին գործել, դժվարանում են, սակայն, ժամկետների շուրջ պայմանավորվել: Կարող եմ ասել, որ միասին գործելու և նաև օրակարգն ընդլայնելու հանձնառությունը կա»։
Կընդլայնվի՞ այդ օրակարգը, թե՞ ոչ, քառյակը դուրս կգա՞ խորհրդարանական պատերց, թե՞ կմնա նույն ձևաչափում, պարզ կդառնա աշնանը: Սեպտեմբերին, Րաֆֆի Հովհաննիսյանի ամփոփմամբ, կորոշվի ոչ իշխանակն ուժերի համագործակցության հեռանկարը։