
Ավելի լավ է լինել ոչինչ մի քաղաքում, որն ամեն ինչ է, քան լինել ամեն ինչ մի քաղաքում, որը ոչինչ է․ կապանցի վաղամեռիկ գրականագետ Վաչե Եփրեմյանին է մեջբերում Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը՝ կապանցիներին շնորհավորելով քաղաքի օրվա առթիվ ու մաղթելով նրանց, որ երջանիկ ու հպարտ զգան աշխարհի ամենաջերմ, հին, բայց հավերժ երիտասարդ քաղաքում։ Օգոստոսի երրորդ շաբաթ օրը նշվում է հարավային մայրաքաղաքի՝ Կապանի օրը։
Վաղ առավոտվանից Կապանում աշխույժ եռուզեռ է․ տոնական միջոցառումները սկսվել են համաքաղաքային ֆլեշ-մոբ հյուրասիրությամբ։ Կապանի զինանշանի պատկերով թխվածաբլիթներ են բաժանվում անցորդներին, պարեկներին, այդ ժամին աշխատող հաստատությունների ներկայացուցիչներին։

Հետո՝ հեծանվազք, ծաղկեդրման արարողություն Սյունիքի 1918-1920թթ․ ազատամարտի զորահրամանատար Պողոս Տեր-Դավթյանի հուշարձանին, ինչպես նաև Արցախյան բոլոր պատերազմում նահատակվածների հուշահամալիրում։
«Կապանը՝ Սյունիքի թագավարության մայրաքաղաք» կարգախոսով է նշվում քաղաքի տոնը։ Հանդիսությունը բացվում է Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Մակարյանի օրհնությամբ ու շնորհավորանքով։

Այսօր նաև եկեղեցական տոնացույցով Սուրբ Էջմիածնի օրն է․ «Ամեն անգամ Կապան մտնելիս շատ եմ ուրախանում․ տեսնում եմ բավականին փոխված, շենացող, զարգացող, հզորացող, տեսքի եկող մի համայնք, մի քաղաք, որը մեր հայրենիքի գեղեցիկ անկյուններից մեկն է, ու մենք պարտավորություն ունենք մեր երկիրը պահելու շեն՝ գնալով հզորացման ճանապարհով»։
Կապանի պատվավոր քաղաքացի, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը չէր պատկերացնում, որ ծնողների՝ Եվանդ Ղազանչյանի ու Գայլա Նովենցի հետ անցած դարի 60-ականներին տեղափոխվելով Կապան այսքան կկապվեր քաղաքի հետ՝ աշխատելով նաև Կապանի թատրոնում։
Հակոբ Ղազանչյան․ «Ես ուզում եմ որ քաղաքում միշտ խաղաղություն լինի, ուզում եմ, որ միշտ ժպտաք, որ ոչ մեկը չպակասի, ամեն անգամ իմ Կապան գալուց չպակասի։ Փառք Աստծո, Կապանը օրեցօր փոխվում է, ու կասկած չունեմ, որ Կապանը կշարունակի փարոսի պետ ձգել ինձ ու բոլոր նրանց, ովքեր առիթ են ունեցել շփվել ձեզ հետ»։

Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ասում է՝ քաղաքում իրականացվող ծրագրերն ու ընթացող աշխատանքներն ուղղված են համայնքի համաչափ զարգացմանը, բնակիչների կյանքի ու գործունեության համար առավել հարմարավետ միջավայրի ձևավորմանը։ Դրանց մասին խոսելով՝ համայնքապետը չի շրջանցում նաև ցավալի իրողությունները։
«Իսկապես ցավ եմ ապրում, ափսոսանք, որ հայտնվել ենք այս վիճակում, մենք պետք է անեինք բոլոր հնարավորն ու անհնարը՝ բոլոր առումներով,որ մեր աչքի առաջ տեղի չունենար հայոց Արցախի մեծ ողբերգությունը»։
Դուք ձեր կապվածությունը Կապանին պայմանավորեք ոչ թե միայն ծննդյան ու գրանցման փաստով, այլ Հայաստանի հարավային մայրաքաղաքում աշխատելու, արարելու ու բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորությամբ՝ կապանցիներին հորդորեց Գևորգ Փարսյանը․

«Այս տարիների ընթացքում առաջնորդվել ենք համայնքի պարտադիր ու առաջնահերթ խնդիրների լուծման սկզբունքով և մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում ենք պահել քաղքաշինության, կրթության, մշակույթի, սպորտի, գյուղատնտեսության, սոցիալ-տնտեսական և այլ ոլորտներումբարեփոխումները։ Շարունակել ենք աշխատել, կառուցել, ավարտել կիսատը, սկիզբ դրել նոր ձեռնարկների ու գաղափարաների ու իհարկե, շարունակելու ենք։ Սիրելի Կապանցիներ, համոզված եղեք, այն ինչ արվում է․ արվում է հանուն կապանի զարգացման և կապանցու ընդհանուր բարօրության համար, քանի որ Կապանը բոլորիս մեծ տունն է»։
Օրվա առիթով, Կապան համայնքի ղեկավարի որոշմամբ համայնքի բարձրագույն «Կապան» մեդալով պարգևատրվեց գիտնական, վաստակաշատ մանկավարժ Սեյրան Բալասանյանը։ Նա շատ պարգևներ է ստացել, վերջերս էլ արժանացել է վարչապետի պատվոգրի, սակայն այս մեդալը բացառիկ է համարում, քանի որ այն վկայում է կապանցիների կողմից գիտության մարդուն արժևորելը։
Գիտնականն առաջարկ ունի կառավարությանը․ «Ակադեմիական քաղաք, կառավարության քաղաքական որոշմամբ պիտի ստեղծվի, դա չի խանգարում, որ Կապանն էլ դառնա գիտական քաղաք։ Նախադրյալներն են՝ այստեղ են կենտրոնացված արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները։ Ինչպես ցույց է տալիս արտասահմանյան փորձը, գիտությունը զարգանում է այնտեղ, որտեղ արդյունաբերությունն է զարգացած»։
Ավանդույթի համաձայն՝ Կապանի համայնքապետի կողմից պատվոգրերի, շնորհակալագրերի ու հուշանվերների արժանացան տարբեր ոլորտներում համայնքի զարգացման գործում ավանդ ներդրած անձինք։ Տոնակատարությունները կշարունակվեն մինչև ուշ երեկո։











