ԿարևորՀասարակություն

Շիրակի մարզպետն այցելել է «Արփի լիճ» ազգային պարկ․ քննարկվել են ընթացիկ պահպանության աշխատանքներին առնչվող հարցեր

Ամասիա համայնք աշխատանքային այցի շրջանակներում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի ներկայացուցիչների, համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ եղել է Հայաստանի էկոտուրիզմի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ «Արփի լիճ» ազգային պարկում։

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Հակոբյանի, էկոպարեկային ծառայության ներկայացուցիչների ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են պարկի տարածքում, լճի ափամերձ շրջաններով, կատարել թռչնադիտում, զրուցել ծրագրերից, առկա հիմնահարցերից, տուրիստական հոսքերից։

Քաջածանոթ լինելով ազգային պարկի գործունեությանը և կարևորելով հետագա զարգացմանը միտված նախաձեռնություններն ու պարկի պահպանության պատշաճ իրականացումը` Մուշեղ Մուրադյանը հետաքրքրվել է առաջիկա անելիքներից։

«Մեզ համար Շիրակի հյուսիսի ներուժի օգտագործումը չափազանց կարևոր է, զբոսաշրջության զարգացման առումով ծովի մակերեույթից 2025 մետր բարձրության վրա գտնվող Արփի լիճն ու ազգային պարկն առաջնահերթություն են»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։

Այցի շրջանակներում քննարկվել են ջրամբարի տեխնիկական վիճակին, լցվածության աստիճանին, ընթացիկ պահպանության աշխատանքներին առնչվող հարցեր։

Ջրամբարի ընդհանուր ծավալը 105 մլն խորանարդ մետր է, մեռյալ ծավալը՝ 5 մլն խորանարդ մետր։

«Արփի լիճ» ազգային պարկը զբաղեցնում է 21 հազար հա տարածք, այստեղ աճում են 670 տեսակի բույսեր, դրանցից 19 տեսակը ներառված է ՀՀ կարմիր գրքում: Բուսատեսակների մեջ քիչ չեն դեկորատիվ համարվողները՝ կովկասյան թրաշուշան, Ջավախքի թրաշուշան, հիրիկ ցանցավոր, հիրիկ թզուկային, ջրաշուշան և այլն:

Պարկի տարածքում գրանցված է 225 տեսակի ողնաշարավոր կենդանի։

Արփի լճի տարածքում է գտնվում որորի ամենամեծ գաղութն աշխարհում, այստեղ կարելի է հանդիպել սև արագիլի:

Արփի լիճը գանգրափետուր հավալուսնի միակ բնադրավայրն է Հայաստանում և Դարևսկու իժի, որը գրանցված է Կարմիր գրքում, միակ բնակավայրն աշխարհում:

Կարդացեք նաև

Back to top button