ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հնարավոր նոր փուլ Երևան-Փարիզ  հարաբերություններում. Մակրոնը կգա՞ Հայաստան Անկախության օրվա առթիվ

Տելեգրամյան որոշ ալիքներ, հղում անելով Ֆրանսիայի հայ համայնքի լավատեղյակ աղբյուրներին, հավանական են համարում սեպտեմբերին  նախագահ Էմանուել Մակրոնի այցը  Հայաստան։ Ավելին՝ այցի կոնկրետ ժամկետներ են նշվում ՝ սեպտեմբերի 21։ Եթե Անկախության օրվա առթիվ Մակրոնը ժամանի Հայաստան, սա հստակ քաղաքական ուղերձ կլինի՝ կարծում են փորձագետները։ Նրանք միակ խնդիրը խորհրդարանական ընտրություններից հետո Ֆրանսիայի ներքաղաքական հնարավոր անհանգստություններ են համարում։ 

Թեպետ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան պաշտոնական այցի մասին տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել, այն արդեն հասցրել է քննարկումների առիթ դառնալ:

Ֆրանսահայերի խորհրդի գործադիր տնօրեն Վաներ Հարությունյան. «Տեղեկություններ որպես այդպիսին, ճշգրիտ չեմ կարող ասել, բայց որոշ հետևություններ և եզրակացություններ կարող եմ կատարել ամեն դեպքում»։

Ֆրանսահայերի խորհրդի գործադիր տնօրենը նկատում է, որ պետական այցերն արարողակարգում ամենաբարձր մակարդակն են, իսկ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերություններն ամուր հիմքի վրա են, հետևաբար, չի կարծում, որ որևէ կողմի հրավերի առկայությամբ, դյուրին կերպով մերժում լինի։ Ըստ նրա, այս դեպքում միակ խնդիրը խորհրդարանական ընտրություններից հետո Ֆրանսիայի ներքաղաքական կյանքի անհանգստությունն է։ 

«Տվյալ դեպքում  հուսանք, որ մինչև սեպտեմբեր ամիսը ներքին քաղաքականությունը կհանդարտվի Ֆրանսիայում և հունի մեջ կընկնեն քաղաքական գործընթացները՝ ինչպես գործադիրում, այնպես էլ՝ օրենսդիրում, և Հայաստան այցելելու համար էական խոչընդոտներ չեն լինի, և ես հակված եմ կարծելու և հույս փափագելու, որ այցը կկայանա»։    

Եթե այցը հաստատվի, սա կլինի Ֆրանսիայի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան 2018 թվականից ի վեր: Փորձագետների գնահատմամբ՝  Մակրոնի հնարավոր այցը Հայաստան քաղաքական աջակցության ազդեցիկ և կարևոր քայլ կլինի: Դրա խորհրդանշական նշանակությունը կմեծացնի նաև Անկախության օրվա առիթով ժամանելը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը.

«Սա խորհրդանշական նշանակություն ունի՝  հավանաբար ընդգծելու համար Հայաստանի պետականությանը Ֆրանսիայի կողմից աջակցությունը, բայց բացի այդ խորհրդանշականությունը, անհրաժեշտ է հիշել, որ դեռևս 2021 թ.- ին Հայաստանի վարչապետը հրավիրեց Ֆրանսիայի նախագահին Հայաստան, բայց այցն ինչ-ինչ պատճառներով անընդհատ հետաձգվում էր։ Տեղի ունեցող միջազգային գործընթացների ֆոնին, Ֆրանսիայի նախագահի այցը կարող է բավական լուրջ ազդակ լինել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում մոտեցումները ընդունվում և գնահատվում են ո՛չ միայն Հայաստանին աջակցության տեսքով, այլև Հայաստանին որպես հավասարարժեք գործընկեր ընկալելու առումով»։     

Վերջին տարիներին Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները զգալիորեն ամրապնդվել են, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո: Ֆրանսիան ակտիվորեն աջակցել է Հայաստանին դիվանագիտական, տնտեսական և ռազմական ոլորտներում: 2022 թվականին Ֆրանսիան և Հայաստանը կնքեցին պաշտպանության ոլորտում համագործակցության պայմանագիր: Հատկանշական է, որ վերջերս Հայաստանը ձեռք է բերել ֆրանսիական արտադրության զինտեխնիկա, ներառյալ Bastion զրահամեքենաներ և GM200 ռադարներ: Այս համագործակցությունը, սակայն, առաջացրել է Ադրբեջանի սուր քննադատությունը:

Մակրոնի հնարավոր այցը կարող է նոր թափ հաղորդել ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հարաբերություններին: Փորձագետները չեն բացառում, որ այցի ընթացքում կարող են կնքվել նոր ներդրումային պայմանագրեր կամ քննարկվել առևտրային կապերի ընդլայնման հեռանկարները:

Փորձագետները նկատում են նաև, որ Մակրոնի այս հնարավոր այցն ուշագրավ է նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների ակտիվացման ֆոնին: Սա կարող է նոր հեռանկարներ բացել Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի համար:

Չմոռանանք նաև, որ Ֆրանսիան ունի մեծ և ազդեցիկ հայկական սփյուռք: Մակրոնի այցը կարող է ունենալ նաև ներքաղաքական նշանակություն Ֆրանսիայի համար՝ ամրապնդելով նրա դիրքերը հայ համայնքի շրջանում:

Որոշ փորձագետներ, սակայն, կարծում են, որ հնարավոր այցը կարող է նաև հանգեցնել լարվածության աճի տարածաշրջանում: Բաքուն, որը բազմիցս Փարիզին  քննադատել է կողմնակալության համար, հավանաբար բաց չի թողնի նաև այս  առիթը։

«Օրինակ, լարվածությունը մեծացնելու առումով հնարավոր է Ադրբեջանից օգտագործվի այդ առիթը՝ Հայաստանին և Ֆրանսիային ևս մեկ անգամ տարբեր բաներում մեղադրելու համար։ Հիշենք, որ Ադրբեջանը մեղադրում  էր Ֆրանսիային, որ դրդում է Հայաստանին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Եվս մեկ անգամ այդ առիթը հավանաբար կօգտագործեն, բայց ոչ ավելին»։

Քաղաքագետը, բնականաբար, չի կասկածում, որ Մակրոնի հնարավոր այցի ընթացքում կարող են քննարկվել ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև՝ տարածաշրջանային անվտանգության հարցերը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները:

Կարդացեք նաև

Back to top button