ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը` Բաքվի ճնշման գործի՞ք, թե՞ խաղաղության գործընթացի մաս

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Երևանը Մինսկի գործընթացի շարունակության հարցը կարող է դիտարկել Խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում: Մինչ այս իշխանության ներկայացուցիչները տարբեր առիթներով շեշտել են, որ հարցին պետք է անդրադառնալ հիմնարար փաստաթղթի ստորագրումից հետո միայն։

Հարցի շուրջ փորձագետների կարծիքները տարբեր են։ Ոմանց գնահատմամբ՝ Մինսկի խմբի լուծարման հարցն Ադրբեջանը օգտագործում է որպես ճնշման գործիք բանակցություններում։ Ոմանք էլ համոզված են՝ Ալիևը դրանով փորձում է միջազգային մակարդակում վերջնականապես փակել արցախյան հարցը։ Որոշ փորձագետներ էլ շեշտում են այն հանգամանքը, որ խումբը վաղուց դե ֆակտո գոյություն չունի։    

Ադրբեջանը Խաղաղության համաձայնագրի ստորագրման և նախաստորագրման համար պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը և համատեղ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը համաձայն չէ Մինսկի խմբի լուծարմանը։

Արդյո՞ք Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը դարձնում է նախապայման խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, ինչո՞ւ Երևանը համաձայն չէ լուծարմանը և հնարավո՞ր է, որ Հայաստանը շուտով ընդունի Բաքվի առաջարկը։

«Ազատության» այս հարցադրումներին պատասխանելով՝ արտգործնախարարությունը նշել է. «Հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակության հարցը կարող է դիտարկել միայն համապարփակ հարաբերությունների կարգավորման և առաջին հերթին՝ Խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»։

Ավելի վաղ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից նշել էին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցին պետք է անդրադառնալ միայն հայ-ադրբեջանական Խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո, իսկ մինչև այդ «էական չէ» այդ հարցի քննարկումը։

Փորձագետների գնահատականներն այս հարցում միանշանակ չեն։ Քաղաքագետ Արեգ Քոչինյանը, օրինակ, կարծում է, խնդիրն այն է, որ խաղաղության գործընթացն ամբողջությամբ հասկանալի և կանխատեսելի լինի։

«Այն, որ եթե հայ ադրբեջանական խաղաղության պրոցեսը, ըստ էության, կայանում է, պայմանագիրը կնքվում է և մնացած հարցերի շուրջ համաձայնության գալիս ենք, էդ պարագայում Մինսկի խումբը այլևս աննպատակ կառույց է դառնում։ Ինձ թվում է՝ ինքնին հասկանալի է արտաքին գործերի նախարարության պատասխանը։ Ես, ճիշտն ասած, այս պրոցեսն ընկալում եմ ոչ թե զիջողականություն, այլ հարմարվողականություն ցուցաբերելու համատեքստում։ Այսինքն՝ դա նշանակում է, որ եթե մենք տեսնենք, որ իսկապես կա բովանդակային և լուրջ խաղաղության պրոցես, որը մեզ տանում է կանխատեսելի տեղ, ապա այդ պարագայում հնարավոր է աշխատել Մինսկի խմբի չեղարկման ուղղությամբ»։  

Որոշ փորձագետներ կարծում են, որ Մինսկի խմբի լուծմարման պահանջը Ադրբեջանի կողմից քաղաքական ճնշման միջոց է՝ բանակցությունները շեղելու և խաղաղության գործընթացը հետաձգելու միտմամբ։

Ցանկացած բան կարելի է դիտարկել՝ որպես Ադրբեջանի կողմից ժամանակ ձգելու փորձ, սկսած՝ սահմանազատում-սահմանանշումից, մինչև Սահմանադրության փոփոխման պահանջ՝ ասում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը։   

«Բայց ես ավելի շատ կողմնակից եմ, ինչքանով որ դա հնարավոր է, փորձել խնդիրների լուծմամբ զբաղվել, այլ ոչ թե ասել, որ սա ընդամենը ժամանակ ձգելու միջոց է, կամ սա ընդամենը ուշադրություն շեղելու միջոց է և անցնել առաջ։ Իհարկե, կան թեմաներ, որտեղ խոսակցություն անգամ չի կարող լինել, օրինակ՝ Հայաստանի Սահամմանադրության թեման, բայց մնացած բոլոր թեմաներով էլ պետք է աշխատել և փորձել գալ ինչ-որ հայտարարի»։

Որոշ փորձագետներ նկատում են, որ ԵԱՀԿ ՄԽ շարունակում է մնալ միակ պաշտոնական ձևաչափը, որն իրավասություն ունի ցանկացած պահի անդրադառնալ արցախյան հիմնահարցին: ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հակասությունների պատճառով այսօր այդ ձևաչափը սառեցված է, սակայն, փորձագետներից ոմանք չեն բացառում, որ ինչ-որ պահի, օրինակ՝ Դոնալդ Թրամփի վերընտրվելու դեպքում, կարող է իրավիճակ փոխել։

Փորձագետները նկատում են, որ բացի Ադրբեջանից ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ կողմերից մեկը չի հայտարարել արցախյան հիմնախնդրի լուծված լինելու մասին: Հետևաբար, ԵԱՀԿ ՄԽ-ն կարող է առնվազն պահանջել և ապահովել միջազգային այնպիսի անվտանգային երաշխիքներ և այնպիսի իրավաքաղաքական պայմաններ, որոնց պարագայում հնարավոր լինի ապահովել արցախցիների վերադարձն իրենց հայրենի բնակավայրերը։

Միջազգայնագետ Գուրգեն Սիմոնյան. «Սա ուղղակի անհեռատես քաղաքականություն է, եթե այդպիսի բան են արտահայտում, որովհետև Հայաստանի Հանրապետության հռչակագրով և Սահմանադրությամբ Արցախի ժողովուրդների իրավունքների պաշտպանի կարգավիճակը ունի և արցախահայերի իրավունքների սատարողի և երաշխավորի կարգավիճակը ունի, իսկ Մինսկի խումբը արցախյան հիմնահարցի համատեքստում է գործում։ Մինսկի խումբը չի կարելի լուծարել առհասարակ, որտեղ Արցախի հայերը ունեն իրավունքներ և արցախահայերի իրավունքները պետք է պաշտպանել։ Սակարկության ենթարկել արցախահայերի իրավունքների հարցը, դա ապիկար քաղաքականության նմանվող մի բան կլինի»։

Արեգ Քոչինյանը, մինչդեռ, չի կիսում այն գնահատականը, որ Ալիևը պահանջում է լուծարել Մինսկի խումբը՝ արցախյան հարցը միջազգային մակարդակում վերջնականապես փակելու նպատակով։

«Ես այն կարծիքին են, որ Արցախի հարցի բաց կամ փակ լինելն ամբողջությամբ կախված էր Հայաստանի կարողություններից, որոնք ինչ-որ պահից սկսած այլևս չեն ներում, որպեսզի էդ հարցը բաց մնա։ Մնացած ամեն ինչը, ըստ իս, ավելի շատ հեքիաթների ժանրից է»։

Մինսկի խմբը ձևավորվել է 1992 թվականին։ Կառույցի լուծարումը հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնության դեպքում։  

Back to top button