
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ 2024 թ․ օգոստոսի 15-ից շրջանառության մեջ են դրվում 5000 դրամ և 10000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամները, որոնք ՀՀ տարածքում հանդիսանում են օրինական վճարամիջոց և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով առանց ժամկետային սահմանափակումների:
1999-2018 թթ. թողարկման 5000 դրամ և 2003-2018 թթ. թողարկման 10000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
5000 դրամ արժեքով թղթադրամի չափերն են՝ 140 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Վիլյամ Սարոյանի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնն է՝ վարդագույնը:


10000 դրամ արժեքով թղթադրամի թղթադրամի չափերն են՝ 145 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Կոմիտասի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնն է՝ մոխրագույնը:






