Նա երգում է դաշնամուրի 88 նոտաները կամ 11 օկտավա․ երգչուհի Միլեն Կայյե-Կարանյան
Նրա ձայնը 11 օկտավա դիապազոն ունի։ 16-ամյա երգչուհի Միլեն Կայյե-Կարանյանին միջազգային ժյուրիի անդամները ճանաչել են աշխարհում ամենահզոր ձայնն ունեցող երգչուհի ու գրանցել ռեկորդների գրքերում։
Սա զուգերգ չէ։ Երկու կատարումներն էլ մոսկվաբնակ երգչուհի Միլեն Կայյե-Կարանյանինն են։ Միլենն ասում է, որ առաջին անգամ իր ձայնը լսելիս մարդիկ կարծում են, թե արական սեռի ներկայացուցիչ է երգում, 1 րոպե անց արդեն կնոջ ձայն են լսում։ Միլեն Կայյե-Կարանյանը Գինեսի ռեկորդակիր է։ Նա երգում է դաշնամուրի 88 նոտաները կամ 11 օկտավա, իսկ առավել պատկերավոր՝ ձայնը 170 դեցիբել հզորություն ունի։
Պատմում է, որ մի քանի ամիս ձայնի դիապազոնը չափող սարք են փնտրել ու դժվարությամբ գտել այն։ 14 մասնագետ լսել է ու եկել այն համոզման, որ Միլենի ձայնն այս պահին աշխարհի ամենաբարձր ձայնն է՝ 17-ից մինչև 21000 հերց հաճախականության միջակայքով։
Ես ուղղակի երգում էի այն, ինչ ինձ դուր էր գալիս՝ պատմում է երգչուհին։ Մայրը երաժշտական կրթություն ունի, հենց նա էլ նկատել է, որ աղջկա ձայնը սովորականներից չէ։
«Տեսավ, որ մեծ դիապազոն ունեմ, ես բարձրացա, բարձրացա, ասեց մի րոպե դադար տուր, հետո նորից լսեց ու ասեց, որ այս ձայնը պետք է գրանցենք»։
Այդ գրանցումն արեցին մասնագետները։ Միջազգային ժյուրիի ներկայությամբ դեռ 2019-ին Ռուսաստանի և աշխարհի ռեկորդ սահմանեց՝ որպես ձայնի ամենամեծ դիապազոնով երեխա․ այդ ժամանակ նա երգում էր հինգ օկտավա։
Ավելի ուշ պարզվեց, որ բացառիկ ձայնային ռեգիստր ունի՝ բարիտոնից մինչև կոլորատուրային սոպրանո։ Միլեն Կայյե-Կարանյանը հրավեր ունի աշխրահահռչակ տենոր Անդրեա Բոչելիից։ Ասում է՝ տենորն ինքն է զուգերգով հանդես գալու ցանկություն հայտնել։ Բայց մինչ այդ պատրաստվում է սեպտեմբերի մեծ համերգին՝ Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ:
«Վիվալդիի տարվա եղանակները մի ստեղծագործություն է դարձրել ու համապատսխանեցրել իմ ձայնին։ Շատ մեծ համերգ է լինելու Մեծ թատրոնի բեմում»։
Միլեն Կարայանը սովորում է «Օստանկինոյի» բարձրագույն դպրոցում, հետաքրքրված է հեռուստահաղորդավարի մասնագիտությամբ։ Ցանկանում էր «նոր բան բացահայտել», և կարծում է, որ իր բացահայտումները կապված կլինեն երգի հետ: