Վախճանվել է Էդուարդ Շեւարդնաձեն. քաղաքական պատրիարքը հայ- վրացական հարաբերությունների մասին (լրացված)
լրացվել է ժամը 16։12- ին
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի
Այսօր 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: Նա Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1995- 2003 թթ.: 2003 թ. նոյեմբերին՝ Վարդերի հեղափոխությունից հետո, ստիպված հրաժարական է տվել: Պաշտոնաթողությունից հետո նա ապրում էր Կրցանիսիի իր առանձնատանը, որտեղ 2006 թ. ավարտեց իր «Խոհեր անցյալի ու ապագայի մասին» հուշագրությունը։ Նա մինչև վերջերս հարցազրույցներ էր տալիս, գնահատում երկրում տիրող իրավիճակը։ Վրաստանի երկրորդ նախագահը հարցազրույց էր տվել նաև «Ռադիոլուրին»` խոսել հայ-վրացական հարաբերությունների մասին։
Վրաստանի նախկին նախագահ և Խորհրդային Միության նախկին արտգրործնախարար Էդուարդ Շեւարդնաձեն ապրում էր Թբիլիսիի կենտրոնական շրջաններից մեկում` Կրցանիսիիում: Կառավարական այդ համալիրը կառուցվել է Լավրենտի Բերիիայի որոշմամբ: Ստալինի կառավարման տարիներին Կրցանիսին Վրաստանի առաջին դեմքերի նստավայրն էր: Սակայն կառավարական տունը, բացառությամբ Շեւարդնաձեի նստավայրի, վաճառվեց, երբ իշխանության եկավ Միխայիլ Սահակաշվիլին:
Այս առանձնատանը երկրի նախկին նախագահն ապրում էր մենակ, եթե, իհարկե, չհաշվենք թիկնապահներին և տան աշխատողներին: Աշխատասենյակում, որտեղ կայացել էր մեր զրույցը խորհրդային ամենաաինքնատիպ քաղաքական գործիչներից մեկի հետ, հյուրընկալվել են տարբեր երկրներից տասնյակ լրագրողներ: Պատերին լուսանկարներ են, որոնցում Շեւարդնաձեն աշխարհի հզորների հետ, այստեղ կան նախագահներ, քաղաքական, հասարակական և արվեստի հանրահայատ գործիչներ: Աշխատասենյակ չէ, այլ թանգարան՝ պատմության թանգարան։
Վարդերի հեղափոխությունը, որ գլխավորում էր նախկին նախագահ Միխաիլ Սահակշվիլին, վերջ դրեց Շեւարդնաձեի իշխանությանը: Խորհրդային և անկախ Վրաստանի ղեկավար Շեւարդնաձեն իր կայացրած ամենդժվար որոշումը համարում էր իր հրաժարականը։ Այլ ելք չուներ. «կամ ես պետք է արյուն թափեի, ինչը համարում եմ անթույլատրելի… Երբ երիտասարդ մարդիկ ներխուժեցին խորհրդարան, ինձ թինկապահներս ուղեկցեցին բակ: Այնտեղ հավաքված իմ կողմնակիցներն ասացին, որ դուք պետք է դիմանաք, վաղը այստեղ կլինի հարյուր հազար մարդ, բայց ես հրաժարական տվեցի. եւ մինչ այսօր ես դա համարում եմ իմ կյանքի ամենադժվար , բայց և ամենաճիշտ որոշումը։ Ես չգնացի արյունահեղության»:
Իր պաշտոնաթողությունից հետո Շեւարդնաձեն հաճախ էր բարձրաձայնում իրեն հաջորդած նախագահի` Միխաիլ Սահկաշվիլիի թույլ տված սխալների մասին: Կարծում էր, որ տարիներ շարունակ ոչինչ չի փոխվել, թերևս միայն մի բնագավառում: «Առաջինը կարող եմ ասել կոռուպցիայի դեմ պայքարը. շոշափելի արդյունքեր կան: Ինչ վերաբերում է մյուս ոլորտններին, չեմ կարող ասել, որ շատ բան է փոխվել. ժողովուրդը քաղցած է, գործազուրկ, թոշակները ցածր են. մարդն իր աշխատավարձով կամ թոշակով չի կարողանում պահել իր ընտանիքը։ Այնպես որ՝ Վրաստանն ընդհանուր առմամբ դժվար իրավիճակում է: Ես գիտեմ, որ Հայաստանում եւս ոչ այնքան այսպես ասած ուրախ տրամադրություն է»։
Հայաստան Վրաստան հարաբերությունների մասին Շեւարդնաձեն կարծում էր, որ իր նախագահության տարիներին երկու երկրների միջեւ հարաբերություններն առանձնահատուկ ջերմ էին, բարիդրացիական ու եղբայրական: Դրա մասին են վկայում նաև պատերի լուսանկարները։ «Ահա այս նկարում Ալիեւն է, Շեւարդնաձեն, Դեմիրճյանը։ Դեմիրճյանին հետո սպանեցին: Մենք մոտ ընկերներ էինք: Ես համոզված եմ, եթե նա կենդանի լիներ, հնարավոր է ղարաբաղյան հարցը լուծված լիներ։ Այնչափ մոտ էին մեր հարաբերություններն ու փոխըմբռնումը: Կարեն Սերոբիչ, այդպես էին նրան անվանում»։
Վրաստանի նախկին նախագահը կարծում էր, որ դրացի երկրների հարաբերություններն այսօր էլ նորմալ են կառուցվում, այդուհանդերձ՝ ավելի սերտ էին իր կառավարման տարիներին: «Ամիսը մեկ երկու անգամ որպես կանոն հանդիպում էինք` Ալիեւ-Դեմիրճյան-Շեւարդնաձե, իսկ այդ հանդիպումները օգնում են մարդկանց ավելի մերձենալ»,- ասում էր Շեւարդնաձեն։ «Քոչարյանի հետ եւս լավ հարաբերություններ ունեմ. Նա եւ Սահակաշվիլին եղել են իմ մոտ։ Հայաստանի բոլոր նախագահների հետ ես միշտ ունեցել եմ ամենաբարի ու եղբայրական հարաբերություններ։ Ես չեմ փոխվում»,- ասում էր։
Ըստ նախկին նախագահի՝ Վրաստանում եւս հայերին լավ են վերաբերում: Ճիշտ է՝ վեճեր կան այստեղ եկեղեցիների հետ կապված, բայց դա, կարծում էր, մասնագետների գործն է։ «Ճիշտ է՝ հարյուր տարի առաջ եղել է պատերազմ եւ այլն, բայց այդ ամենը մենք հաղթահարել ենք։ Ինչ որ խնդիրներ են առաջանում կապված Ջավախեթիի հետ, բայց դրանք ցանկության դեպքում լուծելի են: Ես կարծում եմ, որ Վրաստանի ու Հայաստանի միջեւ անլուծելի խնդիրներ չեն եղել եւ հիմա էլ չկան»:
Շեւարդնաձեն հարցազրույցի վերջում բարեմաղթանքներ էր հղել հայ ժողովրդին. «Իմ ամենաբարի ցանկությունները հայ ժողովրդին, թող ձեր երկիրը ծաղկի»։