Իրան-Իսրայել լարվածություն. Թեհրանի զորավարժությունները և հնարավոր հարվածի սպառնալիքը
Երեքշաբթի օրը Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովում, Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող Աստարայի բազայում, հայտնում է Mehr գործակալությունը։ Զորավարժությունների ընթացքում հարվածներ են հասցվել պայմանական թիրախներին՝ նպատակ ունենալով բարձրացնել նավատորմի պաշտպանական պատրաստվածությունը։
Փորձագետներն ուշագրավ են համարում զորավարժություններն անցկացնելու ֆոնը, մասնավորապես՝ ԵՄ մի շարք երկրներ կոչ են արել Իրանին զերծ մնալ Իսրաելի վրա հարձակվելուց, որոնք կարող են սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում, հատկապես Իսմայիլ Հանիեի՝ Թեհրանում սպանությունից հետո։ Թեհրանը, սակայն, հայտարարում է, որ վճռական է տրամադրված և չի պատրաստվում որևէ մեկից թույլտվություն խնդրել իր ազգային անվտանգության ապահովման հարցում։
Վերջին օրերին Իրան-Իսրայել լարվածության աճի և իրանական կողմից հակառակորդին հոգեբանորեն հյուծելու մարտավարության համատեքստում, պաշտոնական Բաքուն հայտնվել է միջազգային ԶԼՄ-ների և իրանական տելեգրամյան ալիքների, այսպես ասած, շարունակական «ռմբահարման» տակ։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատում է, որ պատճառը Իրանի կողմից Ադրբեջանի տարածքը որպես իսրայելական պլացդարմ հնարավոր թիրախավորման մասին տեղեկությունների տարածումն է։
«Թե որքանով է այդ լրահոսը համապատասխանում իրականությանը՝ դժվար է միանշանակորեն պնդել, սակայն, փաստ է, որ երկու օր առաջ՝ օգոստոսի 12-ին Բաքուն պաշտոնապես հերքեց իր տարածքում իսրայելական ուժերի առկայությունը՝ վախենալով իրանական վրիժառության գործողությունից։ Բաքվում, դատելով նաև այդ հերքումից, հստակորեն առկա են վախեր, քանի որ, ըստ «Վիկիլիքսի» գաղտանզերծած փաստաթղթերի՝ անձամբ Բաքվի բռնապետն էր տարիներ առաջ հայտարարել, որ Ադրբեջան-Իարայել հարաբերությունները նման են սառցաբեկորի, որի երևացող միայն փոքր հատվածն է ջրի երեսին»։
Ըստ որոշ փորձագետների, հոգեբանական ճնշումից տառապող Իսրայելն առաջին հարվածը սպասում է Ադրբեջանում, իսկ ավելի կոնկրետ՝ Արցախի օկուպացված տարածքներում տարիներ շարունակ ստեղծած իր ռազմաբազաների ուղղությամբ։ Այդ մասին է վկայում նաև այն, որ օրերս Թել Ավիվը հրամայեց Ադրբեջանում գտնվող իր զինվորականներին անհապաղ վերադառնալ հայրենիք։
Սա այն բանից հետո, երբ բրիտանական «Թելեգրաֆը», հղում անելով Իրանի նախագահի օգնականին, վստահեցրեց, որ Փեզեշքիանը հրամայել է թիրախավորել Ադրբեջանում գտնվող իսրայելական բազաները։ Փորձագետները, սակայն, նկատում են՝ որևէ պաշտոնական հաղորդագրություն Իրանի կողմից չի արվել այդ մասին։ Թեհրանում հրատարակվող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի կարծիքով՝ այդ տեղեկատվական արտահոսքն Իսրայելին սանձելու համար է կազմակերպվել.
«Որովհետեւ նման գործողություններում, բոլորս գիտենք, որ այդ ամեն ինչը հույժ գաղտնի է պահվում, և հիմա Իսրայելի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ինքը հոգեբանական պատերազմում տանուլ է տալիս»։
Նախօրեին, Մոսկվա այցից հետո, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հայտարարեց՝ «մոտակա օրերին, նույնիսկ առաջիկա ժամերին հնարավոր է Իրանը որոշում կայացնի հարվածել Իսրայելին»։ Իսկ այս ընթացքում Իրանը ռազմածովային ուժերի զորավարժություն է սկսում Կասպից ծովում Ադրբեջանի հետ սահմանին։
Իրանագետ Վարդան Ոսկանյան. «Ակնհայտ է միայն մի բան՝ Իրանի վրիժառական գործողությունը լինելու է, և լինելու է անզուգաչափ, իսկ դրա համար ընտրանքները չափազանց մեծ են՝ սկսած հենց Իրանի տարածքից հրիթռների և անօդաչուների կիրառությամբ կոմբինացված հարվածից, մինչև այս երկրի տարածաշրջանային արբանյակների լայն ներգրավումը։ Այնպիսի ուժերի, ինչպիսիք են, դիցուք, Հեզբոլահը, եմենյան հութիները, կամ Իրաքի դիմադրության շարժումը։ Հետևաբար իրանական կողմը ունի բավական լայն գործիքակազմ և օգտվելու է այդ գործիքակազմի ընձեռած բոլոր հնարավորություններից»։
Որոշ փորձագետներ, սակայն, ենթադրում են, որ այս գործիքակազմում կարող են տեղ ունենալ նաև սակարկությունները, երբ Իրանը կարող է հրաժարվել խոստացված պատասխան քայլերից՝ իր համար կարևոր հարցերում որոշակի համաձայնությունների դիմաց, օրինակ՝ պատժամիջոցների մեղմացում կամ վերացում, կամ՝ ԱՄՆ-ի վերադարձը ատոմային համաձայնագրին։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, մինչդեռ, նման զարգացման հավանականությունը պարզապես բացառում է.
«Նշված հանգամանքներից և ո՛չ մեկի դեպքում Իրանը չի հրաժարվի Իսրայելին պատժելու մտքից։ Միայն մեկ դեպքում կարող է Իրանը հրաժարվի պատժել Իսրայելին։ Դա Իսրայելի և Պաղեստինի միջև փաստաթղթի ստորագրումն է, որով Իսրայելը կճանաչի նաև Գազայի հատվածի Պաղեստինապատկան լինելը։ Իրանի համար շատ ավելի կարևոր է երկարաժամկետ անվտանգային գոտի ձեւավորելը, քան, օրինակ, կարճաժամկետ որևէ միջամտությունը, որը կարող է, ենթադրենք, մի քանի ամիս հետո մեկ այլ պատրվակով կիրառվի։ Խոսքը հենց թեկուզ պատժամիջոցների չեղարկման, մեղմացման մասին է, որը որ կարող է հիմա չեղարկվի կամ մեղմացվի, իսկ մի քանի ամիս հետո նորից այն կիրառվի»։
Reuters-ի փոխանցմամբ՝ Թեհրանը կարող է հրաժարվել Իսրայելին հարվածելու ծրագրից միայն մեկ պայմանով։ Ըստ լրատվամիջոցի, իրանցի երեք բարձրաստիճան դիվանագետներ հայտնել են, որ Իրանը քննարկում է հրադադարի համաձայնությունը Գազայում արդեն տասներորդ ամիսը շարունակվող պատերազմի դադարեցման շուրջ։
«Եթե այդ բանակցությունները ձախողվեն, Իրանն իր դաշնակիցների հետ ուղիղ հարված կհասցնի Իսրայելին»,-Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։
Ուշագրավ է, որ այս միտքն այսօր արդեն հնչել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շուրթերից։
«Ակնկալում եմ, որ Իրանը կհրաժարվի Իսրայելին հնարավոր հարված հասցնելուց՝ Գազայի հատվածում հրադադարի մասին գործարքի կնքման դեպքում: Ես սպասում եմ դրան»,- ասել է Սպիտակ Տան ղեկավարը՝ միաժամանակ շեշտելով, որ Իրանի կողմից հնարավոր հարվածը կբարդացնի Իսրայելի և պաղեստինյան Համաս շարժման միջև պայմանավորվածության հեռանկարները։