Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն օգոստոսի 13-ին այցելել է Ալավերդի համայնքի Այգեհատ բնակավայրում գտնվող չեխահայ գործարար Աղասի Զավարյանի ընկույզի ինտենսիվ այգիներ, հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից։
Ա. Զավարյանի և տնօրեն Ա. Ստեփանյանի ուղեկցությամբ՝ մարզի ղեկավարը շրջել է այգու տարածքով, ծանոթացել այստեղ կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին, հետագա ծրագրերին և ընդլայնման հնարավորություններին։
Մարզպետին ներկայացվել է, որ իրենց գործունեությունը սկսել են 2018 թվականից: Այժմ գյուղի տարբեր հատվածներում տեղակայված ընդհանուր 80 հա ընկույզի այգիներում ամերիկյան չանդլեր և ֆրանսիական ֆերնոր տեսակի վերատնկված 20.000 ընկույզի տնկի կա։ Ըստ գործարարի՝ 3 տարվա տնկիները հաջորդ տարի արդեն բերք կտան։
Այգիներում կառուցվել են նաև 3.000 և 10.000 մետր խորանարդ տարողությամբ ջրամբարներ, որոնք սնուցում են այգին՝ կաթիլային ոռոգման համակարգով։
Այգիները բնակավայրում նաև զբաղվածության խնդիր են լուծում։
Մարզի ղեկավարը ողջունել է գործարարի կողմից իրականացվող աշխատանքները, հույս հայտնել, որ մոտ ապագայում տնտեսությունն ավելի կհզորանա՝ զարգացնելով նաև բնակավայրը։
-Գյուղատնտեսությունը մեր երկրի և մարզի զարգացման ռազմավարական ուղղություններից է, և մենք պատրաստ ենք աջակցելու բոլոր նախաձեռնություններին, որոնք միտված են զարկ տալու մարզում ոլորտի առաջընթացին,- ասել է նա։
Գործարարն առաջիկայում նախատեսում է ընդլայնել այգիների տարածքը և հիմնել ընկույզի վերամշակման գործարան։