Իրանի հանդարտ գործելաոճն ու Իսրայելի աճող անհանգստությունը. Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել
ԱՄՆ-ն հավանական է համարում, որ Իրանը և Մերձավոր Արևելքում նրա աջակցությունը վայելող խմբավորումները կարող են հարձակվել Իսրայելի վրա առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Այս մասին Սպիտակ Տան Ազգային անվտանգության հաղորդակցությունների գծով խորհրդական Ջոն Քիրբին է հայտարարել։ Սա Իրանից հնարավոր պատասխանի հերթական ժամկետն է, որ հնչում է Արևմուտքից։ Փորձագետները, սակայն, նկատում են, որ Իրանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունից բացի, աշխարհում ոչ ոք չի կարող վստահաբար խոսել հարվածի կոնկրետ ժամանակի և ձևաչափի մասին։
Համասի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունից 2 շաբաթ անց էլ հարցերի հարցն է մնում այն, թե ե՞րբ ու ո՞ր կողմից է լինելու Իրանի հակահարվածը։ Սպիտակ Տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է առաջիկա օրերին Իրանի կողմից Իսրայելի վրա հարձակումների զանգվածային շարքի։
«Մենք կիսում ենք նույն մտավախությունները, ինչ մեր իսրայելցի գործընկերները, որ Իրանի կողմից հարձակումը տեղի կունենա այս շաբաթ: Մենք շարունակում ենք ուշադիր հետևել դրան»։
Շատերն էին ակնկալում, որ Իրանը հաշված ժամերի ընթացքում պետք է վրեժ լուծի Իսրայելից։ Փորձագետները, սակայն, նկատում են, որ Իրանը երբեք արկածախնդրության չի գնում ու երբեք չհաշվարկված քայլ չի անում։ Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նկատում է, որ հիմա էլ Իրանի գործելաոճը նույնն է։
«Հիմա կատարում է այնպիսի գործողություններ, որն առանց Իրանի կողմից հսկայական միջոցներ ծախսելու, պարտադրում է, որ իր հակառակորդը ծախսի միլիարդավոր դոլարներ, ինչն էլ, բնականաբար, տանելու է թուլացման»։
Շուրջ 2 շաբաթ է, ինչ Իսրայելը սպասողական վիճակում է՝ նկատում է Իրանում հրատարակվող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։ Ըստ նրա՝ սա հակառակորդին նախ հոգեբանորեն մաշեցնելու իրանական հաշվարկ ու հանդարտ գործելաոճ է.
«Բնականաբար, Իսրայելը պետք է զգուշանա այդ առումով, նախապատրաստական աշխատանքները կատարում է։ Որովհետև նման գործողություններում, բոլորս գիտենք, որ այդ ամեն ինչը հույժ գաղտնի է պահվում, և հիմա Իսրայելի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ինքը հոգեբանական պատերազմում տանուլ է տալիս»։
Իսրայելի ռազմական ինքնաթիռները պատրաստ պահվում են օդում, որ կանխեն Իրանի հանկարծակի գրոհը՝ նկատում են փորձագետները։ Ըստ որոշ վերլուծությունների՝ Իսրայելը ամեն ժամի համար հիմա ծախսում է ավելի քան 70 000 դոլար։ Արամ Շահնազարյանն ասում է, որ որոշակի տեղեկություններ ունի այդ մասին։
«Յուրաքանչյուր ռազմական ինքնաթիռ պատրաստ վիճակի պահելու համար Իսրայելից պահանջում է 68 հազար դոլար ամեն մի ժամվա համար։ Տեսեք ինչ հոգեբանական ծախսեր, ինչ ֆինանսական ծախսեր են արվում»։
Այդ թիվն Իսրայելի ու նրա դաշնակից պետությունների համար փոքր թիվ չէ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մեկ այլ տեղում՝ Ռուսաստան- Ուկրաինա հակամարտության մեջ ևս հսկայական միջոցներ են ծախսում՝ ասում է Կարեն Հովհաննիսյանը։ Ըստ ռազմական փորձագետի, Թել Ավիվի ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ լավ է հասկանում՝ չի մարսելու Իսմայիլ Հանիեի սպանությունը, այն էլ՝ Թեհրանում։
«Իրանը կհարվածի, իսկ ե՞րբ, դա արդեն պարզ կլինի այն ժամանակ, երբ իրենց հետախուզական, վերլուծական տվյալներով Իսրայելը ծախսած լինի հսկայական միջոցներ, ինչն էլ իր հերթին կթուլացնի առաջին հարվածը դիմակայելու հնարավորությունը։ Իսկ առաջին հարվածը որոշիչ է լինում»։
Զգալով էսկալացիայի վտանգը՝ եվրոպական երկրների առաջնորդներն են խնդրել Իրանին հրաժարվել Իսրայելի վրա հարձակվելու մտքից։ Դա, ըստ նրանց, նոր արյունահեղության պատճառ կդառնա Մերձավոր Արևելքում։ Օգոստոսի 12-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան են համատեղ կոչով դիմել Իրանին։ Այդ կոչին այսօր արձագանքել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Իրանը որևէ մեկից թույլտվություն չի խնդրի սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու իր իրավունքը իրացնելու համար»,-շեշտել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Փորձագետները կարծում են, որ Իրանը միանգամայն տվել է մոտալուտ պատասխան հարվածի անխուսափելիության դիվանագիտական հիմնավորումը, ընդհուպ՝ արտգործնախարարի հայտարարությամբ քննադատելով ՄԱԿ-ի անգործությունը։
Իրանում, կարծես, ամեն բան գրեթե պատրաստ է Իսրայելի դեմ վրիժառության պատասխան գործողության համար՝ ֆեյսբուքյան գրառմամբ արձանագրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ակնհայտ է միայն մի բան՝ Իրանի վրիժառական գործողությունը լինելու է, և լինելու է անզուգաչափ, իսկ դրա համար ընտրանքները չափազանց մեծ են՝ սկսած հենց Իրանի տարածքից հրիթռների և անօդաչուների կիրառությամբ կոմբինացված հարվածից, մինչև այս երկրի տարածաշրջանային արբանյակների լայն ներգրավում»։
Կոշտ ու արժանի հարվածի տեսակը Իրանի հոգևոր առաջնորդն է որոշելու՝ նախաշգուշացրել է Իրանի գլխավոր շտաբը։ Միևնույն ժամանակ իրանագետը նկատում է, որ Իրանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունից բացի, աշխարհում ոչ ոք չի կարող վստահաբար խոսել հարվածի կոնկրետ ժամանակի և ձևաչափի մասին։