Շաքարի սպառումը բնակչության շրջանում զգալիորեն բարձր է․ ԱՆ
Շաքարի սպառումը բնակչության շրջանում զգալիորեն բարձր է, քանի որ շատերը շաքարը չարաշահում են` հաճախ առանց գիտակցելու։
ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ սննդում օրական 50 գրամից (կամ 12 թեյի գդալից ավելի) ավելի շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման, գիրության, շաքարային դիաբետի, խոլեսթերինի և սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը:
Կան մթերքներ, որոնք կարծես թե «առողջ» են, սակայն իրականում մեծ վնաս են հասցնում առողջությանը, քանի որ պարունակում են թաքնված շաքարի մեծ քանակություն, օրինակ՝ մրգային յոգուրտները կամ մրգային հյութերը:
Մթերքներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ շաքար`
- 1 բաժակ բնական հյութ (30 գրամ կամ 7.5 թեյի գդալ շաքար)
- 1 բաժակ գազավորված քաղցր ըմպելիք (33 գրամ կամ 8.5 թեյի գդալ շաքար)
- 1 կտոր կաթնային շոլոկադի սալիկ (6 գրամ կամ 1.5 թեյի գդալ շաքար)
- 100 գր. պաղպաղակ (21 գրամ կամ 5 թեյի գդալ շաքար). 200 գրամ յոգուրտ (6 գրամ կամ 1.5 թեյի գդալ)
- 1 փոքր թխվածքաբլիթ (3գրամ կամ 3/4 թեյի գդալ):
Մթերքների մեջ ավելացված շաքարի քանակությունը ստուգելու համար անհրաժեշտ է ընթերցել պիտակները և խուսափել ավելացված շաքար պարունակող սննդամթերքից: