
Ուկրաինայի բարձրագույն զինվորական հրամանատարն ասել է, որ իրենց ուժերն այժմ վերահսկում են Ռուսաստանի Կուրսկի շրջանի 1000 քառակուսի կիլոմետր տարածք` գրում է Ասսոշեյթեդ պրես-ը։
Ուկրաինացի գեներալ Ալեքսանդր Սիրսկին այս հայտարարությունն արել է երկուշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Telegram ալիքում հրապարակված տեսանյութում, որտեղ նա նախագահին ներկայացրել է առաջնագծում ստեղծված իրավիճակը։
«Զորքերը կատարում են իրենց խնդիրները. մարտերը շարունակվում են առաջնագծի ողջ երկայնքով։ Իրավիճակը մեր վերահսկողության տակ է»,- ասել է Սիրսկին։
Ռուսական ուժերը դեռ փորձում են պատասխանել Ուկրաինայի անակնկալ հարձակմանը գրեթե մեկ շաբաթ տևող կատաղի մարտերում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ներխուժումը, որի հետևանքով ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ է տարհանվել, Կիևի փորձն է՝ կասեցնել Մոսկվայի հարձակումը Ուկրաինայի արևելյան Դոնբասի տարածաշրջանում և լծակներ ձեռք բերել ապագա խաղաղ բանակցություններում:




