Թվեր ու հույզեր Օլիմպիական խաղերից․ կոկորդ սեղմող անարդարությունը, կին ջահակիրն ու հայկական սպորտի նոր «ծագող աստղը»
Պատմության մեջ առաջին անգամ հայ մարզուհին տարավ օլիմպիական ջահը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը միացավ հայկական սպորտի 3 լեգենդներին, որոնք օլիմպիական խաղերում 4-ական մեդալ են նվաճել, Ամոյանները դարձան օլիմպիական մեդալակիր ընտանիք, վազորդ Երվանդ Մկրտչյանը Հայաստանի ռեկորդ սահմանեց․ 33-րդ օլիմպիական խաղերը պատմություն են, պատմական պահերը արձանագրված։
«Սա շատ լավ օրինակ էր հասկանալու համար, որ երազանքները միանգամից չեն իրականանում, և կարևոր չէ՝ դու մոտ էիր, հեռու էիր, սպորտում դու կամ հաղթում ես, կամ՝ պարտվում»։
60 կրակոց, 576 միավոր։ Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը հայ մարզիկներից առաջինը մտավ օլիմպիական մրցապայքարի մեջ։ Եզրափակիչ անցան լավագույն 8 հրաձիգները, Կարապետյանը իններոդն էր՝ 44 մասնակցից։ Եզրափակիչ անցնելու համար նրան մեկ միավոր պակասեց, փոխարենը՝ հրաձիգը դարձավ երբևէ օլիմպիական ջահը տարած առաջին հայ կին մարզիկը։
«Ես պատրաստվում եմ Լոս Անջելեսի օլիմպիական խաղերին, որոնց մնաց 1445 օր»։
Խաղերի մեկնարկը հաջող չէր, նույն օրը որակավորման փուլը չանցավ ու եզրափակիչ չհասավ նաև լողորդ Վարսենիիկ Մանուչարյանը։ Մինչ Հայաստանի օլիմպիական «ծանր հրետանին»՝ ըմբիշներն ու ծանրորդները պայքարի մեջ կմտնեին, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն իր օլիմպիական երկրորդ մեդալը նվաճեց՝ 2020-ի բրոնզին ավելացնելով արծաթը։
«Մաքսիմումը չէր, բայց էս լարված իրավիճակում շատ դժվար էր, իրոք դժվար էր, բայց ուրախ ու հպարտ եմ, որ մեդալով եմ վերադառնում հայրենիք, ճիշտ է՝ կուզեի ոսկով վերադառնալ հայրենիք, բայց էս անգամ չստացվեց»։
Հայ մարզիկներն առաջին անգամ մասնակցեցին խաղերին, երբ դրանք արդեն 15-րդ անգամ էին անցկացվում։ Առաջին հայ օլիմպիական չեմպիոնը մարմնամարզիկ Հրանտ Շահինյանն էր։ Ըստ վիճակագրության՝ 1952-ից առաջին 7 խաղերում Հայաստանն ավելի ուժեղ էր մարմնամարզության, հնգամարտի, բռնցքամարտի, ֆուտբոլի մարզաձևերում։ Բացի ըմբշամարտից, որն առայժմ օլիմպիական ամենահավակնոտ ուղղությունն է Հայաստանի համար, այդ տարիներին ոչ մի հաջողություն չունեինք։ Փոխարենը ԽՍՀՄ հավաքականի կազմում փայլում էին Ալբերտ Ազարյանը, Հրանտ Շահինյանը, հնգամարտի չեմպիոն Իգոր Նովիկովը, ֆուտբոլիստներ Հովհաննես Զանազանյանն ու Արկադի Անդրեասյանը։ Օլիմպիական ոսկին ամենաշատը՝ 6 անգամ նվաճել են մարմնամարզիկները, բոլորը՝ խորհրդային տարիներին։
«Ունեինք 233 մարզադպրոց, հիմա մնացել է երկուսը՝ Հրանտ Շահինյան, Ալբերտ Ազարյան, դրանով չես կարող մարմնամարզությունը զարգացնել»։
Հայ մարզիկներն ամենաշատ մեդալներ նվաճել են 1980-ի 22-րդ օլիմպիական խաղերում։ Ալբերտ Ազարայնի որդին՝ Էդուարդը՝ մարմնամարզության, Յուրի Վարդանյանը՝ ծանրամարտի օլիմպիական չեմպիոններ հռչակվեցին, սուսերամարտիկներ Աշոտ Կարագյոզյանը՝ արծաթ, Աշոտ Կարագյանը բրոնզե մեդալակիրներ դարձան։ Առաջին անգամ մականախաղ մարզաձևում Սոս Հայրապետյանը բրոնզե մեդալ նվաճեց։ Հաջողություննեեր գրանցվեցին նաև ջրացատկում և ֆուտբոլում։ «Ամենաոսկե» խաղերը հայերի համար 16-րդ և 25-րդ օլիմպիական խաղերն էին, առաջինի ժամանակ՝ 4, երկրորդի ժամանակ՝ 3 ոսկե մեդալ նվաճեցին հայ մարզիկները, իսկ անկախ Հայաստանի առաջին ու դեռևս միակ օլիմպիական չեմպիոնն ըմբիշ Արթուր Ալեքսանյանն է։
«Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն դարձել էի, հիմնական նպատակս օլիմպիական չեմպիոն դառնալն էր ու 20 տարվա սառույցը կոտրելը։ Հետո երբ տեսագրությունս նայեցի, նոր զգացի, որ իրոք արցունքներս չեմ կարող զսպել»։
Արթուրն առաջին մարզիկն է, որ մեդալ է նվաճել 4 օլիմպիական խաղերում անընդմեջ։ Դրանցից երկուսի՝ Տոկիո 2020-ի ու Փարիզ 2024-ի արծաթե մեդալները ստանալուց անմիջապես հետո ըմբիշը դրանք հանել է վզից, երկու դեպքում էլ կոկորդ սեղմող անարադարության պատճառով՝ բացատրել է մարզիկը․
«Այդ դրվագում իրանցի ըմբիշը երկու ոտքով լրիվ գոտեմարտի տարածքից դուրս էր եկել, ես նկատեցի մեր մարզիչներին ասեցի, որովհետև եթե դուրս ես գալիս պիտիր մեկ միավոր ինձ տային, բայց փոխարենը 2 միավոր տվեցին իրանցի ըմբիշին ու մի հատ էլ 1 ավելացրին բողոքելու համար»։
Փոխարենը՝ հիմա ունենք 3 արծաթ ու մեկ բրոնզ՝ 2016-ի 1 ոսկու և 3 արծաթի, 2020-ի երկու արծաթի, երկու բրոնզի համեմատ։ Արդարության վերականգման հույսով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքակել է Ալեքսանյանի եզրափակիչը, իսկ Ալեքսանյանը անկեղծացել՝ թեև հիասաթափված է, բայց դեռ կմնա ըմշամարտում։
Ասպետական վարք, չեմպիոնին վայել խոհեմություն․ 25–ամյա Մալխաս Ամոյանը հայկական սպորտի նոր ծագող աստղն է։ Առաջին անգամ մասնակցելով խաղերին՝ նա օլիմպիական բրոնզ նվաճեց, նրա շնորհիվ Ամոյանները միացան օլիմպիական մեդալակիր՝ Ազարյանների, Միլիտոսյանների և Ջուլֆալակյանների ընտանիքներին։
«Իմ նպատակը միայն ոսկե մեդալ նվաճելն է»։
Օլիմպոսի ամենաբարձր գագաթին ձգտելիս Հայաստանի 2 ներկայացուցիչները հանդիպեցին ազգությամբ հայ, բայց այլ դրոշների ներքո պայքարող հայ մարզիկների։ Ազգությամբ եզդի Մալխաս Ամոյանը հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Արամ Վարդանյանին։ Նույն քաշային կարգում ծանրորդ Վարազդատ Լալայանը դաձավ արծաթե, Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր։ Մեդալային հաշվարկով Հայաստանն ավելի մոտ էր Թուրքիային, Կոլումբիային, Մեքսիկային, Իրանը 21-երորդ տեղում է, Վրաստանը՝ 24, Ադրբեջանը՝ 30։ Հայ օլիմպիականները հայրենիք են վերադառնում երեկոյան ժամը 21։30-ին։