ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Օրենսդիրում՝ 3, գործադիրում՝ 0, Երևանի ավագանիում՝ 5․ պետական համակարգի ջահելները

Երիտասարդության միջազգային օրվա առիթով շնորհավորանքների ու երիտասարդներին արժևորելու արանքում պարզվում է, որ, օրինակ, Հայաստանի պետական համակարգում՝ օրենսդիր, գործադիր մարմիններում ու մայրաքաղաքի ավագանիում, երիտասարդները փոքրամասնություն են։ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից ընդամենը 3-ը, գործող ավագանու անդամներից էլ ընդամենը 5-ն են երիտասարդ կամ այլ ձևակերպմամբ՝  16-ից 30 տարիքային միջակայքում։ Իսկ գործադիր մարմնում առհասարակ երիտասարդներ չկան։ Եթե փորձենք ամփոփել, կստացվի, որ երկիրը ղեկավարում են միջինում 42.3 տարեկանները։

«Ես կարծում եմ, որ կյանքում ոչինչ պատահական չէ»։

Երևանի ավագանու ամենաերիտասարդ անդամի ծննդյան օրը համընկնում է երիտասարդության միջազգային օրվա հետ։  

«Ճիշտն ասած՝ մոտ մեկ ամիս առաջ եմ իմացել, որ ես ավագանու ամենաերիտասարդ անդամն եմ, մի քիչ զարմանալի էր նույնիսկ։ Սկզբում չհավատացի, բայց բացեցի բոլորի ծննդյան թվերը նայեցի ու հասկացա, որ ամենաերիտասարդն եմ»,– պատմում է ավագանու ամենաերիտասարդ անդամը։

24-ամյա Միքայել Խաչատրյանն ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից է, տարիքով ամենափոքրը գործող ավագանիում։ Իր ամենաավագ գործընկերոջից փոքր է 44 տարի, բայց ասում  է՝ աշխատանքում դա չի խանգարում։

«Մեր մեծահասակ գործընկերների հետ կապված խնդիրներ գրեթե չեն լինում, բայց կան հարցեր, որ իրենք ավելի խորն են ուսումնասիրում, ավելի խորն են նայում հարցերին քան մենք՝ երիտասարդներս, բայց ընդհանուր եզրեր գտնում ենք, բալանսավորում ենք, այսինքն իմ տարիքը ու մեր ավագ ընկերների տարիքը միջինացվում է ու ստանում ենք հրաշք, ստեղծագործ մի բան»։

Երիտասարդները 2805–ամյա Երևանի ավագանիում շատ չեն․ ավագանու 63 անդամներից երիտասարդ են՝ այսինքն 18-30 տարեկան են, ընդամենը 5-ը՝ 3-ը` «Քաղաքացիական պայմանագիր», 2-ը` «Հանրապետություն» խմբակցությունից։

Արմեն Գալջյան ավագանու ամենաերիտասարդ անդամներից մեկն է ու նաև իշխող խմբակցության ղեկավարը, մի առիթով ասել է՝ այս պաշտոնում ինքնաառաջադրվել է, իսկ ավագ գործընկերները վստահել են իրեն։

«Բնականաբար բարդություններ կան, որովհետև 50-ից ավելի անձանց հարաբերությունները կարգավորելը, կարծիքները մեկտեղելը ու այնպես անելը, որ որոշումները լինեն միասնական, բնականաբար հեշտ չի»,– ասել է Գալջյանը։

Ընդ որում՝ մայրաքաղաքի ավագանում, այսպես ասենք, ամենաերիտասարդ խմբակցությունը հենց «Քաղաքացիական պայմանագիրն» է․ ավագանու անդամների միջին տարիքը 40.75 է։

Հայաստանի օրենսդիր մարմնում՝ 8-րդ գումարման Ազգային ժողովում, երիտասարդներն ավելի քիչ են։ 16-30 տարեկան ընդամենը 3 պատգամավոր կա․ 2-ը՝ «Հայաստան», 1-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

29- ամյա Զեմֆիրա Միրզոևան ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից է, իրավաբան է, ասորական համայնքի ներկայացուցիչ։

«Քաղաքացիական պայմանագրից» ամենաերիտասարդ պատգամավոր Մարիամ Պողոսյանը 2020թ նույնիսկ ԱԺ աշխատակազմի լավագույն աշխատող կրծքանշանով է պարգևատրվել։

Երիտասարդներին հուզող թերևս ամենակարևոր հարցերից մեկի մասին երկրի գլխավոր ամբիոնից 29-ամյա պատգամավոր Արփինե Վարդանյանն է խոսում։ Երիտասարդ ֆիզիկոսը «Հայաստան» խմբակցության անդամ է։

Ընդ որում՝ Ազգային ժողովի պատգամավորական կազմը ևս ամենաերիտասարդներից չէ․ այստեղ պատգամավորների միջին տարիքը 43.5 է։

Դե իսկ Հայաստանի գործադիր մարմնում՝ նախարարների կաբինետում,  երիտասարդներ չկան։ Տարիքով ամենակրտսերը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն է։ 34– ամյա նախախարը, սակայն, գործող կարգավորումներով արդեն երիտասարդ չի համարվում։ Նրան այս համատեքստում կանդրադառնանք, եթե առաջարկվող մայր օրենքն ընդունվի ու երիտասարդ համարվի ոչ թե մինչև 30, այլ մինչև 35 տարեկանը։

Back to top button