28.3 մլն դրամ՝ 7 օրում․խարդախների թիրախը մեծահասակներն են
Վերջին օրերին լայն տարածում ստացած խաբեությունը վտանգավոր է ոչ միայն մարդկանց ֆինանսական, այլև հոգեկան ու ֆիզիկական առողջության համար։ Հիմնականում ավագ տարիքի քաղաքացիները զանգեր են ստանում, որի ընթացքում ռուսախոս զրուցակիցը խուճապի մատնված տեղեկացնում է՝ Ձեր երեխան վրաերթի է ենթարկվել։ Տագնապայնության բավարար աստիճան ապահովելուց հետո տուժողից անհապաղ գումար է պահանջվում՝ իբր հիվանդանոցի կամ ոստիկանության հետ հարցերը կարգավորելու համար։
16.5 միլիոն դրամ, 690 000 ռուբլի, 17 600 դոլար և 4 700 եվրո․ այսքան գումար են փոխանցել մեր հայրենակիցները խաբեբաներին 7 օրվա ընթացքում։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը պատմում է՝ ում և ինչի համար է փոխանցվել այս գումարը․
«Վերջին շրջանում մեր երկրում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել։ Հիմնականում քաղաքային հեռախոսահամարներին զանգում են անհայտ անձինք և հայտնում, որ տվյալ մարդու հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ վարերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել։ Նաև լինում է, որ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար են պահանջում որոշակի գումար»։
Զանգը հնչում է քաղաքային հեռախոսին․ հաշվարկված է, որ դրան ամենայն հավանականությամբ կպատասխանի տան ավագը։ Նա գուցե հասանելիություն չունենա սոցցանցերին, գուցե չիմանա խաբեության նման տեսակի մասին, և բնավ բացառված չէ, որ սթրեսային այդ ինֆորմացիան լսելու պահին էմոցիոնալ որոշումներ կայացնի։
Բայց խաբեության այս տեսակի ամենամեծ վտանգը ֆինանսական կորուստը չէ․ ի՞նչ կարող է տեղի ունենալ տարեց մարդու հետ՝ իբր կատարված դժբախտության մասին նման կերպ իմանալուց հետո։ Գարիկ Բարեղամյանը չարյաց փոքրագույնն է համարում այն, որ իր տատը զանգից հետո մի քանի օր սթրեսային իրավիճակում է եղել․
«Մեր տուն զանգ է եկել, հիմնականում տատիկը տանը մենակ է լինում, ես ու մաման աշխատանքի ենք լինում։ Երկու անգամ ինսուլտ տարած կին է, զանգահարել էին անհայտ համարից, մի աղջիկ ներկայացել է որպես իմ մամա, ռուսերեն ասել է՝ «մամ, ես ավտովթարի եմ ենթարկվել, ինձ արագ գումար ա պետք», տատիկն էլ՝ միամիտ կին, հասկացել է, որ մամայի ձայնը չի, բայց չի պատկերացրել, որ տենց բան կարող է լինի։ Ասում էին՝ վիրահատության համար, դատական գործ․․․ խառը բաներ են ասել տատիկին։ Իրենց սուտը արժնահավատ դարձնելու համար տղամարդ էլ է հեռախոսը վերցնում, տատիկին ասում է՝ հանգստացեք, ամեն ինչ նորմալ է, ուղղակի գումար է պետք։ Տատիկն ասել է՝ ինչքա՞ն գումար է պետք, ինքը ուղարկել էլ չէր կարա, պիտի գային վերցնեին։ Ասել են՝ 17 000 դոլար, տատին էլ միամիտ-միամիտ ասել է՝ իմ մոտ 5000 ռուբլի կա ընդամենը, ես էդ կարամ տամ»։
Ամեն դեպքում աղջկա անծանոթ ձայնը տատիկի մոտ կասկածներ է առաջացրել, խնդրել է ասել իր անուն-ազգանունը։ Այդ ինֆորմացիային չտիրապետող խաբեբաները արագ անջատել են հեռախոսը։
Սոցցանցերում օգտատերերի՝ այս թեմայով գրառումներն արդեն ֆլեշմոբի են վերածվել։ Հաճախ զանգահարողը նաև տիրապետում է որոշակի տվյալների և ավելի արժնահավատ է թվում տուժողի աչքին։
ՆԳՆ Ոստիկանությունից «Ռադիոլուրին» հայտնում են՝ օգոստոսի 5-11-ը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն 99 ահազանգ է ստացվել, որոնցից 14-ի դեպքում տուժողները հայտնել են ոստիկաններին, որ գումար են փոխանցել։ Պահանջվող գումարի չափը տարբեր է՝ 16 000, 20 000, 30 000 դոլար։
Գումարը փոխանցողները ունենում են գուցե չվերականգնվող ֆինանսական ու հոգեբանական վնաս, չփոխանցողները՝ միայն երկրորդը։ Գարիկ Բարեղամյանի՝ 2 անգամ ինսուլտ տարած տատիկն, օրինակ, աղջկա տուն վերադառնալուց հետո էլ դեռ երկար չի կարողացել հանգստանալ․
«Վերջում հասկացել է, որ մի բան կարա էն չլինի, իրանք հեռախոսն անջատել են։ Բայց տատին էդտեղ էլ չի հանգստացել։ Մաման թարսի պես էդ օրը ուշ է գործից տուն գալիս, պատուհանի մոտ նստելով խեղճ կինը սպասել է՝ մինչև մաման գա։ Ես գալիս եմ տուն, ուշ գիշեր է, ինքը հաջորդ օրը էլի հիշում է էդ դեպքը, բացատրում եմ, որ խարդախներ են, կարա սենց բան էլ լինի, բայց մի քանի օր տևեց, մինչև էդ էմոցիաները անցան»։
Նման իրավիճակները կանխելու համար ոստիկանությունը քաղաքացիներին առաջարկում է չթուլացնել զգոնությունը, ոչինչ՝ ոչ տվյալ, ոչ փող չտալ անծանոթներին։ Միևնույն ժամանակ հիշեցնում են՝ հիմնական թիրախը մեծահասակներն են, որոնք կարող են տեղեկատվության պակաս ունենալ։ Այս ընթացքում, ասում են, կարևոր է ընտանիքի բոլոր անդամներին տեղյակ պահել նման զանգի հավանականության մասին։