ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երիտասարդական տրամադրություն՝ շուտով նաև օրենքի ուժով

Այսօր երիտասարդության միջազգային օրն է: Այս առիթով երիտասարդական մայրաքաղաք Գավառում և հանրապետության 73 բնակավայրերում, ինչպես նաև Երևանում տրամադրությունը երիտասարդական է։ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործողության ծրագրի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարության կողմից մարզերում պետք է ստեղծվեն 25 երիտասարդական կենտրոններ: Երիտասարդական քաղաքականությանը շուտով կնպաստի նաև օրինագիծը, որով երիտասարդներն իրենց մայր օրենքը կունենան։ Արդեն օրենքով կկարգավորվի երիտասարդ ընտանիք հասկացությունը, երիտասարդ աշխատողն ու երիտասարդության ինդեքսը, նաև տարիքային նոր շեմ կսահմանվի։

Կարեն Մնացականյանն արդեն 14 տարի է՝ զբաղվում է ինտելեկտուալ խաղերով։ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների ավագը տարիներ շարունակ ներկայացրել է Հայաստանը աշխարհի տարբեր առաջնություններում։ Այսօր արդեն սեփական ինտելեկտուալ շարժումն ունի։ «Խելացիր»–ն արդեն 2 տարի է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում տասնյակ երիտասարդական միջոցառումներ և թեմատիկ նախագծեր է իրականացնում և, որ ամենակարևորն է՝ հայերեն։ Ի դեպ՝ Կարենի համար այսօր կրկնակի տոն է, բացի այն, որ այսօր Երիտասարդության միջազգային օրն է, նաև որպես այս տարվա երիտասարդական մայրաքաղաք ամենամյա մրցույթի արդյունքում ընտրվել է Գավառը։

«Ինքս լինելով արմատներով Գեղարքունիքի մարզից՝ մարտունեցի, սևանցի, մեր նախորդ երկու տարիների այս օրն անցել է Գավառում, ինտելեկտուալ մրցաշար ենք անցկացրել»։

Ըստ Կարենի՝ ակտիվ երիտասարդության նախադրյալներ կան ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Միակ խնդիրը թերևս կենտրոնների սակավությունն է, քանակի և կենտրոնացման պակասը։ Մինչ Կարենը երիտասարդների ակտիվության և ներգրավվածության հնարավորություններն է մատնանշում, կրթության գերատեսչությունը փորձում է նպաստել երիտասարդական քաղաքականությանը։ Կառավարության 2021-2026 թթ. գործողության ծրագրի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարության կողմից մարզերում պետք է ստեղծվեն 25 երիտասարդական կենտրոններ:

Եթե առայժմ երիտասարդական կենտրոններ են գործում 4 համայնքներում՝ Մեղրիում, Իջևանում, Ապարանում և Դիլիջանում, ապա ևս 4-ը՝ Արարատի, Ախուրյանի, Կապանի և Ծովագյուղի կենտրոնները շուտով կբացվեն։ Որպեսզի երիտասարդներն ավելի ակտիվ ներգրավվեն տարբեր հասարակական նախաձեռնություններում, նաև իրենք դառնան նախաձեռնող, կառավարությունը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել։ Երիտասարդներն իրենց մայր օրենքը կունենան։ Այն ոչ միայն կսահմանի երիտասարդական կազմակերպությունը, երիտասաարդ ընտանիքը, երիտասարդ աշխատողն ու երիտասարդության ինդեքսը, այլև տարիքային նոր շեմ կսահմանի։ Եթե մինչև հիմա երիտասարդ էին համարվում 16-30 տարեկան քաղաքացիները, ապա «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ներքևի շեմը իջեցնել՝ դարձնելով 13 տարեկան, վերին շեմը՝ 35։ Նախագծի հեղինակները հիմք են ընդունել եվրոպական լավագույն փորձը և Հայաստանի դեմոգրաֆիկ միտումները, «Ռադիոլորի» հետ զրույցում ասում է ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։

«Հիմք ենք ընդունել այն, որ երիտասարդների մասնագիտական կողմնորոշումը բացի սոցիալ–տարիքային առանձնահատկություններից, նաև իրենց մասնագիտական կողմնորոշումը լինում է հենց այդ տարիքում։ Մյուս կողմից վերին շեմը բարձրացվել է, հաշվի առնելով, որ որպես ծերացող հասարակություն՝ շատ կարևոր որոշումներ, բնակարանի գնում, ամուսնություն, աշխատանքի ընդունումը ավելի ուշ փուլում են ընդունվում, ուստի հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները, կարծում ենք՝ 35-ը ճիշտ որոշում է»։

 Տարիքային նոր շեմը նաև Կարեն Մնացականյանի սրտով է։ Ամենաակտիվ տարիքը հենց 13-ից է սկսվում։

«Հենց 13 տարեկանից սկսած է լավագույն տարիքը երիտասարդի համար՝ զբաղվելու ակտիվությամբ և ինքնազարգացումով։ Բազմաթիվ ոլորտներ կան, որ կարող են երիտասարդները 13,14,15 տարեկանից սկսած բացահայտել իրենց շուրջ, լցվել»։

Ո՞վ է երիտասարդը, ո՞րն է երիտասարդ ընտանիքը, երիտասարդական աշխատողն ու երիտասարդական կենտրոնը։ Նախագծով ոչ միայն այս հասկացություններն են սահմանվում, այլև նորերն են ի հայտ գալիս, նկատում է փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։ Նախագծով սահմանվել է նաև երիտասարդական միջավայրը, որտեղ, ըստ փոխնախարարի, փորձ է արվել տարբերակված մոտեցում ցուցաբերել՝ երիտասարդական կենտրոն, համայնքային երիտասարդական կենտրոն և երիտասարդական տարածք: Մեր իրականության մեջ նորություն է նաև երիտասարդական ինդեքսը, որն այդ քաղաքականության ազդեցությունը գնահատելու համապարփակ գործիքն է լինելու։ Այլ կերպ ասած՝ օրենքի ընդունումով հստակեցվելու են խաղի կանոնները։

Back to top button