
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Մեծ եղեռնի 100- րդ տարելիցին ընդառաջ թուրքական իշխանությունները ակտիվացնում են իրենց ջանքերը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արշավի կասեցման շուրջ: Այս համատեքստում հայ-թուրքական այդպես էլ մինչ օրս չկարգավորված հարաբերություններին անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Եռամսյակը մեկ հրատարակվող «Թրքիշ փոլիսի» ամսագրում հրապարակված «Թուրք-հայկական հարաբերություններ. «արդար հիշողությունը» հնարավո՞ր է» վերնագրով բարձրաստիճան դիվանագետի հոդվածին այսօր կայացած մամուլի ասուլիսին անդրադարձել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Իրականում թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ոչ մի նոր բան չի հայտնել «Թրքիշ փոլիսի» ամսագրի ընթերցողներին: Առկա է պատմության խեղաթյուրման և փաստերի աղավաղման հերթական փորձ, նկատեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, մատնանշելով Ահմեդ Դավութօղլուի մոտեցումները մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում կատարված ցեղասպանության շուրջ՝ հայերի և թուրքերի կրած իբր հավասար զրկանքների շուրջ։
Թուրքիայի արտգործնախարարի մոտեցումները արտացոլում են գործող վարչապետ Էրդողանի ապրիլի 23-ի հայերին ուղղված ուղերձի դրույթները: Ըստ Մանոյանի՝ անթույլատրելի է հայ- թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել ղարաբաղյան խնդրի լուծմամբ: Այս դիրքորոշմանը բացի թուրքական իշխանություններից արդեն հարում են ամերիկյան և եվրոպական որոշ շրջանակներ։
Օգոստոսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում վարչապետ Ռեջեփ Էրդողանի ակնկալվող հաղթանակը որևէ ձևով ի զորու չէ ազդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա։ Այնուամենայնիվ՝ Կիրո Մանոյանը չբացառեց, որ Էրդողանն արդեն որպես Թուրքիայի նախագահ ընդունի Հայաստանի նախագահի հրավերը և մասնակցի Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին հաջորդ տարի ապրիլին։
Ըստ դաշնակցական գործչի՝ թուրք առաջնորդը Երևանում կարող է ոգեկոչել Առաջին աշխարհամարտի բոլոր զոհերի հիշատակը, սակայն Հայոց ցեղասպանությունը հաստատ չի ճանաչի։




