Կուրսկում տեղի ունեցածը բանակցային կարևոր խաղաքարտ է․ քաղաքագետը` ռուս-ուկրաինական հերթական սրացման մասին
Ռուս-ուկրաինական ճակատում կրկին լարված է, ռուսական Կուրսկի մարզում մարտեր են, հակամարտող կողմերի աղբյուրները փոխադարձ մեղադրանքների հետ նաև տարաբնույթ տեղեկատվություն են փոխանցում ռազմաճակատում գրանցած հաջողությունների ու կորուստների մասին։
Ռուս-ուկրաինական արդեն 2.5 տարի շարունակվող պատերազմի հերթական սրացումը գրանցվեց օգոստոսի 6-ին, երբ ուկրաինական ուժերը հարձակվեցին ռուսական Կուրսկի մարզի վրա։ Պուտինը սա հերթական լայնամաշտաբ սադրանք է անվանում, Զելենսկին՝ պատասխան քայլ։ Այս ամենի հետ քաղաքագետը «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում է՝ Կուրսկը ռուս-ուկրաինական հնարավոր բանակցություններում կարևոր խաղաթուղթ կլինի։
Արտակարգ դրություն, տասնյակ նոր գերիներ ու հազարավոր տեղահանվածներ․ ռուս-ուկրաինական ճակատում՝ Կուրսկի մարզում 4-րդ օրն է մարտերը չեն դադարում։ Ռազմական հաջողությունների ու կորուստների մասին հստակ տեղեկատվություն չկա, հակամարտող կողմերի աղբյուրները տարբեր փաստեր են մեջբերում։ Սա նաև պատերազմի նոր շրջափուլ է՝ կարծում է քաղաքագետ Հակոբ Բադալյանն ու հիշեցնում՝ մինչ այդ վերջին 1-2 ամիսներին կողմերն ավելի հակված էին խաղաղ կարգավորման, և նույնիսկ ուկրաինական կողմն էր խոսում ռուսական կողմի հետ բանակցությունների մասին։
«Եվ այս իրավիճակի՝ դեպի սառեցում տանող այս տրամադրությունների նկատելի գերակայության ֆոնին, հանկարծ տեղի ունեցավ Կուրսկի բեկումը, եթե կարող ենք այդպես անվանել։ Ես այնուհանդերձ մտածում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ Կուրսկում, օպերատիվ նշանակության իրադարձություն է, այսինքն՝ ինչ որ եղանակ փոխում է, բայց իմ գնագհատմամբ երկարատև ռեսուրս չունի ու ենթակա է լինելու հենց այն տրամադրություններին, որոնք վերաբերում են ինչ որ կերպ պատերազմի դադարին հասնելուն»։
Կուրսկի իրադարձությունները ուկրաինական կողմի համար հետագա բանակցություններում կարող են խաղաթուղթ լինել՝ կարծում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։ Հիմա պետք է սպասել ռուսական պատասխանին։
«Ռուսները երկու ընտրության տարբերակ ունեն․ կամ ընդունել, որ դա Ուկրաինայի ձեռքին բանակցային խաղաքարտ է և գնալ դեպի բանակցային տրամադրություններ, կամ դնել խնդիր ամեն գնով վերցնել այդ խաղաքարտը Ուկրաինայի ձեռքից, այսինքն՝ ջախջախել այդ խմբավորումը, հետ վերցնել տարածքները, ուկրաինացիներին քշել իրենց սահման։ Բայց, դատելով մինչև հիմա եղած մարտական գործողություններից, ռուսների համար, իհարկե, շատ ծանր գին կարժենա։ Թե որը կընտրի Մոսկվան, դարձյալ շատ բարդ է ասել»,-կարծում է Բադալյանը։
Ռազմական գործողություններին զուգահեռ երկու երկրների առաջնորդները հառակա բանավեճ են վարում ու փոխադարձ մեղադրանքներ հնչեցնում։ Մարտերի 2-րդ օրը Վլադիմիր Պուտինը Կուրսկի վրա հարձակումը լայնածավալ սադրանք էր անվանել:
«Ինչպես հայտնի է, Կիևը հերթական լայնածավալ սադրանքն է նախաձեռնել։ Ուկրաինան տարբեր տեսակի զենքերով, այդ թվում հրթիռներով, անկանոն կրակ է վարում, թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ ու շտապ օգնության մեքենաներ»,-ասել էր Պուտինը։
Վլադիմիր Զելենսկիի արձագանքը չուշացավ․ Ուկրաինայի նախագահն ընդգծել էր․ «Ռուսաստանը պատերազմ է բերել իմ երկրին և պետք է զգա իր արածը»։
Ռուսական Կուրսկի մարզում արտակարգ իրավիճակի դաշնային ռեժիմ է հայտարարվել։ Մարզում շարունակվող մարտերի 2-րդ օրը Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հաշվի առնելով այն իրավիճակը, որը ստեղծվել է Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով, Տարածաշրջանում սահմանվել է արձագանքման դաշնային մակարդակ։ Ռեժիմը թույլ կտա ներգրավել ուժեր ու ռեսուրսներ ամբողջ Ռուսաստանից։
Քաղաքագետը նկատում է՝ չնայած այս ամենին, մինչև վերջին սրացումը ուժերի նժարը Ռուսաստանի կողմում էր։
«Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի համար ռազմաճակատում բավականին ծանր ուղղություններ կան, և նույնիսկ այս առումով կա գնահատական, որ ուկրաինական կողմին պարզապես պետք էր ինչ-որ մի ուղղությամբ ինչ-որ բեկում անել առնվազն տեղեկատվական մակարդակում ժամանակ շահելու հնարվորություններ ունենալու համար։ Մինչ այս, նույնիսկ ուկրաինացիներն էին խոստովանում, որ բավական ծանր իրավիճակ է ռազմաճակատում»։
Ռուս-ուկրաինական պատերազմի 3-րդ տարին կբոլորի ռազմական գործողությունների պայմաններում՝ կարծում է քաղաքագետը։ Առայժմ ծանրակշիռ հանգամանքներ չկան խաղաղությունը կամ գոնե տևական հրադադարը հնարավոր համարելու համար, բացի այդ, պատերազմի ելքը, Հակոբ Բադալյանը նաև նոյեմբերին ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունների հետ է կապում։