ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Սննդի անվտանգության խնդիրներն էսթետիկ միջամտությամբ չեն լուծվի. սննդագետ

ՍԱՏՄ տեսուչներն այսուհետ ստուգումների կգան պլանշետներով։ Շրջայցի ընթացքում արված լուսանկարներն ու այլ փաստերը կլինեն մեկ համակարգում: Սա հնարավորություն կտա ձեռքի տակ առցանց ունենալու ամբողջ ինֆորմացիան՝ հայտնաբերված խախտումից մինչև դրա վերացումը: Այս համակարգով օգոստոսին մեկնարկած ստուգումների արդյունքներն առաջիկայում նաև հանրային լսարանին կներկայացվեն։ Մինչ այդ՝ «Ռադիոլուրը» լսել է մասնագիտական դիտարկումներ և, որքան էլ տեսչական մարմնում մեծ սպասելիք ունեն նոր համակարգի կիրառումից, սննդի փորձագետն ընդգծել է. երբ չկա ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանություն, պլանշետների օգտագործումով անվտանգային խնդիրները չեն վերանա։

ՍԱՏՄ-ն անցել է ստուգումների իրականացման նոր համակարգի։ Թուղթ ու գրիչի փոխարեն տեսուչներն այսուհետ տնտեսվարողների մոտ ուսումնասիրությունների կգնան պլանշետներով։ Էլեկտրոնային ստուգման միջոցով ոչ միայն թերություններն ու խախտումներն են  հայտնաբերում, այլև նորմերին համապատասխանությունը հիմնավորող փաստերն են ներմուծում։ Ըստ այդմ՝ տնտեսվարողի որևէ բացթողում ոչ միայն տեսուչների աչքից չի վրիպի, այլև վայրկյանների ընթացքում էլեկտրոնային համակարգում կարձանագրվի։ Ստուգաթերթերի հարցերը հստակ են, ուստի պատասխաններն էլ պետք է լուսանկարներով ապացուցվեն, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանրային իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

«Այսինքն՝ պատկերը ցանկացած սննդի շղթայով օբյեկտիվ տեսնում ենք՝ և՛ արտադրությունում, և՛ հանրային սննդի կետերում, և՛ իրացման ցանցերում։ Այսինքն՝ մարդկային գործոնը դուրս է գալիս, և կոնկրետ փաստերով կարելի է ֆիքսել խնդիր կա, թե՝ ոչ»։

Սննդագետ Դավիթ Պիպոյանը, իհարկե, նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը դեմ չէ, բայց երբ չկա ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանություն, պլանշետների օգտագործումով անվտանգային խնդիրները չեն վերանա, կարծում է։

«Անկախ այն բանից՝ պլանշետով կանեն, ipad-ով, թե համակարգչով, երբ չկա երկրում ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանություն, ճիշտն ասած, պլանշետը հարցը չի լուծում, որովհետև հստակ գրված է, որ Հայաստանում ստուգումները պետք է լինեն գնահատված ռիսկերի հիման վրա, որը նշանակված լինի կառավարության կողմից։ Իսկ այդ մարմինը չկա։ Հետևաբար, դա  նույնիսկ քննարկման ենթակա չէ, քանի որ ամեն օր իրենք աշխատում են օրենքի խախտմամբ»։

Փաստաթղթերի ստուգումն ու սանիտարահիգիենիկ պայմաններн, անշուշտ կարևոր են, բայց ավելի առաջնային հարցեր կան, որոնք շատ ավելի հրատապ լուծում են պահանջում, ասում է սննդագետը և իրավիճակը համեմատությամբ բնորոշում։

«Ավելի գեղեցիկ համեմատություն չեմ կարող անել։ Հիվանդն ունի քաղցկեղ, և դրա պատճառով կնճիռներ են առաջացել։ Դուք տանում եք ուռուցքաբանի մոտ, թե՞ էսթետիկ բժիշկի։ Բնականաբար առաջինը պետք է ուռուցքաբանի մոտ տանել։ Այդ մարդիկ սննդի անվտանգության, հանրային առողջության խնդիրները թողած էսթետիկ բժշկության հետևից են ընկել։ Բայց, քանի որ չկա ռիսկի գնահատում, իրենք ինչ ուզում՝ անում են»։

ՍԱՏՄ ներկայացուցիչը հակադարձում է. արտադրությունից մինչև իրացում սննդի ամբողջական շղթան իրենց խոշորացույցի տակ է, խախտումները հիմնականում մակնշմանն են վերաբերում և սանիտարահիգիենիկ պայմաններին։ Բացի պլանային ստուգումներից նաև բողոքների և ահազանգերի վրա հիմնված ոչ պլանային ստուգումներ են իրականացնում։ Այս սեզոնին բնորոշ խախտումներից են նաև պահման պայմանները։ Փորձը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում փոքր խանութներում են պատահում, մեծ սուպերմարկետներում սովորաբար նման խնդիրներ չեն առաջանում։

Back to top button