Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ստվերը` հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում
Ադրբեջանում այսօրվանից մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Հայ փորձագետները նկատում են, որ արտահերթ ընտրությունների գնալու Բաքվի որոշումը հետաքրքրական էր նրանով, որ դա տեղի է ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին: Ի՞նչ խնդիր է փորձում լուծել, ներքի՞ն, թե՞ արտաքին պատճառներն են որոշման հիմքում։ Փորձագետներն առայժմ հարցերին միանշանակ պատասխաններ չունեն:
Թեպետ Ադրբեջանի խորհրդարանի հերթական ընտրությունները նախատեսված էին այս տարվա նոյեմբերին, իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության վարչությունը հունիսի 20-ի նիստում միաձայն որոշում ընդունեց՝ դիմել Ադրբեջանի նախագահին խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով։ Պատճառաբանությունն այն էր, որ նոյեմբերին Բաքուն հյուրընկալում է СОР29 միջազգային համաժողովը, և այդ իսկ պատճառով նպատակահարմար է ընտրությունների օրը տեղափոխելը։
Ուշագրավ է, որ Ադրբեջանում վերջին երկու նախագահական ընտրություններն անցկացվել են արտահերթ: Առաջին անգամ այս քայլին դիմեցին 2018-ին, իսկ վերջերս՝ նախատեսված ժամկետից մի քանի ամիս շուտ. փետրվարյան արտահերթ նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևը ստացավ ձայների ավելի քան 92 տոկոսը:
Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը նկատում է. «Ադրբեջանում ամեն ինչը շաղկապված է մեկ անձի ու նրա կլանի շուրջ՝ ի տարբերություն մեր ժողովրդավարական հանրապետության։ Մեզ մոտ կարող են փոխվել իշխանությունները, իսկ Ադրբեջանում դա բոլորովին այլ է»։
Մասնագետները միակարծիք են, որ Ալիևը հակված է արտահերթ ընտրություններ անցկացնել որոշակի կրկնվող սցենարներով: Սակայն նրանք դժվարանում են միանշանակ բացատրել այս քայլերի հիմնական դրդապատճառները:
Քաղաքագետ Էդգար Վարդանյան. «Կարող ենք ենթադրել, որ սա կապված էր վերջին իրադարձությունների, վերջին զարգացումների հետ։ Այսինքն, եթե չլինեին այն գործընթացները, որոնք տեղի են ունենում վերջին շրջանում՝ կապված բանակցային գործընթացի հետ, կապված, ընդհանուր առմամբ, աշխարհաքաղաքական իրավիճակի հետ, վերադասավորումների հետ, հավանաբար նաև պահանջ չէր լինի շուտ իրականացնել այդ ընտրությունները»։
Որոշ վերլուծաբանների կարծիքով, պատճառները կարող են լինել թե՛ ներքին, թե՛ արտաքին: Նրանք չեն բացառում նաև Հայաստանի հետ կապված գործոնների ազդեցությունը:
Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյան. «Ադրբեջանի կողմից այս քայլը, կարծում եմ, մատնանշում է, որ նրանք քաջ գիտակցում են, որ այլևս այն թեզերը, որոնցով նրանք հանդես են եկել միջազգային հանրության մոտ և հաջողել են, դրանք այլևս չեն գործում։ Այսինքն, նրանք հասկանում են, որ նոր փաթեթավորման կարիք ունեն, և սա նաև կարող են համեմել ներքաղաքական որոշակի գործընթացների հետ»։
Այս ընտրությունները մեզ համար ուշագրավ են, մասնավորապես, այն տեսանկյունից, թե ի՞նչ դիրքորոշումներ են ներկայացվում Հայաստանի նկատմամբ և այս փուլում ի՞նչ ուղերձներ են հնչում խաղաղության գործընթացի վերաբերյալ։
Նկատենք, որ ադրբեջանական ընդդիմադիր ուժերը, որ վերջին տարիներին պարբերաբար բոյկոտել են համապետական ընտրությունները, պնդում են, որ իշխանությունն արտահերթի գնալով մրցակիցներին զրկում է պատրաստվելու հնարավորությունից՝ չեզոքացնելով պոտենցիալ հակառակորդներին: Փորձագիտական շրջանակները նկատում են, որ այդ երկրում Ալիևին չենթարկվող կամ նրան հակառակվող ընդդիմություն պարզապես անհնար է պատկերացնել։
Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի խոսքով՝ այդ իսկ պատճառով որևէ կառուցողական լուծում անհնար է սպասել ադրբեջանական այս արտահերթ ընտրություններից, այդ թվում՝ ո՛չ միայն այդ երկրի ներքին քաղաքական դաշտի ձևավորման առումով, այլ նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացումների համատեքստում։ Նրա կարծիքով՝ ամեն անգամ արտահերթ ընտրությունների դիմելով, Ալիևը նախևառաջ փորձում է ամրագրել Արցախի բռնակցումը Ադրբեջանին, ապա՝ լեգիտիմացնել Հայաստանի նկատմամբ ունեցած նկրտումները։
«Հիմա իրենք նորանոր պահանջներ են առաջադրում։ Հիմա ասում են՝ պետք է «վերադառնան Զանգեզուր, «Արևմտյան Ադրբեջան» և այլն։ Ինչքան մենք կառուցողական ենք, այդքան նրանք փորձում են առաջ քաշել նորանոր պայմաններ։ Ինքն ուզում է լեգիտիմության տպավորություն ստեղծել, որ Ադրբեջանի բազմազգ ժողովուրդն այդ ֆաշիստական, նացիզտական ռեժիմի կողքին է կանգնած։ Ժողովրդական ճանապարհով՝ ընդամենը սա։ Դա, անշուշտ ձևականություն է, բայց դա է նրանց հիմնական նպատակը»։
Այսինքն, ըստ ադրբեջանագետի, նաև այդ պահանջներին որոշակիորեն լեգիտիմություն հաղորդելու փորձ է արվում արտահերթ խորհրդարանական ընտրություններով։ Հետևաբար, Այվազյանը չի բացառում, որ քարոզարշավի ընթացքում էլ հենց այդ թեմաները կարող են տեղ գտնել արտահերթ ընտրությունների մասնակիցների խոսույթում, քանի որ, հասկանալիորեն այդ երկրում Ալիևի տեսակետից դուրս այլ տեսակետների շրջանառում դժվար է պատկերացնել, եթե չասենք, որ դա պարզապես անհնարին է։
Դա անկախ այն հանգամանքից, որ այդ երկրի ԿԸՀ-ի տվյալներով, ընտրություններին մասնակցելու համար 1030 պատգամավորի թեկնածու է գրանցվել։ Հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները՝ կարելի է ակնկալել, որ այս ընտրությունները կարող են գտնվել միջազգային հանրության խիստ ուշադրության կենտրոնում։ Գրիգորի Այվազյանի համոզմամբ, սակայն, այդ առումով միջազգային հանրությունը ալիևյան խոսույթի նկատմամբ կշարունակի մնալ խուլ ու համր, ինչպես միշտ:
«Մենք բոլորս տեսել ենք Իլհամ Ալիևի խոսույթն այդ հարցում։ Քանի որ Իլհամ Ալիևն է թելադրում օրակարգը, իսկ հիմա Ադրբեջանում օրակարգը, ցավոք սրտի, դա չակերտավոր «Արևմտյան Ադրբեջան»-ի օրակարգն է, որը ոչ մի պատմական և այլ հիմք չունի, ապա և՝ քարոզչության մեխը կլինի հենց դա»։
Ադրբեջանում ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 1-ին։ Քարոզարշավն, օրենքի պահանջով, կավարտվի օգոստոսի 31-ին ժամը 8-ին՝ քվեարկությունից 24 ժամ առաջ։
Այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը հայտնել է, որ շուրջ 5 հազար 509 վայր է հատկացվել՝ քարոզարշավն անցկացնելու համար։
Նրա փոխանցմամբ՝ դրանք փակ ու բաց տարածներ են, որոնք գտնվում են նաև Նախիջևանում։